Սեդրակ Երկանյան. «Իրենց շրջապատի մարդ չէի. դասախոսների բերանից ինչե՜ր եմ լսել …»

- in Մշակույթ
Sedrak Erkanyan

Սկիզբ` ՄԱՍ I-ը տես այստեղ

Զրույցներ Սեդրակ Երկանյանի հետ.

Մաս II

ՆԱՎԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԾՈՎՈՒՄ

– Երկանյանների արմատների՝ գնալով իրեն զգացնել տվող ներկայությունը, Օսիևսկայայի դասերը, Վան Կլայբերնին նմանվելու՝ մանկուց փոխանցված տեսլականը, երաժշտությամբ նկատմամբ հետզհետե ուժգնացող տարվածությունը միասնաբար այն մղիչ ուժն էին, որ տարան Ձեզ դեպի արվեստի մեծ աշխարհ: Պատմեք այդ ընթացքի մասին:

Ս. Երկանյան. – Վան Կլայբերնին նմանվելու հարազատներիս հորդոր-արտահայտությունը մտրակեց ինձ, առ այսօր ընթացքը շարունակվում է: Դա սերմացուն էր, արդեն ծիլեր էր արձակում: Երաժշտական դպրոցի վերջին՝ 7-րդ դասարանում դիրիժորության դասեր անցա: Տնօրենը, որ դպրոցական նվագախումբն էր ղեկավարում և դիրիժորության դասատուն էր, այդ դասերի համար միայն երկուսին ընտրեց, և մեկը ես էի: Մյուսից շատ շուտ հրաժարվեց (երևի տեսավ՝ բան դուրս չի գա), բայց ինձ հետ ամբողջ տարին պարապեց: Ինձ ոգևորողն այն էր, որ հետզհետե համոզվում էի՝ ճիշտ եմ արել ի վերջո երաժշտությունն ընտրելով. Օսիևսկայան ինձ դարձի էր բերել, տնօրենն էլ էր ոգևորված: Դաշնամուրը, բնականաբար, գլխավորը դարձավ իմ կյանքում, ու հաջորդեցին համերգներ, հաջողություններ, հետո արդեն՝ Երևանում կարողացա ինձ շատ արագ լավ դրսևորել: Չայկովսկու անվան դպրոցը շատ ուժեղ երաժշտական ուսումնական հաստատություն էր՝ տաղանդավոր երիտասարդներով լեցուն: Ամեն դասարանում 10-ից 7-8-ը հանճարեղ էին: Ես ընկել էի այդպիսի միջավայր և պետք է կարողանայի շատ արագ ինձ դրսևորել, այլապես կմնայի արհամարհված, իբրև գավառից եկած ինչ-որ մեկը: Դպրոցն էլ ընդունվեցի ավագներիս շնորհիվ: Նույն տարում պետական կոնսերվատորիա էին ընդունվել քույրս ու եղբայրս: Որոշվեց, որ ես էլ դիմեմ Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոց, թեև ընդունելության ժամկետներն արդեն լրացել էին: Եկա արդեն ուշացած. օգոստոսի 30-նն էր: Ինձ համար հանձնաժողով հավաքվեց, լսեցին, բայց ինչ-որ մեկն այնտեղ սկսեց սատանայություն անել սոլֆեջո առարկայի հարցում, ու նաև այդ քննությունը հանձնեցի: Քննությանը լսում եմ՝ նվագում են երկձայն, այնինչ մենք թելադրությունները մինչ այդ միաձայն էինք գրել: Քննության կեսը հազիվ գրեցի, և այդ պատճառ բերելով՝ չէին ուզում ընդունել: Վերջը որոշեցին ինձ մի դասարան ներքև ընդունել՝ պայմանով, որ եթե չարդարացնեմ սպասումները, դպրոցից դուրս կանեն: Իսկ եթե ինչպես հարկն է ինձ դրսևորեմ, կշարունակեմ ուսումս:Այդ տարին ինձ այնպես դրսևորեցի, որ մի դասարան էլ վեր «ցատկեցրին», ու գնացի ընկա իմ տեղը:

Դպրոց էի եկել դեռ տասնվեց տարիս չլրացած: Ի շնորհիվ տեղի ուսուցչուհու, որը շատ լավ դպրոց էր անցել, պիանիզմի (դաշնակահարության) հետ կապված ահագին հարցեր լուծվեցին այդ տարիներին: Օրուգիշեր պարապում էի, շատ կարճ ժամանակահատվածում մի այնպիսի երգացանկի մեջ սկսեցի նավարկել, համերգներով հանդես գալ, որ դպրոցում, որտեղ այդպիսի անուններ կային, սկսել էին զգուշանալ: Ո՜նց թե՝ ամբողջ մի բաժին Սկրյաբին, ամբողջ մի բաժին Բախ է նվագում: Արդեն հանդգնում էի մրցույթների մասնակցել:

– Ու՞մ հետ եք ուսանել:

Ս. Երկանյան. – Այդ տարի մեր դասարանում սովորում էին Վահագն Պապյանը, Արմեն Սմբատյանը, Զավեն Պարսամյանը (այժմ որպես դաշնակահար թափառում է աշխարհում), Ալիսա Քալանթարյանը (հանրային ռադիոյի աշխատակից է), Աշոտ Բզնունին: Նրանց մեջ էր ֆենոմենալ լսողության տեր մի երաժիշտ՝ Աշոտ Մուրադյանը: Մի օր որոշեցինք այս խմբով վերջնականապես «բացահայտել» Աշոտի լսողությունը: Յոթ հոգով ձեռքերով դաշնամուրի ստեղնաշարը սեղմեցինք (ահավոր ձայն է դուրս գալիս), և մեկը մատը բարձրացրեց: Աշոտն ասաց՝ ո՛ր նոտան է: Պատկերացնու՞մ եք՝ դա ինչ է, ականջի խելառ: Չկարողացավ դաշնակահար դառնալ իր ընտանիքի, իր բնավորության հետևանքով, հետո կոնսերվատորիայում դաս էր տալիս. շուտ մահացավ, նշանավոր դեմք չդարձավ, բայց կարո՛ղ էր դառնալ, բոլոր տվյալներն ուներ:

– Չայկովսկու անվ. դպրոցում ուսանելու տարիները, փաստորեն, յուրօրինակ մրցակցության տարիներ էին Ձեզ համար:

Ս. Երկանյան- Դպրոցն ինձ համար շատ կարևոր օրինակ էր, լավ համբավ ուներ, լավ մասնագետներ էր տալիս: Որ կողմը նայում էի՝ խոսում էին սրա տված համերգի, նրա նվագածի մասին: Ոչ մի համերգ՝ լինի դպրոցի, ֆիլհարմոնիայի, բաց չեմ թողել: Այնքան բան էի հավաքել այդ տարիներին, այնքան երաժշտական սկավառակ էի լսել, այնքա՜ն երաժշտություն՝ դեռ Լենինականից սկսած: Չայկովսկու անվան դպրոցում արդեն երաժշտական գրականության դասերն ինձ համար ձանձրալի էին: Այդ մի կարևոր օղակը դպրոցում ուշադրությունից դուրս էր մնացել, չէր զարգացել, աշակերտներին չէին <<դաղել>>: Այնպիսի պաշար էի բերել Լենինականից, որ երաժշտական գրականության ուսուցչուհին ինձ մատով էր ցույց տալիս: Ասում էր. <<Լենինականից է եկել, բայց ձեր նոր անցնելիքն ինքը վաղուց գիտե>>:

Միակ դիտողությունը, որ արեց դպրոցի տնօրենը, 1972-ին էր, թե՝ «ա՛յ տա (տղա), այլանդա՛կ, ինչու՞ վարսավիրանոց չես գնում»: Դե՛, երիտասարդական հովեր էին, երկար մազեր ունեի: Դպրոցում այն ժամանակ երկար մազե՞ր: Անկարելի բան էր: Սպառնաց դպրոցից հեռացնել, եթե իր դիտողությանը չհետևեմ: Նման խոշոր պարտություն չէի կարող թույլ տալ: Այդ մի անգամ մազերս կտրելն էր, հետո տեսավ ի զորու չէ: Տեսավ՝ հեղինակությունս աճում է՝ համերգներ, մրցույթներ, արդեն ստիպված լռեց ու հաշտվեց:

ՄՐՑՈՒՅԹՆԵՐԸ ԽԹԱՆ ԷԻՆ … ԲԱՅՑ ՈՉ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

– Մրցույթներն ի՞նչ են տվել Ձեզ, ի՞նչ եք ապրել՝ դրանց մասնակցելիս:

