Պուտինն ու Օլանդը հայտարարել են ԴԱԻՇ-ի դեմ լայն կոալիցիայի ստեղծման կարևորության մասին

- in Միջազգային
Putin

Մոսկվան ու Փարիզը պայմանավորվել են, որ համատեղ կպայքարեն ընդհանուր սպառնալիքների դեմ, և գործընկերներին կոչ են արել ուժեղացնել համակարգումը Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ պայքարում։

Այսպիսին է Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահների մոտ 3 ժամ տևած բանակցությունների արդյունքը։ Բանակցություններն անցկացվել են երեկ երեկոյան, Մոսկվայում։

Հանդիպման գլխավոր թեմաներից մեկը դարձել է իրավիճակը՝ կապված թուրքական ռազմաօդային ուժերի կողմից ռուսական «Սու-24» ռմբակոծիչի խոցման հետ։ Կողմերը հայտարարել են, որ չի կարելի թույլ տալ նման միջադեպերի կրկնություն։ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Անկարան դեռևս ոչ միայն ներողություն չի խնդրել, այլև մտադրություն չի հայտնել եղածը հասկանալու, պարզաբանելու։

Նախագահները հայտարարել են, որ կշարունակեն երկխոսությունն արդեն հաջորդ շաբաթ՝ Փարիզում, որտեղ կկայանա ՄԱԿ-ի կլիմայի հարցերով համաժողովը։

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքներով հայտարարել է, որ կողմերը պայմանավորվել են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համար փոխանակել հետախուզական տեղեկատվությունը։

Ֆրանսիայի նախագահը հայտարարել է նաև, որ Փարիզը մտադիր է մեծացնել Սիրիայում ջիհադիստների դեմ կռվող ապստամբների աջակցությունը։

Օլանդի խոսքով՝ ներկայիս նախագահ Բաշար Ասադը տեղ չունի ապագա Սիրիայում։

Պուտինը բանակցությունների ավարտին հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել Սիրիայում մի շարք ապստամբական խմբերի, սակայն սիրիական բանակն ու Բաշար Ասադը Ռուսաստանի համար մնում են ահաբեկիչների դեմ պայքարում գլխավոր դաշնակիցներ։

Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանն ու Ֆրանսիան միասնական են А321-ի կործանման և Փարիզի ահաբեկչությունների մեղավորներին գտնելու և պատժելու մտադրության հարցում։

Կողմերը մտադիր են ավելի սերտ կապեր հաստատել և Սիրիայում գործողությունների ընթացքում համակարգել գործողությունները զինվորականների ու հատուկ ծառայությունների միջև։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20