Չարենցյան գաղտնագրեր

- in Մշակույթ
charents

Գրականագիտությունը միշտ (և ոչ առանց հիմքի) արժևորել է այս կամ այն ստեղծագործության գրության շարժառիթները, նախապատմությունն ու ազդակները՝ դիտարկելով դրանք ոչ միայն որպես տվյալ հեղինակի կենսագրության, այլև գրականության պատմության էական դրվագի արծարծում ու վավերագիր:

Եվ որքան էլ մենք պնդենք, թե գեղարվեստական ստեղծագործությունն ի վերջո երևակայության, կենսափորձի ու նախատիպերի մի յուրօրինակ համադրություն է, բոլոր դեպքերում սխալ կլինի դա որակել որպես ընդհանրականը մասնավորեցնելու պարզունակ քայլ: Ասվածի կարևորագույն փաստարկներից մեկն էլ թերևս այն է, որ որոշ գործեր կրում են հեղինակային «լրացուցիչ» նշումներ: Այդ «ծանուցումներն» ու գաղտնագրերը մեկ անգամ ևս ապացուցում են, որ հիշյալ մանրամասները կարևորված են հենց գրողի կողմից:

Եղիշե Չարենցին անվիճելիորեն կարելի է դասել այն գրողների շարքին, որոնք առավելագույն թվով գաղտնագրեր ու ծածկագրեր են կցել իրենց ստեղծագործություններին: Զանազան աքրոստիկոսներից, նմանաձայնություններից, թափանցիկ ակնարկներից և անուղղակի հասցեագրումներից զատ նրա բանաստեղծություններից շատերը ուղեկցվում են առանձին անվանատառերով, բովանդակային զուգորդումներով և հակիրճ, մշուշոտ ծանոթագրություններով: Այս կարգի մակագրություններով հարուստ են հատկապես Չարենցի գրչին պատկանող էպիգրամներն ու դիֆերամբները: Մեծամասամբ հաջողվել է գաղտնազերծել թե դրանց հասցեատերերի անունները և թե գրության շարժառիթները: Բայց և այնպես, քիչ չեն այն բանաստեղծությունները, որոնք դեռ շարունակում են կրել իրենց վերապահված գաղտնիքը:

Դիտարկենք դրանցից մի քանիսը: Էպիգրամներից մեկը, որ «Դագաղաճառ» վերնագիրն ունի, ուղղված է ոմն Հ. Հ.-ին :

Ահա այդ բանաստեղծությունը.

Դագաղաճառ
(Հ. Հ.)
Այս հարգելի ընկերը
Իր անահ նախահորից
Անունից բացի ժառանգել էր
Եվ մի հավատ խորին,
Թե բավ է ունենալ մի ոսկոր,
Որպեսզի խորտակես Բելին…
. . . . . . . . . . . . .
Մեծարում եմ ահա քեզ խոսքով,
Ով ողորմելի:-
1928

Ե. Չարենցի «Անտիպ և չհավաքված երկերի» ծանոթագրությունների բաժնում Անահիտ Չարենցը գրել է. «Չհաջողվեց պարզել՝ ով է Հ.Հ.-ն»: Միաժամանակ ժողովածուն կազմողը տեղեկացնում է. «Հետագայում Չարենցը ավելացրել է հետևյալ ծանոթությունը. « N-ի քարտուղարության առթիվ հարյուր հիսուն միլիոն բնակիչ և այս հսկա բանակից ուր է մարդը կըրակ բացի այս հանճարեղ վարպետին- 1933- Ով ողորմելի»:

Վերնագիրը, անձի մասին անցյալ ժամանակով խոսելը կարող էր մղել այն ենթադրության, թե վերջինս իսկապես վախճանվել էր և այդ չափածո խոսքը մի յուրօրինակ դամբանական էր: Սակայն տեսնենք՝ արդյո՞ք դա այդպես է:

«Անահ նախահոր» մասին ակնարկը պիտի նշանակի, որ էպիգրամի հերոսի անունը Հայկ է: Դա է հուշում նաև Բելի անվան հիշատակումը: Այս հանգամանքը, գրության տարեթիվը, ինչպես նաև լրացուցիչ բացատրության մեջ «քարտուղարություն» ու «բանակ» բառերի ներկայությունը հանգեցնում են միանգամայն այլ ենթադրության:

