Աշոտ Գաբրիելյան. Բանաստեղծություններ

- in Մշակույթ

Կիրակնօրյա ընթերցումներ. /Ժամանակակաից պոեզիա/

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Իմ գլուխը երբեք

Բարձր չեղավ.

Ու քայլեցի թեև ես դարերի միջով`

Ոչ մի անգամ քեզ հասու չեղա

Ու չունեցա ես քեզ

Հանրապետություն…

Ես տքնեցի, սակայն

Իրար հասու չեղանք.

Մեծամեծեր եղան գորշ ու արնախում,

Վաշխառուներ եղան` գայլից ագահ,

Ու չհասա ես քեզ

Հանրապետություն…

Կիսաճամփիս ծլած

Բաշիբոզուկներ

Քեզ ունեցան թեկուզև մեկ անգամ,

Բայց իմ ճամփեն խոտոր ու գաղթական,

Քեզ չունեցա երբեք

Հարապետություն…

Եվ ամբարիշտ ու նենգ

Արքաներ ցկնեցիր,

Որոնց համար մենք

Եղած-չեղած,

Թեկուզև ունեցանք մենք պետություն`

Շեֆությունից էն կողմ բան չունեցանք…

 

ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՔԱՅԼ ԱՌ ՔԱՅԼ

Քեզ սպանում են.

Քեզ բանտարկում են.

Քեզ լռեցնում են.

Քեզ արժեզրկում են:

 

ԱՐՏԱԳԱՂԹ ԸՍՏ ԳԱԼՇՈՅԱՆԻ

Ջրի կորուստ` անդարձ կորուստ չէ,

Գազի կորուստ` անդարձ կորուստ չէ,

Էլեկտրաէներգիայի կորուստ անդարձ կորուստ չէ:

Ջուրն ու գազը էլի մի օր կհանդիպեն:

Մարդու կորուստ` կորուստ է:

***

Բոլորն էլ գիտեն

Անցնելիք ճամփեն.

Ինչո՞ւ են

Վերադարձը

Ինձ ու քեզ թողել…

Մի՞թե մահը սովորություն է…

 

ՉԿԱՅԱՑԱԾՈՒԹՅՈՒՆՍ

Շատ տխուր է.

Էլ տիեզերագնաց չեմ կարող դառնալ.

Ֆիզիկոս չեմ կարող դառնալ այլևս,

Աճառյանի չափ լեզու չեմ կարող իմանալ.

Սպորտի համար վաղուց արդեն անպիտան եմ:

Թերևս հաջողվի

Ու դառնամ ամենահարուստը.

Բայց ինչ նշանակություն ունի,

Երբ արդեն սպառել են

Վաղամեռիկ բանաստեղծ լինելու

Ժամանակը…

***

մի պատասխանի

ինչ իմաստ ունի սիրո խոսքերը

երբ ամեն ինչ կարող ենք նորից սկսել

չէ որ ինձ

ինձ համար ես դավաճանում

 

***

Այլևս ոչ ոք չի ստիպի քեզ սիրել,

Ու դու այլևս չես հավատա սրտին.

Նույն գնացքը նույն ճանապարհն է անցնում

Ծերացած ու զսպող ռելսերով`

Գյուղից քաղաք,

Քաղաքից գյուղ,

Եվ թվում է,

Թե քո ընթացքը վաղուց անցել ես…

Արձակ տողեր ես մոգոնում`

Ընդարձակելով սրտի չափման տարածքը…

Եվ ընդվզում ես,

Որ սիրտդ թողել ես

Բանաստեղծության չափերի մեջ,

Ուր բոլոր ռիթմերը դադարներ են գուժում…

Մեռնելուց առաջ,

Երբ մի հատիկ խոսք ուզեն,

Ես ի՞նչ եմ ասելու…

 

E-MAIL ՆՐԱՆ, ՈՒՄ ԷԼ ՆԱՄԱԿ ՉԵՄ ԳՐՈՒՄ

Ինչ լավ է`

Հիմա իմ ուղարկած նամակներից

Անփութությունս չեն զգում.

Ո՛չ թունդ ծխախոտի հոտը կա,

Ո՛չ թափված սուրճի հետքը,

Ոչ էլ ներվերս…

Լատինատառ պատասխաներն են փաստում,

Որ ինձ մոտ ամեն ինչ լավ է…

Չբացված նամակներն եմ ուղարկում

Գրողի ծոցը…

Թուղթ ու գիր եմ խաղում…

 

***

5 տարեկան.

Կյանքի համար դեռ խակ եմ…

10 տարեկան.

Կյանքի համար դեռ խակ եմ…

15 տարեկան.

Կյանքի համար դեռ խակ եմ…

20-25 տարեկան.

Կյանքի համար դեռ խակ ու խակ եմ…

25-35 տարեկան.

Խակ եմ…

35-45.

Երբ ենք հասունանալու…

60.

Պապերդ էլ չհասկացան 70-ից հետո.

Որոնելն անիմաստ է…

…Երբ կավարտվի…

Ով է ինչ հասունացում` չհասկացա…

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20