Ոգևորված դաշնակցությունը «խառնել է սաղ»

- in Մամուլ
HYD Serzh

«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը, որը իշխանությունների հետ համակարծիք է և դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում հանդես է գալիս «այո»-ի դիրքերից, առաջին և առայժմ միակ քաղաքական ուժն է, որը վերջապես օգտվեց Երևանի քաղաքապետարանի կողմից հատկացված անվճար քարոզչական գրատախտակներից։

Հիշեցնենք, որ քարոզարշավի առաջին իսկ օրերից Երևանի փողոցներում վարչական շրջանների աշխատակազմերը փակցրեցին սահմանադրական հանրաքվեի նախընտրական քարոզչության համար առանձնացված անվճար գրատախտակները։

Սա նախատեսված է «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքով։ Գրատախտակները փակցնելու օրվանից մոտ մեկ ամիս անց Դաշնակցությունը, առաջինը մյուսներից, փակցրել է իր նախընտրական պաստառները առյուծի և արծվի նկարներով, ինչպես Հայաստանի զինանշանն է, որի վրա գրված է. «Նոր Սահմանադրություն, նոր սկիզբ։ Վճռական այո»։

Դաշնակցությունը, ոգևորված նոր Սահմանադրություն ունենալու հեռանկարներով, կարծես թե, «խառնել է սաղ»։ ՀՅԴ-ն անվճար գրատախտակների ամբողջ մակերեսն է օգտագործում՝ հաշվի չառնելով ընդդիմախոս քաղաքական ուժերի շահերը։ «Հանրաքվեի մասին» օրենքի Հոդված 20-ի ութերորդ ենթակետում նշված է, որ գրատախտակներն ունենում են երկու հավասար մակերեսներ «ԱՅՈ» և «ՈՉ» քարոզչության համար։ Դաշնակցությունը օգտագործել է երկուսը միաժամանակ։ Օրենքի համաձայն Երևանի քաղաքապետը պետք է վերահսկի, որպեսզի Սահմանադրության նախագծին կողմ և դեմ թևերը գրատախտակների վրա իրենց քարոզչությունն իրականացնեն հավասար չափով:

«Հայկական ժամանակ» թերթ

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20