Վստահաբար կարելի է ասել, որ էպիգրամի «հերոսը» սովետական կուսակցական և ռազմական գործիչ Հայկ Ալեքսանդրի Հովսեփյանն է: Վերջինս 1927 թվին ընտրվեց ՀԿ(բ)Կ Կենտկոմի առաջին քարտուղար, սակայն մեկ տարի անց ազատվեց աշխատանքից: Թերևս հենց այդ իրադարձությունն էլ առիթ է տվել Չարենցին գրելու «հոգեհանգստի» խոսքը: Ինչ վերաբերում է հինգ տարի անց ավելացված ծանոթությանը, ապա այստեղ ևս ակնարկը թափանցիկ է: Այդ ժամանակ Հայկ Հովսեփյանը աշխատում էր կարմիր բանակի գլխավոր քաղաքական վարչությունում, զբաղեցնում բարձր պաշտոններ: Այն, որ Հովսեփյանը եղել է ձախողված պետական պաշտոնյա, վկայում են նաև ժամանակակիցները: Մորուս Հասրաթյանն իր հիշողություններում նրա մասին ասում է. «…Միշտ մնաց անգույն ղեկավար»: Իսկ ահա Չարենցի որակումներն, ինչպես տեսնում ենք, եղել են շատ ավելի խիստ:

Նույն կերպ, ժանրին հատուկ գրոտեսկային ու սատիրական պատկերամիջոցների օգտագործմամբ է գրված մեկ այլ էպիգրամ՝ «Անառակ որդիներին».

Անառակ որդիներին
(Դիֆերամբ)

Դուք, որ վատնեցիք մեր գանձը հետին-
Մեզ թողիք տկլոր ու բոկոտն ու խեղճ,
Եվ գլուխը մեր թեքեցիք գետին,
Եվ նախատինքը մեր դեմքը թրջեց.-
Երգում ենք ահա ձեզ փառք ու պատիվ՝
Չորեքթաթ կեցած ձեր կառքի առջև:
1929

Այս դիֆերամբի տողատակում Չարենցը ծանոթագրության կարգով ավելացրել է. «Տես նրա գրքում Բ.Կ. կոնցեպցիան… 1905 թվից… իդիոլոգիական»:

Ինչպես տեսնում ենք, թեև բանաստեղծության վերնագրում և շարադրանքում դիմումը կատարված է հոգնակիով, ինչը պիտի հերոսների մեկից ավելի թիվ նշանակի, այնուամենայնիվ տողատակում Չարենցը հիշատակում է կոնկրետ անձի կոնկրետ գիրքը՝ «նրա գրքում»: «Ձեր կառքի առաջ» բառակապակցությունը անուղղակի վկայությունն է այն բանի, որ խոսքը վերաբերում է հասարակության մեջ բարձր դիրք կամ պաշտոն զբաղեցնող մեկին: Ո՞վ է նա:

Հնարավոր վարկածներից մեր ընտրությունը տրամաբանորեն պիտի կանգ առներ մի այնպիսի անվան վրա, որը և աշխատություն ունի՝ նվիրված 1905 թ. Բոլշևիկյան կուսակցության գործունեությանը, և այդ ժամանակ զբաղեցրել է բարձր պաշտոն: Դա Արտաշես Կարինյանն է՝ սովետական և կուսակցական գործիչ, գրականագետ, ով այդ տարիներին Հայաստանի Կենտգործկոմի նախագահն էր: 1927թվին նա Մոսկվայում լույս էր ընծայել «Հեղափոխական և ազգային շարժումները Կովկասում 1905 թ.» վերնագրով մի աշխատություն: Ի դեպ, այդ աշխատության մի քանի գլուխներ հրապարակվել էին «Խորհրդային Հայաստան» թերթում դեռ 1926 թ. հունվարից: Իսկ 1929 թ. դարձյալ Մոսկվայում հրատարակվեց Կարինյանի «Նացիոնալիզմի «նոր դիրքերը» գիրքը: Հավանաբար այս և Կարինյանի համանման մյուս ուսումնասիրություններն է նկատի ունեցել Չարենցը, երբ շեշտել է «կոնցեպցիա» ու «իդիոլոգիա» բառերը:

