Պետդումայում Պուտինին կոչ են արել խզել դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ

- in Միջազգային
Turkia

ՌԴ Պետդումայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ են անում խզել Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունները՝ Սիրիայում ռուսական «Սու-24» կործանիչի կործանումից հետո։ 

Նման առաջարկով հանդես են եկել Կոմունիստական կուսակցության պատգամավորներ Վալերի Ռաշկինն ու Սերգեյ Օբուխովը: Ավելի վաղ նրանք նախագահին արդեն առաջարկել էին ահաբեկչությունների սպառնալիքի պատճառով խզել ավիահաղորդակցությունը Թուրքիայի հետ:

«Թուրքիայի ագրեսիան հերթական անգամ հաստատում է Թուրքիայի անսահման աջակցությունը միջազգային ահաբեկչությանը, մասնավորապես՝ Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը»,- ասված է Պուտինին ուղղված նամակում։

Ռաշկինն ու Օբուխովը վստահ են, որ Թուրքիայի գործողությունները պահանջում են հրատապ պատասխան միջոցառումներ։

Ռուսաստանում Թուրքիայի ռազմական կցորդը կանչվել է ՌԴ ՊՆ։ Այս մասին գործակալությանը հայտնել են ՌԴ ՊՆ-ից։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել է Սիրիայի տարածքում թուրքական F-16 կործանիչի կողմից և ընկել է Սիրիայի տարածքում։

Պուտինի խոսքերով՝ «Սու-24» ինքնաթիռն ընկել է Թուրքիայի սահմանից 4 կիլոմետր հեռավորության վրա և հարձակման է ենթարկվել 6000 մետր բարձրության վրա գտնվելիս։ Միջադեպից հետո Թուրքիայի ԱԳՆ զրույցի համար կանչվել է Անկարայում Ռուսաստանի դեսպանատան խորհրդականը։

Spread the love