ԱՄՆ հետախուզությունն Օբամային հայտնել է ԴԱԻՇ-ի գրոհայինների թվի մեծացման վտանգի մասին

- in Միջազգային
Barak Obama

Սպիտակ տան պատվերով նախապատրաստված նոր զեկույցում ԱՄՆ հետախուզությունը ամերիկյան վարչակազմին զգուշացրել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինների թվի մեծացման վտանգի մասին: 

ԱՄՆ պաշտոնատար անձինք հայտնել են, որ ԴԱԻՇ-ի վերաբերյալ նոր զեկույցը կանխատեսում է, որ ահաբեկչական խմբավորումը տարածվում է ամբողջ աշխարհում և աճում է թվաքանակով, եթե միայն Իրաքում և Սիրիայում չկորցնի զգալի տարածքներ:

Նշվում է, որ նոր հետազոտության տվյալներն ուղղակի հակասում են նախագահ Բարաք Օբամայի վերջին արտահայտություններին, թե ԴԱՒՇ-ին հաջողվում է զսպել:

Տեքստում հաղորդվում է, որ Օբաման փաստաթղթի հետ ծանոթանալուց հետո երկրի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերին և ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի ղեկավար, գեներալ Ջոզեֆ Դանֆորդին խնդրել է մշակել խմբավորման ոչնչացման նոր առաջարկներ: Նման խորհուրդներից մեկը հատուկ ստորաբաժանումների տեղակայումն էր՝ Իրաքում և Սիրիայուն ԴԱԻՇ-ի ոչնչացման համար ռեյդեր անցկացնելու նպատակով:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ազգին հղված ուղերձում հայտարարել է, որ նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների շարքից հետո ԱՄՆ-ը կտրուկ մեծացրել է ԵՄ երկրների հետ հետախուզական տվյալների փոխանակությունը։

«Փարիզի հարձակումների ժամանակից ի վեր մենք կտրուկ մեծացրել ենք մեր եվրոպացի գործընկերների հետ հետախուզական տվյալների փոխանակությունը»,- ասել է նա։

Պետության ղեկավարը նշել է, որ ամերիկացի զինվորականները կշարունակեն ահաբեկիչների որսն ամենուր, որտեղ անհրաժեշտ է։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Բարաք Օբաման և Ֆրանսուա Օլանդը հեռախոսազրույցի ընթացքում հաստատել են ահաբեկչության դեմ պայքարում իրենց համագործակցության հանձնառությունը։

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հատուկ հեռուստաուղերձում կալիֆոռնիական Սան Բերնարդինո քաղաքում մարդկանց զանգվածային գնդակոծումն անվանել է ահաբեկչություն և ԱՄՆ Կոնգրեսին կոչ արել արտոնել ռազմական ուժի կիրառում այդ խմբավորման դեմ։

«Դա եղել է ահաբեկչական ակտ՝ ուղղված անմեղ մարդկանց սպանությանը»,- ասել է Օբաման՝ մեկնաբանելով Սան Բերնարդինոյի ողբերգությունը։

Օբաման նշել է, որ ահաբեկչական սպառնալիքն իրական է, և ԱՄՆ-ը մտադիր է հաղթահարել այն՝ սկսելով իսլամիստների դեմ պատերազմի նոր փուլ։ «Մենք կոչնչացնենք ԴԱԻՇ-ը կամ ցանկացած այլ կազմակերպություն, որը կփորձի մեզ վնաս պատճառել»,- ասել է նա՝ վստահեցնելով, որ ամերիկացի զինվորականները կշարունակեն ողջ աշխարհում ահաբեկիչների դեմ որսը։

«Կարծում եմ՝ եկել է ժամանակը, որ Կոնգրեսը քվեարկի (համապատասխան օրինագծի օգտին)՝ ցույց տալու, որ ամերիկացի ժողովուրդը միասնական է և հանձնառու այդ պայքարին»,- ասել է նախագահը։

Օբաման, սակայն, նշել է, որ ԱՄՆ-ը չպետք է «թանկարժեք ցամաքային գործողություն» սկսի։ Նրա փոխանցմամբ՝ խոսքը Իրաք և Սիրիա հատուկ նշանակության նոր ուժերի ուղարկման, ինչպես նաև պայքարի համար տասնյակ հազարավոր իրաքցիների ու սիրիացիների նախապատրաստման մասին է։

Սպիտակ տան ղեկավարը կրկին հիշեցրել է, որ Վաշինգտոնն Անկարայի հետ համատեղ զբաղվում է թուրք-սիրիական սահմանի վերահսկմամբ և փորձում վերացնել ԴԱԻՇ-ի գրոհայինների մատակարարումների ուղիները։

Ինչպես հայտարարել է Օբաման՝ ԱՄՆ-ը մտադիր է օգտագործել բոլոր հնարավորություններն ահաբեկչությանը դիմակայելու համար՝ ներառյալ համագործակցությունն իր դաշնակիցների ու Ռուսաստանի հետ։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20