Բանաստեղծության գրության ժամանակ՝ այսինքն 1929 թ. Կարինյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից և նշանակվել Թիֆլիսում լույս տեսնող «Անդրկովկասի ժողովրդական տնտեսություն» ամսագրի խմբագիր: Հավանաբար պետական պաշտոնում ձախողվելու և դրանց հետևանքների փաստն է հիշատակված Չարենցի տողերում: Ավելորդ չէ ասել նաև, որ հենց այդ տարվա հուլիսի 4-ին, ինչպես գրում էր «Խորհրդային Հայաստան» թերթը, ՀԱՄԿ(բ)Կ ԿՎՀ-ի զտող հանձնաժողովը որոշել էր «…դիտողություն անել «Նարոդնոյե Խազյայեստվո» ժուռնալի խմբագիր Կարինյանին»…

Անհատական հասցեագրումներից զատ Չարենցի գործերում կարելի է հանդիպել նաև այնպիսի ստեղծագործությունների, որոնց համար ազդակներն իրադարձային են: Այսպիսի դեպքերում հեղինակի վերաբեմունքը դրսևորվում է ոչ միայն սուբյեկտիվ դիրքորոշմամբ, այլև խմբակային ու գաղափարական առանձնահատկությամբ: Չարենցի այդ բնույթի էպիգրամներից մեկը ասվածի լավագույն արտահայտությունն է.

Բաժակաճառ, ասված մի մեծարգո ժողովում

Բարեկամներ, այսօր ես ձեզ ասեմ պիտի,
Որ շարքերում, լծված այս կառեթին-
Կա և կարապ, և ձուկ, և խեցգետին:-

1928-ին գրված այս եռատողը պիտի արտահայտեր այդ շրջանում գրական առանձին խմբերի ու հոսանքների միջև առկա անհամաձայնություններն ու տարաձայնությունները: Սակայն դրանցից հատկապես ո՞ր դրվագն է նկատի ունեցել Չարենցը: Չափածո գրության տրամադրությանն առավել մոտ կարող են դիտվել հենց տարեսկզբին ծավալված իրադարձությունները, երբ բախվող թևերն իրենց գործողություններում իսկապես ինչ-որ բանով հիշեցնում էին Կռիլովի հայտնի առակի հերոսներին: Ստեղծված իրավիճակն ինչ-որ կերպ լիցքաթափելու, առկա հակասությունները շտկելու նպատակով 1928 թ. հունվարի 19-ին Թիֆլիսում ստորագրվեց հատուկ բանաձև: Այդ փաստաթուղթը, որն ուներ նաև «Վերջերս Անդրկովկասյան հայ պրոլետգրողների միջև ծագած տարաձայնությունների վերացման մասին» բացատրիչ ենթավերնագիրը, ստորագրել է նաև Ե. Չարենցը:

Միևնույն ժամանակ կարծում ենք, որ բանաստեղծը «մեծարգո ժողով» ասելով նկատի է ունեցել ոչ միայն այդ հավաքը: Չարենցը կարող էր ակնարկել նաև 1928 թ. հունվարի 30-ին Երևանի Կուլտուրայի տանը կայացած գրական մեծ երեկոն ու այնտեղ հնչեցրած իր ելույթի բովանդակությունը: Նրա զեկուցումը կոչվում էր «Հայաստանի պրոլետգրականության մեջ եղած տարաձայնությունների վերացման մասին»:

Հիշատակված քիչ թե շատ «անմեղ» գաղտնագրումների կողքին հաճախ կարելի է հանդիպել նաև այնպիսի ծածկագրերի, որոնց կիրառման պահանջը մեծապես պայմանավորված է եղել ժամանակի հարկադրանքով, փոխհարաբերությունների բարդությամբ և հետևանքների նկատմամբ խոհեմ զգուշավորությամբ: Այդ շարքին պատկանող բանաստեղծություններից առանձնացնենք այս մեկը.

«7 կախվածները»
( Վ. Վ.-ի հիշատակին)

…Երբ աղջամուղջին նա վեր է կացել,
Հանգիստ հագնվել- երևի հանկարծ
Այնպես է նրան մի պահ թվացել,
Թե ինքը ահա առաջին անգամ
Պատանեկան տագնապով արթուն
«Յոթ կախվածների» գրքույկն է կարդում:

…Կծալի հանգիստ, մի կողմ կդնի
Նա սենտիմենտալ այդ գիրքը հիմա,-
Կընկնի անկողին և խոր կքնի,-
Ինչպես միշտ՝ իսկույն:
Եվ ա՞յն է արդյոք
Տարբերությունը գրքի ու կյանքի,
Որ քունն իր հիմա լինելու է լոկ
Անսահման երկար և խոր, և հանգիստ…

