ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի նոր փորձերը Հայաստանում

- in Վերլուծական
Nato

Առաջիկայում չի նախատեսվում ՆԱՏՕ-ի հետ նոր գործընկերների համագործակցության ինստիտուցիոնալ հիմքերի զարգացում, համագործակցությունը սահմանափակվելու է IPAP ծրագրով, որը կարող է լրացվել ու զարգանալ: Համենայնդեպս, մինչեւ ՆԱՏՕ-ի հերթական վեհաժողովը համագործակցության ձեւաչափի էական փոփոխություն չի լինի:

Սակայն IPAP-ը թույլ է տալիս նշանակալի ընդլայնել առկա խնդիրները եւ նոր գործընկերներին հնարավորություն է տալիս զինված ուժերի բարեփոխման հարցում օգտվել ՆԱՏՕ-ի աջակցությունից: Կարեւոր հանգամանք է այն, որ նոր գործընկերները կարող են մասնակցել Եվրոպական միության անվտանգության համակարգի զարգացմանը:

Ներկայում նոր գործընկերների, ավելի ճիշտ՝ եվրատլանտյան գործընկերության մեջ են այն պետությունները, որոնք գտնվում են այն տարածաշրջաններում, որոնք ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ն ու Եվրամիությունը դիտարկում են իրենց շահերի գոտի, եւ նույնիսկ ԱՄՆ ակտիվության նվազման պայմաններում նրանք չեն կարող դուրս դրվել այդ շահերի գոտուց եւ մնալու են ամերիկյան ու եվրոպական քաղաքականության ծիրում:

Որոշակի պետությունների կողմից այդ տարածաշրջանների հանդեպ ագրեսիայի կամ ռազմական ճնշման նախազգուշացման առավել արդյունավետ միջոց կլիներ այդ ուղղություններով ամերիկյան ռազմական բազաների տեղակայումը, սակայն դա նախատեսված չէ Սեւ ծովի ու Հարավային Կովկասի դեպքում: Առայժմ խոսքն այն որոշումների մասին է, որոնք կապված են հակահրթիռային պաշտպանության համալիրների տեղակայման հետ, օրինակ՝ Ռումինիայի սեւծովյան ափերին, սակայն դա սահմանափակ լուծում է:

Դա կապված է ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Թուրքիայի հետ հարաբերություններում մի շարք խնդիրների հետ, սակայն այս հանգամանքը կարող է հաղթահարվել: Հարավային Կովկասը, հատկապես Վրաստանն ու Հայաստանը ԱՄՆ-ի ու Եվրամիության կողմից դիտարկվում են որպես արեւմտյան հանրությանն առավել մերձավոր տարածաշրջան, եւ նրա անվտանգության խնդիրները չեն կարող անտեսվել: Սակայն խնդիրն այն է, թե ինչպես են լուծվելու այդ հարցերն առանց տարածաշրջանների երկրները ՆԱՏՕ-ի կազմ ներգրավելու:

Պետք է նշել, որ Վրաստանը, որը մեծ հիմարություն է արել, հարձակվելով Հարավային Օսիայի վրա ու բարդացնելով իր ճանապարհը դեպի ՆԱՏՕ, այնուամենայնիվ Դաշինքին բերել է այն բանի ընկալմանը, որ անհրաժեշտ է տարածաշրջանի անվտանգության հարցերով մշակել առավելագույն միջոցառումներ:
Ներկայում որոշում կա, որ Վրաստանի զինված ուժերը դառնում են ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի մասը, ինչը Դաշինքի կարեւորագույն մեխանիզմն է եւ հնարավորություն է տալիս օպերատիվ արձագանքել ճգնաժամերին: Սա խոսում է ՆԱՏՕ-ի ստանդարտներով վրացական զինված ուժերի համապատասխան պատրաստվածության մասին:

Մերձավոր Արեւելքի երկրները, նախեւառաջ Պարսից ծոցի արաբական երկրներն օգտվում են ԱՄՆ-ի հետ որոշակի պայմանագրային պարտավորություններից ու ամերիկյան զինված ուժերի ներկայությունից: Հարավային Կովկասը չի կարող օգտվել այդ առավելությունից, եւ Ռուսաստանի ագրեսիայի դեպքում ՆԱՏՕ-ն ռազմական գործողություններ չի ձեռնարկի:

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն հեռանում են Կենտրոնական Ասիայից, ներառյալ Աֆղանստանը, չնայած նրան, որ առայժմ հասկանալի չեն այս տարածաշրջանի հեռանկարները: Սակայն հնարավոր չէ հեռանալ Հարավային Կովկասից կամ նվազեցնել ուշադրությունը, այս տարածաշրջանը Եվրոպայի բաղկացուցիչ մասն է, այն ռազմավարական ահռելի նշանակություն ունի Եվրոպայի ու ԱՄՆ-ի անվտանգության համար, եւ երկարատեւ անուշադրությունը կարող է հանգեցնել վակուումի, ինչն անթույլատրելի է:

Ադրբեջանն արդեն չի համարվում Հարավային Կովկասի մաս, այլ հնարավոր է՝ Կասպիական-կենտրոնասիական տարածաշրջանի: Սակայն Վրաստանն ու Հայաստանն անհնար է անտեսել որպես եվրոպական երկրներ, հաշվի առնելով մի շարք պատմական ու մշակութային առանձնահատկություններ:

Հայաստանը հասցրել են ռուսական վասալի վիճակի, ինչը նշանակում է ինքնիշխանության կորուստ, սակայն ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն, որոշակի սպասումներից հետո, անցել են Ռուսաստանի բացարձակ ենթակայությունից Հայաստանը դուրս բերելու նոր փորձերին: Ընդ որում, դա իրականացվում է ոչ միայն պաշտպանական պահվածքի մասով, այլեւ արտաքին քաղաքականության ու տնտեսության ոլորտներում:

Ռուսաստանն ընկրկել է եւ հասկանում է, որ ստիպված է լինելու բավական զոհողություններ կամ զիջումներ անել եվրոպական քաղաքակրթության ոլորտ վերադառնալու համար: Հարց է առաջացել՝ որքանով ռուսները «կնահանջեն» իրենց դիրքերից, այդ թվում Հարավային Կովկասում:

Սիրիան, անշուշտ, մանրադրամ է դառնալու խաղում, որքանով այդ դերը կկատարի Հարավային Կովկասը:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ; www.lragir.am

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20