Վատատեսական սցենարներ մեր երկրի համար

- in Կեղտոտ լվացք
Eraguyn

Ազգային ժողովն այսօր մեկնարկած քառօրյայում սկսել է 2016 թվականի բյուջեի նախագծի քննարկումը: Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ներկայացնելով բյուջեի նախագիծը, կրկնեց այն վատատեսական սցենարները, որոնք վերջին շրջանում հայտարարել էին ՀՀ կառավարության անդամները:

ՀՀ ֆինանսների նախարարի համոզմամբ, դժվար է պատկերացնել, որ 2016 թվականի պետական բյուջեի հիմքում դրվող ցուցանիշները կամ կանխատեսումները հնարավորություն են ընձեռում լուծել մեր բոլոր խնդիրները, ցավոք, ներկա տնտեսական իրողությունների պայմաններում նման հնարավորություններ չկան. «Հենց դա է պատճառը, որ ձեր քննարկմանը ներկայացված պետական բյուջեի նախագիծը պահպանողական է, համեստ, սակայն միևնույն ժամանակ իրատեսական»:

Գագիկ Խաչատրյանը մասնավորեց, որ դեռևս նախորդ տարիներից սկսած մեր տնտեսությունում նկատվող բացասական երևույթները, որոնք օբյեկտիվ պատճառներ ունեն ու առավելապես պայմանավորված են արտաքին, կառավարության կողմից անվերահսկելի գործոններով, դեռևս շարունակվում են և առանձին ուղղություններով ավելի են խորանում: Նրա խոսքով՝ մասնավորապես օտարերկրյա ներդրումների ծավալների, արտերկրից, հատկապես ՌԴ-ից ստացվող դրամական փոխանցումների մակարդակի նվազումը, սպառման մակարդակի ու տնտեսական ակտիվության ոչ այնքան բարձր ցուցանիշը չեն նպաստում հարկային լրացուցիչ եկամուտների հավաքագրմանը. «Բացի այդ, մի շարք գործոններ հնարավորություն չեն ընձեռում ամրապնդել հարկաբյուջետային կայունության մակարդակը, կրճատել բյուջեի դեֆիցիտը, հաջողությամբ սպասարկել պետական պարտքն ու միջոցներ ձեռնարկել դրա կրճատման ուղղությամբ, առավել մեծ չափով ընդլայնել կրթական, սոցիալական, առողջապահական և այլ հանրօգուտ ոլորտներում ծրագրերի իրականացումը, ձեռնարկել նոր, առավել հավակնոտ ծրագրեր, նպաստել տնտեսության զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ձևավորմանը»:

Spread the love