Երկրորդ քաղհայցը Փաստաբանների պալատի դեմ

dat

Forrights.am. Փաստաբան Երվանդ Վարոսյանը հայց է ներկայացրել դատարան իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Փաստաբանների պալատի որոշման դեմ: Հայցադիմումի համար հիմք է հանդիսացել Փաստաբանների պալատի խորհրդի նիստում տեղի ունեցած միջադեպը՝ փաստաբաններ Երվանդ Վարոսյանի և Տիգրան Խուրշուդյանի միջև:

Այս տարվա հուլիսի 2-ին Փաստաբանների պալատի աշխատակից Վիլսոն Մարտիրոսյանը, ով պալատի նախագահ Արա Զոհրաբյանի մորաքրոջ որդին է, դիմում է ներկայացրել պալատ՝ հայտնելով, որ մայիսի 27-ին պալատի 4-րդ հարկից աղմուկ լսելով՝ մոտեցել է խորհրդի նիստերի դահլիճ և տեսել, որ խորհրդի անդամներ Տիգրան Խուրշուդյանն ու Երվանդ Վարոսյանը քաշքշում են միմյանց:

Պալատի նախագահի որոշմամբ հարուցվել է կարգապահական վարույթ և նրանց պատասխանատվության ենթարկելու մասին որոշում կայացվել: Ինչպես Վարոսյանի, այնպես էլ Խուրշուդյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ խիստ նկատողություն և իրենց հաշվին լրացուցիչ էթիկայի վերապատրաստման դասընթացների մասնակցության լրացուցիչ կարգապահական տույժ:

Վարոսյանը գտնում է, որ խորհրդի որոշումն անհիմն է, չպատճառաբանված, ընդունվել է իրավական նորմերի պահանջների խախտմամբ, հետևաբար ենթակա է վերացման: Ըստ հայցի՝ Վարոսյանի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցումն ի սկզբանե եղել է անօրինական, քանի որ պալատի նախագահ Արա Զոհրաբյանը կաշկանդված է եղել իր մորաքրոջ որդու դիմումի հիման վրա կարգապահական վարույթ հարուցելու հարցում, ում հենց ինքն է աշխատանքի ընդունել:

«Նշվածը ողջամիտ կասկած է հարուցում առ այն, որ Վիլսոն Մարտիրոսյանը չէր կարող առանց Արա Զոհրաբյանի ցուցումի կամ դրդման դիմում ներկայացնել խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցածի մասին: Հավանաբար նաև դա է պատճառը, որ Մարտիրոսյանը շուրջ վեց օր մտորումների մեջ է գտնվել նախքան իր մորաքրոջ որդուն՝ Արա Զոհրաբյանին դիմում ներկայացնելը: Պարզվել է, որ դիմումի հեղինակն ու դրան ընթացք տվողը նույն անձնավորությունն է»,- նշված է հայցում:

Վարոսյանըը պնդում է, որ Փաստաբանների պալատի նախագահն առհասարակ իրավասու չէ փաստաբանների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցել, եթե դա առնչվում է փաստաբանների միջև առաջացած մասնավոր իրավահարաբերություններին:

«Տվյալ պարագայում կարգապահական վարույթ հարուցելիս պալատի նախագահի տրամադրության տակ չեն գտնվել փաստական հանգամանքներ, որոնք առերևույթ կասկած կարող էին առաջացնել, որ փաստաբաններ Երվանդ Վարոսյանի և Տիգրան Խուրշուդյանի միջև առկա են եղել այնպիսի իրավահարաբերություններ, որոնք կարգավորվում են կանոնագրքիշրջանակներում»,- ասված է հայցում:

Ըստ Վարոսյանի իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը կայացվել է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի մի քանի կետերի պահանջների խախտմամբ: Մասնավորապես՝ կարգապահական վարույթի քննությանը մասնակցած և որոշում կայացրած պալատի 5 անդամներ պարտավոր էին բացարկ հայտնել` հաշվի առնելով իրենց՝ վկա հանդիսանալու, օրակարգով քննարկման դրված հարցին առնչվելու, գործի ելքով շահագրգռված լինելու, կողմի նկատմամբ կողմնակալ վերաբերմունքի կամ աշխատանքային կախվածություն ունենալու համգամանքները, որը, սակայն չեն արել:

