Ֆրանսիան մտադիր է ահաբեկիչներին անողոք հարված հասցնել

- in Հասարակություն
Barak Obama

Ֆրանսիան փակել է սահմաններն ու հայտնել Փարիզում 1500 հոգանոց զորք մտցնելու մասին՝ կապված ահաբեկչական սպառնալիքի հետ։ Այս մասին հայտնում է France24-ը՝ հղում անելով ներքին գործերի նախարար Բեռնար Կազնևին։

Երեկ երեկոյան տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների զոհերի ընդհանուր թիվը կազմել է առնվազն 150 մարդ։ Հաղորդվում է 215 վիրավորի մասին, որից 83-ի վիճակը ծանր է:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում ահաբեկչությունների շարքից հետո հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի գործընկեր Բարաք Օբամայի հետ: Այս մասին France Press-ին հայտնել է Օլանդի շրջապատից աղբյուրը:

Գործակալության տվյալներով՝ պետությունների ղեկավարները քննարկել են ահաբեկչության դեմ պայքարին մասնակցությունը: Ավելի վաղ Օբաման հայտարարել էր, որ ԱՄՆ-ը Ֆրանսիային օգնություն է առաջարկել՝ կապված Փարիզում հարձակումների հետ:

Հիշեցնենք. երեկ երեկոյան անհայտ անձինք հրաձգություն են իրականացրել Փարիզի 10-րդ շրջանի ռեստորաններից մեկում, 11-րդ շրջանի «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտից անմիջական հեռավորության վրա և մի քանի այլ կետերում։ Կրակոցներն ու պայթյունները հնչել են Ֆրանսիա – Գերմանիա ընկերական խաղի ժամանակ։

Ֆրանսիան մտադիր է ահաբեկիչներին անողոք հարված հասցնել՝ հայտարարել է երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդը լրագրողներին՝ ահաբեկչության թիրախ դարձած վայրերից մեկի մոտ։

«Մենք կցանկանայինք լինել այստեղ՝ նրանց թվում, ովքեր տեսել են այդ սարսափները՝ ասելու, որ մենք անողոք պայքար կմղենք։ Ահաբեկիչները, ովքեր պատրաստ են նման սոսկալի բաների, պետք է իմանան, որ նրանք գործ կունենան Ֆրանսիայի ողջ վճռականության հետ»,- ասել է նախագահը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախագահը վարչապետի, ներքի գործերի ու արդարադատության նախարարների հետ ուղևորվում է Փարիզի համերգասրահ, որտեղ անհայտ անձինք կրակոցներ էին արձակել ու պատանդներ վերցրել։ Նշվում է համերգասրահում 100-ից ավելի մարդկանց մահվան մասին։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20