Ս. Երկանյան. – Նախ, դա խթան է, դրդիչ ուժ: Հետո միայն՝ ավելի ուշ, առավել հասուն շրջանում կյանքն ավելի թափանցիկ ես տեսնում և հասկանում, թե ինչե՛ր էին կատարվում այդ մրցույթներին, համենայն դեպս՝ խորհրդային տարիներին…

– Խարդավանքներ, անարդարություն, հաշվենկատություն, հանցավոր շահադիտություն՝ արվեստի հետ չառնչվող…

Ս. Երկանյան. – Այդ ամենի հետևում այլ փոխհարաբերություններ էին գործում: Բայց այն ժամանակ միակ միջոցն էին, միակ ձևը, ուղին ինքդ քեզ դրսևորելու, խորհրդային երկրի սահմաններից դուրս գալու, արվեստդ արտերկրում ներկայացնելու հնարավորություն նվաճելու, նաև այլ հանդիսականի համար նվագելու, այլազգի երաժիշտների հետ ազատորեն շփվելու:

– Ի վերջո, լայնորեն ճանաչելի դառնալու …

Ս. Երկանյան. – Միակ միջոցը դա՛ էր: Այսօր այլ է. շնորհալի՞ ես, տոմս առ, գնա, ներկայացիր , ազատ ձայնագրիր կատարումներդ և ուղարկիր իմպրեսարիոյի… Այդպիսի հնարավորություններ գոյություն չունեին. փակ երկիր էր: Պետք է անցնեիր որոշակի աստիճաններով, որպեսզի առիթ ունենայիր «դուրս գալու»: Միակ լծակը մրցույթներն էին: Եվ բոլորի՛ համար: Այդ պատճառով շատ շնորհաշատ երիտասարդներ, որ փայլուն հեռանկար ունեին, փորձում էին այդ ուղով անցնել: Մեկին հաջողվում էր, մեկին՝ ոչ: Մանավանդ որ, բարքերը գնալով այլանդակվում էին: Խնամի-ծանոթ-բարեկամությունն ու շահադիտությունն էին ամենակարևոր շարժիչ գործոնները: Եկավ մի պահ, երբ ամեն ինչ որոշվում էր ոչ թե այստեղ, այլ՝ Մոսկվայում: Դու կարող էիր այստեղ հաղթահարել պատնեշները, քո արվեստով նվաճել այս կամ այն մրցույթին մասնակցելու իրավունքը, բայց հետագա ընթացքը կախված էր «վերևների» ինքնակամ որոշումներից:

Այս ամենն իմ կյանքի փորձով իմացա. ինձ կողքից ասող, զգուշացնող չկար: Ծնողներս որտեղի՞ց իմանային, որ կբախվեմ դրան: Հաճախ էլ քեզնից ավագներից լսելով նման երևույթների մասին, մտածում ես՝ ա՜, ուրեմն՝ այնպես չի նվագել, այդ պատճառով էլ չի հաջողել: Մինչև քո հերթը չի գալիս՝ այդ դառնությունը ճաշակելու:

– Եվ տակավին երիտասարդ ու այդ բարքերին անծանոթ Սեդրակ Երկանյանը բախվե՞ց այդ իրականությանը:

Ս. Երկանյան. – Իհա՛րկե, և իմ ողջ կյանքում այդպես է եղել:

– Մարդի՞կ էին մեղավոր, թե՞ հանգամանքները:

Ս. Երկանյան. – Մարդիկ այդպես չէին գործի, եթե Մոսկվայում իրենց հովանավորները չունենային: Ոչ մի հարց չէր լուծվում՝ առանց այնտեղի գիտության:

– Ո՞նց հաղթահարեցիք այդ պատնեշները:

Ս. Երկանյան. – Հրաժարվեցի այդ ճանապարհով շարունակել: Այսինքն՝ դադարեցի մրցույթներին մասնակցել, ջանք թափել, որ մրցույթներին մասնակցելու իրավունք վաստակեմ, քանի որ համոզվեցի՝ գնաս-չգնաս՝ մեկ է, վերջնարդյունքում որոշիչը քո արվեստը չի լինելու: Մրցույթը չսկսված՝ դեռ վեց-յոթ ամիս առաջ ինչ-որ մեկի անունն էր հոլովվում՝ որպես ապագա մրցանակակրի, հաղթողի: Ու այդպես էլ լինում էր՝ այդ մրցույթում հաղթողը նա՛ էր դառնում:

