«Բաշիբոզուկների խրախճանքի վերջը մի օր գալո՞ւ է»

«ՀԱՆՈՒՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ» հասարակական կազմակերպության հայտարարությունը.

Ավարտին է մոտենում 2015 թվականը։ Այն հաջողություններ, առաջընթաց, ցավոք, չարձանագրեց մեր երկրում՝ աղքատության հաղթահարման, արտագաղթի կասեցման, նոր աշխատատեղերի ստեղծման, կոռուպցիայի դեմ պայքարի, անպատժելիության վերացման առումով։

Անցնող տարին կհիշվի ժողովրդի կամքի բռնի ոտնահարմամբ, երկրում չարի մթնոլորտի ամրապնդմամբ, հանրաքվե անունով միջոցառման միջոցով վերարտադրվելու անհագուրդ ցանկության իրականացմամբ, «անհաճոների» հետապնդմամբ:

Միայն կառավարությունը փոխելով` հնարավոր չէ լուծել երկրում կուտակված խնդիրները, հաղթահարել օրեցօր խորացող համակողմանի ճգնաժամը։

Գահավիժող տնտեսությունը, դրամի սրընթաց արժեզրկումը, դրսից ստացվող տրանսֆերտների կտրուկ նվազումը և դրա հետ ուղեկցվող դրամի աճը անելանելի վիճակի մեջ է դնում մեր բնակչության մեծամասնությանը, հղի են սոցիալական աղետալի հետևանքներով` աղքատության կտրուկ աճով և արտագաղթի նոր ալիքով։

Ակնհայտ է, որ վերջերս ընդդիմադիր գործիչների, ընդդիմադիր հայացքներ ունեցող ազատամարտիկների նկատմամբ իրականացված բռնությունները կրում են կազմակերպված բնույթ և իրականացվել են հասարակության մեջ վախի մթնոլորտ հաստատելու և ընդդիմադիր գործիչներին լռեցնելու նպատակով։

Հարգելի հայրենակիցներ:

Հայաստանը 2015 թվականին անդամակցեց ԵՏՄ-ին։ Գաղտնիք չէ, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը պայմանավորված է նաև անվտանգության գործոնով, որն իր արդյունքները չտվեց։

Սակայն երկրի հուսալի ապագան ապահովելու համար պետք է առաջին հերթին լուծենք մեր ներքին խնդիրները և վերացնենք ներքին սպառնալիքները։ Իսկ ամենամեծ սպառնալիքը մեր երկրի, մեր ազգի ապագայի համար մի խումբ մարդկանց կողմից ընտրությունները կեղծելու միջոցով իշխանության բռնազավթման շարունակականությունն է։ Բաշիբոզուկների խրախճանքի վերջը մի օր գալու՞ է:

Լավ, ինչքան է հնարավոր թուք ու մրի, անեծքի առկայությամբ իշխել: Չհոգնեցի՞ք:

Եթե կամենում ենք ապրել իրոք ազատ, անկախ երկրում, առաջնահերթ խնդիր է մնում գործող վարչախմբի հեռացումը և ժողովրդավարական ընտրությունների միջոցով նոր իշխանության ձևավորումը։

Թող որ 2016 թվականը դառնա մեր ժողովրդի իղձերի, երազանքների իրականացման տարի, թող որ երկրում թևածի միայն լույսն ու ուրախությունը …

Հավատում ենք, որ ամեն ինչ լավ կլինի:

Վարդան Գրիգորյան

«ՀԱՆՈՒՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ» ՀԿ քաղաքական խորհուրդի անունից՝ ՀԿ նախագահ 

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20