Չարենցի բանաստեղծությունը թվագրված է՝ 27. 9. 1936 թ.: Եվ այս ոչ այնքան ընդարձակ ստեղծագործությունն իր հետ միանգամից մի քանի հարցականներ է բերում: Ե՞րբ, ի՞նչ առիթով է գրված և ու՞մն է նվիրված բանաստեղծությունը: Ինչու՞ է հեղինակն օգտագործել ռուս գրող Լեոնիդ Անդրեևի հայտնի պատմվածքի վերնագիրը:

Նախնական հարցը՝ ե՞րբ է գրվել, առաջին հայացքից կարող է տարօրինակ հնչել: Ի՞նչ իմաստ կա նման հարցադրման, եթե Չարենցը նշել է գրության ճիշտ օրը: Սակայն պարզվում է, որ այն կարող է ակամա վրիպակի հետևանք լինել: Բանն այն է, որ դրանից մեկ օր առաջ բանաստեղծը ևս մի քանի գործեր է գրել, որոնցից մեկը նույնիսկ հենց այդպես էլ վերնագրված է. «26. 9.1936 թ.»: Բայց ահա Չարենցն իր ձեռքով դա ուղղել է՝ կողքին փակագծերում գրելով (օգոստոս): Մենք հակված ենք այն կարծիքին, որ «7 կախվածներ» բանաստեղծության դեպքում նույնպես տեղի է ունեցել նույն սխալը, և այն պիտի գրված լինի օգոստոսի 27-ին: Այս կարծիքին են մղում մյուս հարցերի բացատրությունները: Հենց այդ ամսաթիվն է, որ մեզ օգնում է գաղտնազերծել չարենցյան առեղծվածը և պատասխանել՝ ինչու՞ 7 կախվածներ, ովքե՞ր են նրանք, ո՞վ է Վ. Վ.-ն և ինչ կապ ունի նա «կախվածների» հետ:

1936-ի օգոստոսին խորհրդային երկրում Ստալինն իրականացրեց իր ամենաարյունալի դավադրություններից մեկը: «Բացահայտվեց» այսպես կոչված «Տրոցկիստական- զինովևական տեռորիստական կենտրոնը»: Նրա մի քանի տասնյակ անդամների աղմկահարույց դատավարությունը կայացավ օգոստոսի 19-24-ը: Իսկ Օգոստոսի 26-ին մամուլում հրապարակվեց «կենտրոնի» անդամների դատավճիռը: Նրանց ներկայացված մեղադրանքում ասված էր, որ վերջիններիս կողմից ստեղծվել է տեռորիստական գաղտնի կազմակերպություն, որ նպատակ ուներ իրականացնել երկրի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների սպանությունները: Խմբի պարագլուխները` թվով 7 հոգի, դատապարտվեցին գնդակահարության: Դատավճիռն իրականացվեց նույն օրը: Այս փաստը մեզ հիմք է տալիս կարծելու, որ Չարենցն ամենայն հավանականությամբ, հենց այս տեղեկության ազդեցության տակ էլ գրվել է «7 կախվածները»: Իսկ ո՞վ էր Վ. Վ-ն: Մահապատժի էին ենթարկվել հետևյալ կուսակցական գործիչները՝ 1. Գ. Զինովև, 2. Լ. Կամենև, 3. Գ. Եվդոկիմով, 4. Ի. Բակաև, 5. Ս. Մադկովսկի, 6. Վ. Վահանյան, 7. Ի. Սմիրնով: Ինչպես տեսնում ենք, 6-րդը Վաղարշակ Հարությունի Վահանյանն էր, որը դատավարական փաստաթղթերում ներկայացվում է իբրև խորհրդային ծառայող: Իսկ այդ ծառայողն իրականում հայտնի պատմաբան, փիլիսոփա, գրականագետ էր, այն տարիներին Մոսկվայում վարում էր Հայաստանի պետհրատի բաժանմունքը, և Չարենցը նրան ոչ միայն ճանաչում էր, այլև ակտիվ համագործակցում: Կասկածից վեր է, որ «Յոթ կախվածները» բանաստեղծը նվիրել է ընկերոջ ու համախոհի հիշատակին:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ;hovikcharkhchyan.wordpress.com

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20