– Արդյոք մրցույթներն անցկացնելու և հաղթողներին որոշելու այդ ավանդույթը հաղթահարվե՞լ է նորօրյա Հայաստանում:

Ս. Երկանյան. – Մեզանում այդ բարքերը շարունակվում են՝ հենց ոլորտի պատասխանատուների ձեռամբ և իմացությամբ: Ցավոք…

ՏՂՈՒԿ ԷԻ ԵՍ ԱՆՎԱՀԱՆ ԱՆՑԵԱԼԻ ՉԱՓ ՍՊԱՍՈՒՄՈՎ…

– Եվ ո՞րն էր մրցույթներին մասնակցության Ձեր դառը փորձառության առաջին դասը:

Ս. Երկանյան. – Կոնսերվատորիայում էի սովորում, 76-ին էր, հայտ ներկայացրեցինք, որ հաջորդ տարի մասնակցենք դաշնակահարների անդրկովկասյան մրցույթին: Ինձ համար ծանր շրջան էր: Հայրիկիս մոտ հիվանդանոցում նստած՝ նոտաներն էի սովորում: Իմ անունն առաջինն էր. թե՛ ուսանողությունը, թե՛ ունկնդիրը, թե՛ դասախոսները, որպես մրցույթի ամենահավանական հաղթողի, ի՛մ անունն էին տալիս: Ամբողջ «հայկական» պատնեշը ես հաղթահարեցի, ինչը դյուրին չէր: Կոնսերվատորիայում հակառակորդներ էի վաստակել հենց միայն այն պատճառով, որ հավատարիմ մնալով իմ ուսուցչուհուն, չէի ընդունել այլ պրոֆեսորների առաջարկը՝ իրենց դասարանում ընդգրկվելու և իրենց աշակերտելու: Ահա այդ պրոֆեսորներն էին մրցութային հանձնաժողովում. նրա կազմում ուսուցչուհիս՝ Ելենա Աբաջյանը, ընդգրկված չէր և «հարցեր» չէր կարողանում լուծել: Երաժիշտների շրջանում նրան այդպես էլ չէր ներվել այն, որ ժամանակին աշակերտելով դաշնամուրային ֆանտաստիկ դպրոց ունեցող, պիանիզմի ֆենոմեն Ռոբերտ Անդրեասյանին՝ դարձել էր իր երկրորդ կինը, որ իրեն էին նախընտրել… Ահա, մինչև կոնսերվատորիան ավարտելն այդ պրոֆեսորներն ինչքան ուժերը պատում էր, խանգարեցին ինձ:

Այս մրցույթին մասնակցելու իրավունքը նվաճել էի՝ ահա այդ հզոր պատնեշը հաղթահարելով: Իմ անունը հոլովվում էին՝ որպես ապագա առաջին մրցանակակրի: Մասնագետներն այդ մասին վստահաբար էին խոսում:

Թբիլիսիում, որտեղ անցնում էր մրցույթը, վիճակահանության արդյունքում որոշվեց, որ ես ավելի վաղ եմ հանդես գալու, քան այլ հանրապետությունները ներկայացնող առաջատար երաժիշտները: Մրցույթի առաջին փուլում ես ի՛մ նվագը նվագեցի: Ես շատ գոհ էի: Ետնաբեմում կանգնած էր երգչուհի Էլլադա Չախոյանը, որ նախորդ մրցույթում հաղթող էր ճանաչվել, ու հիմա համերգային բաժնում հանդես գալու նպատակով այդտեղ էր: Ելույթիցս մեկ ժամ առաջ էինք ծանոթացել, ուսուցչիս հետ միասին ճաշել էինք, որպես հաջողության նշան՝ ձեռքը գլխիս էր դրել ու պիտի այլևս մեկնած լիներ: Եվ ահա տեսնում եմ իրեն ետնաբեմում. Երևան վերադառնալու փոխարեն մնացել էր՝ իմ ելույթը լսելու: Ծափահարություններով մի քանի անգամ բեմ կանչեցին: Մրցույթների պատմության մեջ ո՛չ միշտ է այդպես լինում: Լսեցին նաև ուրիշներին. բավական լավ դաշնակահարներ կային: Հաջորդ օրը, սակայն, սկսվեցին ինձ համար անհասկանալի ինչ-որ փսփսուքներ, կուլիսային խոսակցություններ, ինձ անձամբ ոչինչ չէին ասում, բայց լուրերը հասնում էին ինձ: Վերջից երրորդի անուն էին տալիս: Աբաջյանն էլ էր հուզված, նյարդայնացած, զուր առիթներով ինձ դիտողություններ էր անում, բայց հետս չէր կիսվում: Հետո պատմեցին, որ Տաթևիկ Սազանդարյանը «շան օրն է գցել» Չաչավային, որ հանձնաժողովի անդամներից մեկն էր՝ վրացական կողմի ներկայացուցիչ: Վրացիներն իմ ելույթից հետո հասկանալով, որ իրենց ներկայացուցիչների հաղթանակը քիչ հավանական է, որոշել էին միաձայն այնպիսի նվազագույն գնահատականներ դնել իմ նվագին, որպեսզի հնարավորություն չունենամ շարունակել մրցույթի հաջորդ փուլերը: Այդ վտանգը կանխել էր Տաթևիկ Սազանդարյանը. այնտեղ ներկա էր՝ որպես մրցույթին մասնակցող իր սաների ուսուցիչ: Երևի թե, Տաթևիկ Սազանդարյանի խոսքն ազդել էր. այն ժամանակ նրա կարծիքն ու խոսքը խիստ ազդեցիկ էին. մեծ հեղինակություն ուներ ողջ խորհրդային երկրում, ոնց, ասենք, Արխիպովան: Սկսել էր գործել կուլիսային հաշվարկը. դրությունը «փրկել էին» ադրբեջանցիների դրած միջին բալերը, և ես առաջինը լինելու փոխարեն, մրցույթի երկրորդ փուլ անցա, իրոք, վերջից երրորդի «կարգավիճակով» …

Ողջ Թբիլիսին տենդի մեջ էր: Տեսնեիք՝ ո՜նց էին ինձ ընդունում՝ ձեռքերի վրա, հաշիվ չկար ինձ հյուրընկալելու հրավերներին, բառացիորեն ձեռքից ձեռք էին փախցնում… Եվ ամենուրեք քննարկվում էր այդ հարցը: Իմ հոգեվիճակն այնպիսին էր, որ երկրորդ փուլում բան չեմ հասկացել, թե ո՛նց եմ նվագել: Որովհետև անկարելի վիճակում էի: Բայց էլի ծափերով բեմ էին կանչում… Այստեղ արդեն բոլորը բարձր նիշեր էին դրել: Երևի համակերպվել էին իրավիճակի հետ, Սազանդարյանի խոսքն էլ <<մտրակել էր>>: Է՛լ ոտնձգություններ չեղան:

Մրցութային այդ օրերին էր, որ Թբիլիսիի կոնսերվատորիայի ռեկտոր, ճանաչված դաշնակահար Գաբունիան ռեպորտաժի ժամանակ կարծիք էր հայտնել իմ մասին՝ հատկապես խոսելով Սկրյաբինի իմ կատարումներից, «Ես այսպիսի կատարում չէի լսել,- ասել էր նա,- ու ինձ թվում է՝ այլևս չեմ լսի…»:

Ամբողջ տրագիզմը, ասեմ, թե՞ կոմիզմը երրորդ փուլում էր: Նվագախմբի հետ պիտի ելույթ ունենայի: Երբ փորձին ավարտեցի ելույթս, ողջ նվագախումբը ոտքի ելավ և գործիքներին հարվածելով ինձ ողջունեց՝ այդպիսով արտահայտելով իր հիացումը: Նվագախումբը ղեկավարում էր իրենց ամենաերևելի դիրիժորը՝ Ջանսուկ Կախիձեն: Եվ սա ընդամենը փորձն էր: Երրորդ փուլում շատերը լավ նվագեցին: Վրացիներն ասում էին՝ մենք սխալ ենք արել, փորձենք ուղղել, առաջին մրցանակը մինչ այդ դրած նիշերի հետևանքով չենք կարող տալ, բայց երկրորդ տեղ իրեն հասնում է: Ու այստեղ Լազր Սարյանը՝ Մարտիրոս Սարյանի որդին, որին սրբի լուսապսակով են հաճախ ներկայացնում, ասում է՝ երրորդն էլ է իրեն հերիք … Առաջին մրցանակը հայերի կազմից տվեցին կուսակցական վերնախավից մեկի որդուն, որ հայաստանյան մրցույթի պատնեշը չէր հաղթահարել: Այդ տղան հիմա չկա մեջտեղում, ոչնչի չի հասել նաև լազրսարյանական «թեթև ձեռքով» երկրորդ տեղում հայտնված աղջիկը:

