Քրիստինե Չթչյան. «Քաղաքականություն եմ մուտք գործել հոգու պոռթկումով»

- in Ով ով է ...
Kristina Chtchyan Sedrak Erkanyan

Հասարակական ակտիվ դերակատարում ունեցող արվեստագետների թիվը մեզանում գնալով ավելանում է, և նրանց շարքերը լրացնելու լուրջ մտադրությամբ է Քրիստինե Չթչյանը մուտք գործել քաղաքականություն: Քրիստինեն երաժշտական աշխարհում հայտնի Չթչյանների գերդաստանից է, ջութակահար, հանրահայտ «Տաղարան» համույթի անդամը: Լայն հանրության հետ նրա շփումը եղել է միջնորդավորված՝ երաժշտության միջոցով, երբ իր հոգու պոռթկումը մարդկանց լսելիքին է հասցրել խոսքերով մեկնաբանման կարիք չունեցող ելևէջներով:

Բայց Քրիստինե Չթչյանի մուտքը քաղաքականություն, ամենայն հավանականությամբ, կանխորոշված էր: «Ժառանգություն» կուսակցությանն իր անդամակցությունը երիտասարդ երաժիշտն այսպես է բացատրում. հասարակության զարկերակը նրա մշակույթն է, իսկ այդ ոլորտում որոշում կայացնողները, ազգի համար հիրավի ճակատագրական հանդիսացող մշակութային քաղաքականություն մշակողները, ոլորտի պատասխանատուները, մեծ մասամբ, քաղաքական գործիչներն են, որոնք, ցավոք, հաճախ չունեն մշակութային մտածողություն, նրանց որոշումները ոչ միշտ են ընդունվում հանրային շահերի հաշվառմամբ: Հայտնի ասույթ է՝ եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունն է զբաղվում քեզնով: Եվ Քրիստինեն որոշեց ոչ միայն ակտիվորեն հետևել մեր երկրում ընթացող քաղաքական գործընթացներին, այլ վերջին մեկ տարում առավել ակտիվորեն ընդգրկվեց նրանցում: Կուսակցության շարքերն անցնելու որոշումն ավելի էր ամրապնդվում, երբ ամեն անգամ, պետական կոնսերվատորիայից դեպի տուն քայլելիս, տեսնում էր սեփական քաղաքական դիրքորոշումները հացադուլի կերպով պնդող քաղաքական լիդերին: Իր համակրանքն արտահայտելու կերպը, նախ, դարձյալ երաժշտությունն էր:

Ազատության հրապարակում տված ինքնաբուխ մենահամերգը Քրիստինեի անդրանիկ քայլն էր քաղաքականության մեջ: Դրան հաջորդեցին պրակտիկ քայլերը. 2013 թ. Երևանի ավագանու ընտրություններում հանդես եկավ որպես «Ժառանգություն» կուսակցության վստահված անձ: Բայց, ինչպես արվեստում, քաղաքականության մեջ ևս հաջողության են հասնում պրոֆեսիոնալները: Առաջնորդության լուրջ և հիմնավոր դասերն առնելու ակնկալիքով է Ք. Չթչյանը դիմեց ԱԺԻ առաջնորդության դպրոց: Քաղաքականությանը վերաբերող հատուկենտ սեմինար-ուսուցումները բավարար չէին՝ հիմնավոր գիտելիքներ ունենալու համար: «Համոզված էի, որ այս դպրոցում շատ հետաքրքիր է լինելու,- ասում է Քրիստինեն: – Առաջնորդության դպրոցի նախորդ տարիների շրջանավարտները կուսակցության գրասենյակում տեղեկացրել էին թեմաների և գիտելիքների այն բազմազանության մասին, որ մատուցվում են դասընթացներում: Հետաքրքրված եմ նաև ԱԺԻ Երիտասարդ առաջնորդների համակարգող խորհրդի նախաձեռնություններով, որոնց, և հատկապես մարդասիրական բնույթի միջոցառումներին սիրով մասնակցել եմ: Ինքս էլ մեկ անգամ չէ, որ կարիքավորներին օգնության ձեռք մեկնելու աղերսներին արձագանքելով՝ հանդես եմ եկել բարեգործական համերգներով:

Հ. Սարգսյան; Ֆեյսբուք

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20