Խոսքն այն մասին է, որ խորհրդի հինգ անդամները` Կարեն Մեժլումյանը, Մարտուն Փանոսյանը, Մելանյա Առուստամյանը, Սիմոն Բաբայանը և Նելլի Հարությունյանը տարբեր պաշտոններ են զբաղեցնում ՀՀ Փաստաբանների պալատում, Հանրային պաշտպանի գրասենյակում և Փաստաբանական դպրոցում, ինչն, ինչպես նաև մի շարք այլ հանգամանքներ հայցվորի մեջ ողջամիտ կասկած են հարուցել նրանց անկողմանակալության հարցում:

Ըստ Վարոսյանի, վերը նշված անդամներն անկողմնակալ և անաչառ չէին կարող լինել Արա Զոհրաբյանի մորաքրոջ որդու դիմումի քննության հարցում, այն էլ այն դեպքում, երբ կարգապահական վարույթը հարուցվել է պալատի նախագահի որոշմամբ: Բացի այդ՝ խորհրդի մի քանի անդամներ առնչվել են միջադեպի օրվա օրակարգով քննարկման դրված հարցին, գտնվել են խորհրդի նիստերի դահլիճում և հանդիսանում են շահագրգիռ անձ:

Այդ նույն անդամները հանդիսացել են Վարոսյանի կարգապահական վարույթի գործով վկաներ, հետևաբար չէին կարող մասնակցել վարույթին` որպես որոշում ընդունելու իրավասություն ունեցող անաչառ և անկողմանակալ անդամներ, սակայն նրանք որպես խորհրդի անդամ մասնակցել և որոշում են կայացրել, և դա այն դեպքում, երբ նախապես տեղյակ են եղել իրենց որպես վկա հարցաքննելու Վարոսյանի ներկայացուցիչների մտադրության մասին:

Հայցում առանձին անդրադարձ է կատարվել նաև դիմողի և վկայի բացատրություններին: Փաստաբանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ դիմողը՝ Վիլսոն Մարտիրոսյանը հայտնել է, թե մուտք գործելով Խորհրդի նիստերի դահլիճ, տեսել է, թե ինչպես խորհրդի անդամներ Տիգրան Խուրշուդյանը և Երվանդ Վարոսյանը քաշքշում են միմյանց և իր տպավորությամբ, կարծես՝ Երվանդ Վարոսյանը հարձակվել էր Տիգրան Խուրշուդյանի վրա, իսկ վերջինս հակազդում էր Երվանդ Վարոսյանին:

Հայցում, սակայն նշվում է, որ դիմողն իր ցուցմունքներում վստահ չի եղել, թե ինքն իրականում հարձակվել է Տիգրան Խուրշուդյանի վրա, այլ ընդամենը գրում է իր տպավորության մասին: Հատկանշական է, որ ավելի ուշ դիմողը ևս մեկ ցուցմունք է տվել, որը հակասում է նախորդ ցուցմունքին:

«Եթե քաշքշում էր Երվանդ Վարոսյանը, իսկ Տիգրան Խուրշուդյանը միայն պաշտպանվում էր, ապա այդ դեպքում ինչու է կարգապահական պատասխանատվության ենթարկվել նաև Տիգրան Խուրշուդյանը: Ելնելով դիմողի բացատրություններում առկա հակասություններից` հարց է առաջանում` միգուցե Երվանդ Վարոսյանը ընդհանրապես չի քաշքշել Տիգրան Խուրշուդյանին»,- հարց է բարձրացնում Վարոսյանը:

Անդրադառնալով վկա Նոննա Համբարձումյանի ցուցմունքին, Վարոսյանն արձանագրում է, որ կարգապահական վարույթն իրականացվել է նախապես մշակված սցենարով և արդյունքում «սցենարի հեղինակի» կողմից կայացվել նախապես ծրագրված որոշում:

Հայցադիմումում նշվում է, որ Խորհրդի անդամները պարզել են, որ քարտուղարի պարտականություններից ազատված Նոննա Համբարձումյանը դեպքի օրը բոլորովին «պատահական» մնացել է պալատի շենքում և նրան «հարցաքննել» են որպես գործով վկա: Սակայն, ըստ Վարոսյանի, իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար հիմք չէր կարող հանդիսանալ վկա Նոննա Համբարձումյանի ցուցմունքը՝ «ոնց որ Երվանդ Վարոսյանի ձեռքերը Խուրշուդյանի պարանոցի մոտ էին», այսինքն վկան վստահ չէ, թե իսկապես Երվանդ Վարոսյանի ձեռքերը Տիգրան Խուրշուդյանի պարանոցի մոտ էին:

Բացի այդ, ըստ վկայի, չի կարող ասել՝ վիճաբանության մասնակիցներից ով էր պասիվ դիրքում: Հայցում, սակայն Վարոսյանը շեշտել է, որ վկան ոչ թե նիտերի դահլիճում, այլ դրսում է գտնվել՝ դռան մոտ և ընդամենը մի քանի վայրկյան է տեսել միջոդեպը:

«Հարկ է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ ո՛չ դիմողը, և ոչ էլ վկան իրենց կողմից հայտնած տեղեկություններում որևէ նշում չեն արել Երվանդ Վարոսյանի կողմից Տիգրան Խուրշուդյանի պարանոցից բռնելու, խփելու կամ նման այլ գործողությունների մասին, նրանք ընդամենը նշել են, որ Երվանդ Վարոսյանի ձեռքերը եղել են Տիգրան Խուրշուդյանի պարանոցի մոտ», արձանագրում է հայցի հեղինակը՝ շարունակելով. Ի տարբերություն դիմողի և վկայի՝ խորհրդի անդամներից շատերն, անձամբ են ականատես եղել խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցող գործողություններին, սակայն գործով կարևոր նշանակություն ունեցող փաստերը պարզելու համար բացատրություն և ցուցմունք են վերցրել կողմնակի անձանցից, ովքեր, փաստորեն, ընդամենը վայրկյաններ են ականատես եղել նիստերի դահլիճում կատարվածին և միայն այդ ցուցմունքներն են դրել որոշման հիմքում»:

Հայցի հեղինակը նշում է նաև, որ խորհուրդն առհասարակ քննարկման առարկա չի դարձրել հարցը, թե իրականում ի՞նչ միջադեպ է տեղի ունեցել Երվանդ Վարոսյանի և Տիգրան Խուրշուդյանի միջև, չի պարզել՝ Երվանդ Վարոսյանն իրավաչա՞փ է գործել, թե ոչ:

Վարոսյանը ընդգծել է խորհրդի կողմից թույլ տրված օրենքի մի շարք կոպիտ խախտումներ: Մասնավորապես՝խորհրդի անդամ, Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մելանյա Առուստամյանը հանդես է եկել ոչ թե օրենքով նախատեսված խորհրդակցական , այլ քվեարկության մասնակցի ձայնի իրավունքով:

Հայցում նշվում է նաև, որ խախտվել է գործի քննության հրապարակայնության սկզբունքը. չնայած նիստն ընթացել է դռնբաց, սակայն չի հեռարձակվել առցանց և այն դիտելու հնարավորություն չեն ունեցել բոլոր փաստաբանները: Հեռարձակման վերաբերյալ Վարոսյանի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանի հարցին ի պատասխան նիստերի քարտուղար նշանակված Իրինա Փիլոյանն, ով, ի դեպ, այդ պահին Արա Զոհրաբյանի խորհրդականն էր, իսկ այժմ պալատի ֆինանսական հարցերով տնօրենը, հայտնել է, թե նպատակահարմար չեն գտել հեռարձակել նիստը:

Վարոսյանի ներկայացուցիչների կողմից հարցը մի քանի անգամ բարձրացնելուց հետո է միայն նիստի հեռարձակումը սկսվել, սակայն ձայնի հեռարձակումն իրականացվել է այնպես, որ հնարավոր չլինի լսել և ոչ մի բառ: Այս իրավիճակը շարունակվել է մինչև Վարոսյանի ներկայացուցիչների հեռանալը, որից հետո, ինչպես պնդում է Վարոսյանը. հերթական «երջանիկ պատահականությամբ» վերականգնվել է նաև ձայնի հեռարձակումը:

Արաքս ՄԱՄՈՒԼՅԱՆ

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.