Ռուսաստանը Սիրիայում մեծացրել է զինվորականների թվաքանակը

- in Միջազգային

Սիրիայում ռուսական զորակազմի թվաքանակը գործողության սկզբից կրկնակի մեծացել է՝ հասնելով 4000-ի։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ամերիկյան հատուկ ծառայությունների աղբյուրներին և անկախ փորձագետների գնահատականներին։

Սիրիայում սեպտեմբերի 30-ին սկսված ռազմական գործողության սկզբում ռուս զինվորականների թիվն այդ մերձավորարևելյան երկրում եղել է մոտ 2000։ Նշվում է, որ ավելացել է նաև Ռուսաստանի կողմից գործածվող բազաների թիվը։

Ամերիկյան հետախուզության աղբյուրները հաստատում են, որ Ռուսաստանը ռազմական կորուստներ է կրել Սիրիայում, սակայն հստակ թվեր չեն ներկայացվել։ Մինչ օրս հայտնի է Սիրիայում ռուս զինծառայողի մահվան մեկ դեպքի մասին։ Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել էր, որ պայմանագրային զինծառայող Վադիմ Կոստենկոն ինքնասպանություն է գործել։

Պենտագոնում Reuters-ի աղբյուրը հավելել է, որ ռուսական ինքնաթիռներն այժմ գործում են 4 բազաներից։

Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը, ելույթ ունենալով Կոնգրեսում, հայտարարել է, որ Ռուսաստանը Սիրիայում հրետանի է տեղակայել։ Խոսքը, մասնավորապես, Համա և Հոմս նահանգների մասին է՝ փոխանցում է BBC-ն։

«Ռուսաստանը որոշում է ընդունել տեղակայելու ցամաքային հրետանի, ինչը կտանի Համա և Հոմս նահանգներում իրավիճակի վատթարացման»,- ասել է Նուլանդը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով սկսել է կետային ավիահարվածներ հասցնել Սիրիայում ԴԱԻՇ-ի գրոհայինների օբյեկտներին։

Նուլանդը Ռուսաստանին կոչ է արել համագործակցել ԱՄՆ-ի հետ։ Նրա կարծիքով՝ Մոսկվան պետք է նպաստի Սիրիայում հրադադարի հաստատմանն ու երկրում իշխանության խաղաղ փոխանցմանը։ Պետքարտուղարի օգնականը պարզաբանել է, որ դրա համար ռուսական ավիացիան պետք է հրաժարվի սիրիացի ապստամբների դիրքերին ուղղված ռմբակոծություններից։ Նրա տվյալներով՝ Սիրիայում ռուսական ավիացիայի կողմից իրականացվող բոլոր ավիահարվածների 80-90 տոկոսը բաժին է ընկնում սիրիական ընդդիմության դիրքերին։

Այսօր ԱՄՆ պետքարտուղարի օգնական Էն Փաթերսոնը և Եվրոպայի և Եվրասիայի գծով պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը Ներկայացուցչական պալատի արտաքին գործերով կոմիտեի լսումների ժամանակ պատասխանել են Սիրիայում ԱՄՆ-ի քաղաքականությանը վերաբերվող հարցերին, հայտնում է politeka.net-ը:

Նուլանդի խոսքերով` Մոսկվան ռազմական արշավ է սկսել Սիրիայում, որպեսզի պաշտպանի իր դաշնակից, գործող նախագահ Բաշար Ասադին, և կռվում է ոչ թե ահաբեկիչների դեմ, այլ ընդդիմության: «Ռուսաստանը հարվածում է այն քաղաքներին և տարածքներին, որոնք սիրիական չափավոր ընդդիմությունը հետ է վերցրել Ասադից»,- ասել է նա:

Նա նշել է, որ Ռուսաստանի գործողությունները Սիրիայում նշանակալի թվով ավելացրել են փախստականների հոսքը Եվրոպա:
Միաժամանակ Նուլանդը ասել է, որ Սիրիայում արշավը թանկ է նստում հենց Ռուսաստանի վրա: Մասնավորապես, ավելանում է սպանված ռուս զինվորների քանակը: Նուլանդը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ավելացնում է սիրիական ապստամբերին աջակցությունը: Իսկ ԱՄՆ-ի օդային հարվածների քանակի նվազումը Փաթերսոնը բացատրել է եղանակային պայմաններով, ինչպես նաև այն բանով, որ ԱՄՆ-ն ավելի ընտրողական է հարվածներում, և օգտագործում է ավելի ճշգրիտ զենքեր: «Առանց ԱՄՆ-ի ուժի օգտագործման, սիրիացիների մեջ զոհերի քանակը Ասադ/Ռուսաստան հարվածներից նվազեցնելու տարբերակներ չկա»,- վստահեցնում է Նուլանդը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20