– Արվեստում ապագայի ծիլերը խնամելու փոխարեն արմատահան անելու պրակտիկան անհասկանալի է, անընդունելի, հանցագործ: Որքա՜ն տաղանդներ են «կոտրվել» այդ ճանապարհին:

Ս. Երկանյան. – Իմ հանդեպ Լազր Սարյանի վատ վերաբերմունքը սրանով չի ավարտվել:

Նախա՞նձն էր պատճառը, նոր անուններ տեսնելու չկամությու՞նը:

Ս. Երկանյան. – Ի՞նչ ուներ նախանձելու. պիտի նախանձեր մի տղայի, որ նո՞ր էր սկսել: Մի ամբողջ կոնսերվատորիա, Մարտիրոս Սարյանի հսկայական ժառանգությունն իրենն էին: Մինչ այդ կարդացել ու սնվել էի պատմություններով, թե ոնց են այս կամ այն կոնսերվատորիայի դասախոսներն իրենց ուսանողներին վերաբերվել, նպաստել խոստումնալից երաժիշտների առաջընթացին: Երաժշտական ծո՜վ գրականություն, միլիարդ բան եմ ընթերցել. դա ինձ օդ ու ջրի պես պետք էր, ես պետք է սնվեի: Միայն դասատուի տվածը վերցնելով չէի կարող երաժիշտ դառնալ… Անկարելի է: Այդ գաղափարներով էի ձևավորվել:

– «Տղուկ էի ես անվահան անցեալի չափ սպասումով…»: Ձեր բանաստեղծության տողերն են: Եվ ահա «անվահան», ծով սպասումներով մուտք եք գործում մի աշխարհ, որում գործում են անարդար մրցության օրենքները: Եվ սա արվեստի աշխարհն է …

Ս. Երկանյան. – Դեռ առաջին կուրսում, սեպտեմբերին համակոնսերվատորիական համերգին մասնակցելու համար հենց ի՛նձ ընտրեցին: Ուրեմն, ինչ-որ բան ինձնից ներկայացնում էի, թեև նոր – նոր էի ընդունվել: Համերգը ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում էր: Ես էլ կոնսերվատորիա ընդունվելուց հետո սկսել էի մորուք պահել: Դե՛, տասնութ տարեկան ջահել … Սեպտեմբերին բավական աճել էր մորուքս, այնքան չէ, որ Բրամս դառնայի, բայց նկատելի էր: Պատկերացրեք՝ համերգն արդեն սկսվել է, ես ետնաբեմում սպասում եմ իմ հերթին, որ բարձրանամ բեմ: Մեկ էլ անսպասելի մուտք է գործում Սարյանը (նրան կյանքում այդքան մոտ չէի տեսել, հեռվից միայն մի-երկու անգամ` Կոմպոզիտորների միության դահլիճում. կոմպոզիտորների համերգներին հաճախ էի գնում և մասնակցում. այս կամ այն կոմպոզիտորի գործն էի նվագում): Նրան տեսնելով՝ բոլորս ձգվեցինք: Առաջինը, ով աչքի զարնեց, ես էի: Երևի ինքն էլ ինձ կյանքում չէր տեսել: Անմիջապես տեսավ մորուքս, և համերգին պատրաստվող երիտասարդին քաջալերելու փոխարեն դիտողություն արեց, թե՝ այս ինչե՜ր եք թույլ տալիս ձեզ, բեղ ու մորուքով ուզում եք համե՞րգ նվագել: Բայց դա համերգից առաջ ասվող բա՞ն է: Երաժշտի, որ պետք է բեմ բարձրանա, երաժշտի, որ կոնսերվատորիադ է ներկայացնում: Քաջալերիչ խոսք ասելու փոխարեն ուզում է թևաթափ անել դիտողությամբ: Ասելիքը կարող էր թողնել հետագային: Ելույթից առաջ նման բան երաժիշտը չէր կարող ասել, միայն՝ կոշկակարը:

