ԱՄՆ որոշումները խուճապ են առաջացրել Ռուսաստանում

- in Հրապարակ
usa russia

Ռուսաստանի պետական եւ մեդիա-փորձագիտական շրջանակներն ակտիվ քննարկում են ԱՄՆ-ի երկու որոշումները, որոնք կարող են ճակատագրական լինել Մոսկվայի համար:

Այդ որոշումներից մեկն արդեն կայացվել է՝ 2006-ից ի վեր առաջին անգամ ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգը որոշել է բարձրացնել տոկոսադրույքը: Այն բարձրացվել է 0.25%-ով: Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Ջանեթ Յելենը չի բացառել տոկոսադրույքի բարձրացումն ամբողջ տարվա ընթացքում, որի հետեւանքով դոլարն ամրապնդվելու է: Բարձրացման համար հիմք է ծառայել ԱՄՆ տնտեսական վերականգնումը:

Երկրորդ որոշումը վերաբերվում է նավթի արտահանման արգելքը հանելուն: Քննարկումներն ընթացքի մեջ են, եւ մոտ ժամանակներս ԱՄՆ Կոնգրեսն ու նախագահը կարող են կայացնել այդ որոշումը:

ԱՄՆ այս որոշումներին սպասում են ողջ աշխարհում, քանի որ դրանից են կախված համաշխարհային արժութային ու տնտեսական զարգացումները: Այս որոշումներին հատկապես տագնապով են սպասում Ռուսաստանում, եւ Մոսկվայում արդեն շատ շրջանակներ դրանք համարում են Ռուսաստանի դեմ ուղղված որոշումներ:

Բանն այն է, որ դրանց արդյունքում նավթի գինն անկում կապրի, առավել եւս այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հանի Իրանի պատժամիջոցները, որի արդյունքում Իրանը նույնպես կմեծացնի նավթի արտահանումը: Բացի այդ, սպասվում է ռուսական ռուբլու էլ ավելի արժեզրկում:

Ռուս փորձագետները չեն բացառում, որ նավթի գինը կարող է ընկնել մինչեւ 20 դոլար մեկ բարելի դիմաց, որի դեպքում Ռուսաստանում արդեն անհնար կլինի վճարել աշխատավարձն ու թոշակները, իրականացնել սոցիալական նվազագույն ծրագրեր: Բարդություններ կլինեն, բնականաբար, նաեւ այլ ոլորտներում:

ԱՄՆ այս որոշումներն իսկապես ծանր հարված են լինելու Ռուսաստանի տնտեսությանը, որի տնտեսա-քաղաքական ներկայիս բնույթը չափազանց խոցելի է նման զարգացումների հանդեպ:

Արդյոք դրանք իսկապես քաղաքական որոշումներ են, որոնք ուղղված են Ռուսաստանի դեմ: Ռուսաստանի «դավադրության տեսաբանները» հակված են հենց այդ վարկածին, մի բան սակայն ակնհայտ է՝ համաշխարհային առաջատար ԱՄՆ-ի ցանկացած որոշում ազդում է համաշխարհային տնտեսա-քաղաքական զարգացումների վրա: ԱՄՆ-ն լուծում է իր «ներքին» խնդիրները, որոնք սակայն իրենց էությամբ գլոբալ են, քանի որ աշխարհն առայժմ «կախված» է ԱՄՆ-ից:

Բնականաբար, այս իրավիճակում ԱՄՆ-ն ստանում է մանեւրի լայն հնարավորություն երկրների հետ հարաբերություններում ու պայմանավորվածություններում: Ռուսաստանը բացառություն չէ:

Հատկանշական է, որ Դաշնային պահուստային համակարգի այս որոշման նախօրեին Մոսկվայում էր ԱՄՆ պետքարտուղար Քերին: Դատելով հրապարակային տեղեկատվությունից, քննարկվել է Սիրիայի խնդիրը, սակայն լայն համատեքստով: Քերին ակնարկել է, որ երբ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը միասին են գործում, արդյունքը շատ մեծ է լինում: Մոսկվան բանակցություններում փորձել է Ուկրաինայի խնդիրները կապել Սիրիայի հետ, սակայն ԱՄՆ-ն մերժել է, հասկացնելով, որ այդ հարցում «առեւտուրը տեղին չէ»:

Համաշխարհային մամուլում առայժմ զուսպ գնահատականներ են հնչում ԱՄՆ-ի այս որոշումների հետեւանքների վերաբերյալ: Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա հասկանալի է, որ Հայաստանը զերծ չի մնալու Ռուսաստանի տնտեսության վրա այդ որոշումների ազդեցության խիստ բացասական հետեւանքներից:

Մյուս կողմից, որքան էլ տարօրինակ հնչի, ԱՄՆ այս որոշումները շանս են Հայաստանի համար՝ պոկվելու եվրասիական ճահիճից: Բանն այն է, որ հայ-ռուսական հարաբերություններում ներկայում արդեն ուրվագծվում է յուրահատուկ իրավիճակ՝ որքան Ռուսաստանը թուլանա, այնքան մեծանում են Հայաստանի հնարավորությունները, այդ թվում՝ Ռուսաստանի հարցում իրական գործընկերային հարաբերություն հաստատելու հարցում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20