Մոսկվան պաշտոնապես հաստատել է, որ A321 ինքնաթիռը պայթեցվել է

inqnatir

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը խոստացել է 50 միլիոն դոլար վճարել տեղեկատվության համար, որը թույլ կտա պարզել ռուսական Ա321 օդանավի աղետը կազմակերպած ահաբեկիչներին: 

Գործակալությունը հղում է անում ՌԴ ԱԴԾ հայտարարությանը, որով այդ կառույցը դիմել է ռուսաստանյան եւ միջազգային հանրություններին, խոստանալով 50 միլիոն դոլար վճարել այն տեղեկատվության համար, որը կօգնի հայտնաբերել ահաբեկիչներին:

Սինայի թերակղզում A321 ինքնաթիռի թռիչքի ժամանակ պայթուցիկ սարք է գործի դրվել, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովն այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:
Բորտնիկովի և Պուտինի զրույցի մանրամասներին կարելի է ծանոթանալ Կրեմլի պաշտոնական կայքում: «Կարելի է միանշանակ պնդել, որ սա ահաբեկչական գործողություն է»,- ասել է Բորտնիկովը:

Նրա խոսքով, ինքնաշեն պայթուցիկ սարքի հզորությունը հավասար էր 1.5 կգ տրոտիլի պայթյունի ուժգնությանը: Ինքնաթիռի մասերի վրա հայտնաբերվել են արտասահմանյան արտադրության պայթուցիկ նյութերի հետքեր:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է գտնել ու պատժել ռուսական Ա321 օդանավի աղետի մեղավորներին, մոլորակի որ կետում էլ նրանք գտնվեն: «Մենք նրանց փնտրելու ենք ամենուր, որտեղ էլ որ չփորձեն թաքնվել: Մենք նրանց կգտնենք ցանկացած կետում եւ կպատժենք», հայտարարել է Պուտինը անվտանգության խորհրդի նիստում:

Ավելի վաղ Ինտերֆաքսը ասել էր, որ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Բորտնիկովը հայտարարել է, որ ամենայն հավանականությամբ օդանավն աղետի է ենթարկվել ահաբեկության հետեւանքով:

Ռուսական Կոգալիմավիա ավիաընկերության օդանավը աղետի էր ենթակվել Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ հանգստավայրից Սանկտ-Պետերբուրգ չվերթի ժամանակ: Աղետի զոհ է դարձել 224 մարդ, այդ թվում մոտ 2 տասնյակ երեխա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Շարմ էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ ուղևորվող ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է 224 մարդ:

Spread the love