ՄԹՆՇԱՂ. ԲՐԱՄՍ. ՓԱԿ ԵՐԵԿՈ

– Իսկ երաժշտական միջավա՞րը. չկա՞ր հասկացող, թիկունքին կանգնող, առաջ մղող …

Ս. Երկանյան. – Գիտե՞ք՝ ինչե՜ր եմ քաշել կոնսերվատորիայում. «Դառը հաբը ախպար – ախպար պարտադրուած միշտ կլլելով…»: Իրենց շրջապատի մարդ չէի. դասախոսների բերանից ինչե՜ր եմ լսել՝ սա ո՞ւմ տղան է, ի՞նչ կրթություն ունի, անկիրթ մարդիկ են՝ ռուսերեն խոսել չգիտեն ու նման բաներ: Ինչերի՜ միջով եմ անցել ամեն քննության, ամեն միջանցքով անցնելիս, ամեն հայացքի հանդիպելիս՝ հայացքս փախցնելով, որ հոգիս չխռովվի: Ինչե՜ր եմ քաշել:

– Իրենք պիտի փախցնեին հայացքները՝ իրենց անարդար վերաբերմունքից ամաչելով:

Ս. Երկանյան. – Դե՛, նրանք այն ժամանակվա լիդերներն էին: Առանց իրենց թույլտվության ոչ մի բան չէիր կարող անել: Ես ո՛չ քծնել եմ, ո՛չ գնացել խնդրել, թե ինձ լսեք, խորհուրդ տվեք (նման բաներ նրանք շատ էին սիրում):

– Իսկ Դուք գնում և ասում էիք՝ ես սա՛ եմ, սա՛ եմ անելու և վե՞րջ:

– Ավելին, ի՜նչ եմ բերել մի օր սրանց գլխին: Կոնսերվատորիայի առաջին հարկի մի հատվածում լսարան էր՝ ցերեկները՝ զանազան առարկաների, իսկ երեկոյան՝ փորձասենյակ. երկու համերգային դաշնամուր էր դրված, փակ երեկոները (ասել է թե՝ քննությունները) այնտեղ էին անցնում:

Հոկտեմբեր ամիսն էր, արդեն վաղ էր մթնում: Փակ երեկո, այսինքն՝ քննություն պիտի նվագեմ (պարտավոր էինք տարվա մեջ այդպիսի մի քանի քննություն հանձնել): Նստած են Աննա Ամբակումյանը, մի քանի այլ նշանավոր դեմքեր, զրուցում են: Բնականաբար, օրն արդեն մթնած է, լսարանում՝ լույսը վառ: Եվ ի՞նչ եմ անում ես: Մտնում եմ ներս, լույսը հանգցնում (դա հանդգնություն էր): Նրանք պապանձվում են՝ հավանաբար մտածելով՝ սրա՜ն նայիր, բայց ձայն չեն հանում. չգիտեն՝ ի՛նչ է կատարվում: Ես Բրամսի 118-րդ օպուսն եմ կատարում՝ վեց պիեսից բաղկացած, երկուսն էլ՝ հավելել էի, ողջը՝ մոտավորապես 30 րոպե տևողությամբ: Այդ ընթացքում նրանք մնում են մթության մեջ նստած, օրն էլ գնալով ավելի է մթնում: Նվագում եմ Բրամսի վերջին արարումներից մեկը. ստեղծել էր, երբ արդեն դեպի իր վախճանն էր գնում… Բրամսի ուշ շրջանի՝ բարդ փիլիսոփայական, իմաստնացած, այլևս կյանքից հեռացող արվեստագետի երաժշտական աշխարհն էր, ճամփորդություն էր, և ես նրան պատկերացնում էի մթնշաղի մեջ: Համարձակվեցի ինքս ինձ ստեղծել այդ վիճակը, որ մթնշաղ լինի:

– Հետաքրքիր է՝ իրենք փորձե՞լ էին երբևէ մթան մեջ նվագել:

Ս. Երկանյան. – Իրենց մտքով կյանքում նման բան չէր անցնի. լույսը հանգցնեն …

– Մի խոսքով՝ մոնո – բեմադրություն: Մինչ այդ փորձե՞լ էիք նման բան:

Ս. Երկանյան. – Ես էլ չգիտեի՝ ոնց կստացվի: Բայց այնքա՜ն բնական էր: Ինձ թվում էր՝ այդ ինտերմեցցոները հենց այդպես պետք է կատարվեն: Ավարտելուց հետո լույսը վառեցի և հեռացա: Ինքս ինձ ստեղծեցի այդ պահը: Արարն ավարտվեց, լույսը վառվեց…

Վերջ II արարի

Զրուցեց` Հասմիկ Սարգսյանը

Շարունակությունը՝ հաջորդիվ

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20