Նոր Սահմանադրությամբ պաշտպանության կազմակերպումը հստակ է լինելու

- in Կարծիք

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ սահմանադրական փոփոխություններին և այն հրապարակումներին, թե այս փոփոխություններով հօդս ցնդեցին իր նախագահ դառնալու հույսերը:

ՊՆ նախարարն ասաց, որ քաղաքական գործընթացներն այնպիսի զարգացում են այսօր ապրում, որ մեր երկիրը, հայ ժողովուրդը պետք է պատրաստ լինեն ցանկացած զարգացման. «Հիմա մենք ընտրել ենք այն ճանապարհը, որ սահմանադրական փոփոխություններ են տեղի ունենալու, և սահմանադրական փոփոխությունների շրջանակներում մենք այսօր պատասխանատվություն ենք կրում պաշտպանական համակարգի փոփոխությունների համար: Սահմանադրական փոփոխություններով զինված ուժերի համակարգը, անկախ անձերից, քաղաքական վերադասավորումներից, երշխավորելու է մեզանից յուրաքաչյուրի, նաև երկրի պաշտպանունակության համապատասխան մակարդակ»:

Ըստ ՊՆ նախարարի, նոր Սահմանադրությամբ պաշտպանության կազմակերպումը հստակ է լինելու, ամեն ինչ արվում է, որ որ այդ համակարգը ձևավորվի:

Լրագրողների այն հարցին, թե հնարավոր է, որ դեկտեմբերի մեկին հայտարարված անհնազանդության դեպքում բանակը դարձյալ հանվի ժողովրդի դեմ, ինչպես մարտի մեկին եղավ, նախարարը պատասխանեց, որ մեր Սահմանադրության մեջ նշված է, որ քաղաքական իրադարձությունների ժամանակ զինված ուժերը պետք է ապահովեն քաղաքական չեզոքություն. «Զինված ուժերի կիրառման համար, այն խնդիրը, որը դրված է զինված ուժերի դիմաց՝ պաշտպանության խնդիրը, համապատասխան որոշումների արդյունքում է տեղի ունենում: Այդ որոշումն ընդունում են զինված ուժերի ռազմաքաղաքական ղեկավարությունը, նաև մեր օրենսդիր մարմինների հետ միասին»:

Հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակն այսօր, ինչպես միշտ, վերահսկելի է, իսկ լարվածությունը վերջին ժամանակահատվածում նվազել է: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով՝ խոշոր չափի զինատեսակներից, հատկապես ականանետերից կրակոցները շատ քիչ են, օրական հինգից տասը նման կրակոց է լինում. «Հայկական զինուժը, հատկապես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում Պաշտպանության բանակը վերահսկում է իրավիճակը: Կարող ենք ասել մեր ժողովրդին, որ իրավիճակը համեմատաբար խաղաղ է: Կարծում եմ, որ այն կարելի է կապել տարբեր իրավիճակների հետ, հատկապես մեր հարևանների ներքին խնդիրների, ընտրությունների հետ: Խիստ վերահսկում ենք, վերլուծություններ ենք կատարում, և մեր զինուժը, հատկապես Պաշտպանության բանակը, պատրաստ են ցանկացած զարգացումների»:

Սեյրան Օհանյանն անդրադարձավ նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, որը նախատեսվում է, որ մինչև տարեվերջ կկայանա: Նախարարի խոսքով՝ փորձը ցույց է տվել, որ նման իրավիճակներում մեծամասամբ լարվածություն է տիրել. «Այս անգամ էլ մենք համապատասխան գնահատում կիրականացնենք: Առաջին գծում կատարվող մարտական հերթապահության հիմնական խնդիրները հենց ուղղված են նրան, որպեսզի ցանկացած իրավիճակում գնահատման արդյունքում մենք պատշաճ կարգով որոշումներ ընդունենք»:

Լրագրողները նաև հարցրեցին սահմանում ԵԱՀԿ դիտարկման ժամանակ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին՝ նկատելով, որ դիտարկողները հասցեական մեղադրանք չհնչեցրեցին: Սեյրան Օհանյանն ասաց, որ այս տարիների ընթացքում Մինսկի խմբի համանախագահների կատարած աշխատանքը բերում է նրան, որ այսպես ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակը, հարաբերական զինադադարի պահպանման պայմանները պահպանվում են. «Բայց իրավիճակները փոխվում են, հիմա մեր ցանկությունն այն է, որպեսզի գնահատականները, հարցադրումները թիրախային լինեն այն կողմի համար, որը խախտում է: Կարծում եմ, որ եկել է ժամանակը, որ մենք լիարժեք միջազգային հետաքննական պայմաններ ապահովենք, որը կարող է լիարժեք գնահատական տալ, թե խախտումները որ կողմից են: Հայկական կողմի կարծիքն այն է, որ պետք է գնահատական տալ ու պետք է թիրախավորել այն կողմին, որը խախտում է արել»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20