Էլդար Ռյազանովի շահագործումը

- in Մամուլ
Putin

«Ես Ելցինի շատ արարքների եմ հավանություն տալիս… Միակ բանը, որ չեմ կարողանում նրան ներել, այն է, որ այսպիսի ժառանգորդ նշանակեց…, որը, նախ և առաջ, պարզապես նորից բարձրացրեց այն, ինչը մի կողմ էր քշվել պատմության կողմից՝ այս ագահ, սարսափելի, տգետ մարդկանց, որոնք մեզանում ամենաահավոր, ամենաչար ուժերն էին, որոնց թիկունքում մահապատժի ենթարկված, արնահեղված բազմություններ են… Ահա թե ինչն է, որ ես նրան չեմ կարողանում ներել»։

Այս խոսքերը բացառություն չեն պուտինյան վարչակարգի դաժան ախտորոշումների շարքում, որ հնչեցրել է մեծ ռեժիսոր Էլդար Ռյազանովը։ Ընդ որում, նա Ռուսաստանի ներկա վիճակի գնահատականը տալիս էր ոչ միայն ելույթներում, այլև իր գեղարվեստական գործերում՝ վերջին տարիների բանաստեղծություններում.

Не помог
России Бог,
Царь или республика,
Наш народ
Ворует, пьет,
Гадит из-за рублика.

Ինչպես բնորոշ է մեծ արվեստագետներին, Ռյազանովին բնորոշ էր ազգային ինքնաքննադատությունը, ուռճացված պատկերացումների քողազերծումը, սուտ հերոսների ապաառասպելականացնումը։

«Ռուսները, եթե բանահյուսությունը կարդաք, միշտ ուզել են ստանալ ամեն ինչ, միանգամից ու շատ, բայց՝ չաշխատելով։ Եվ հենց ռուսական հեքիաթներն էլ, ցավոք, մեր ազգային գաղափարն են։ Մտածելակերպ, որը, մեղմ ասած, համակրանք չի հարուցում։ Լավագույն մարդիկ միշտ էլ գոյություն ունեն Ռուսաստանում ի հեճուկս նրա»։

Ասել, որ Կրեմլում թեթևացած շունչ քաշեցին, երբ Ռյազանովը մահացավ այս երկուշաբթի, չափազանցություն կլինի։ Ռուսաստանի բնակչության մեծ մասը գտնվում է համակենտրոնացման տեղեկատվական ճամբարում՝ շրջափակված մեկ կետում մշակվող կատաղի հեռուստատեսային քարոզչությամբ, իսկ վարպետի մտքերը տարածվում էին միայն սակավաթիվ առցանց հարթակներում, որոնք էական դեր չունեն մեդիա-դաշտում. Ռուսաստանում նույնիսկ «ֆեյսբուքը» գործուն հանրային ու քաղաքական ֆորում չէ, ինչպես Հայաստանում և շատ այլ երկրներում։

Ռյազանովի գլուխգործոցները, որոնցից շատերը պատկերում էին սովետական համակարգի արատները («Զգուշացիր ավտոմեքենայից», «Գարաժ» և այլն), թթվածին էին սովետական անազատության հեղձուկ օդում, բայց ռուսական քարոզչությունը անխնա շահագործում է դրանք ՍՍՀՄ-ը «հետ բերելու» պուտինյան սևեռուն գաղափարի, անցյալը իդեալականացնելու համար։

Այժմ, բարի կատակերգությունների վարպետի մահից հետո, այդ գործը կշարունակվի ավելի մեծ թափով։ Եվ միայն տարիներ անց հայտնի կդառնա, թե իրականում ինչ էին մտածում Կրեմլում Ռյազանովի մասին։

Ինչպես որ օրերս Վ. Պուտինը բացահայտեց Թուրքիայի հետ տարիներ շարունակ վարած իր քաղաքականության էությունը. «Ավելին, մենք պատրաստ էինք համագործակցել Թուրքիայի հետ այնպիսի նրա համար ամենազգայուն հարցերում և պատրաստ էինք գնալ այնքան հեռու, որքան նրա դաշնակիցները չէին ցանկանում անել»։

Թուրքիայի համար ո՞ր ամենազգայուն հարցերի մասին է ակնարկում Պուտինը Պետդումայի իր ամենամյա ուղերձում։ Տասը թուրքից ինը կպատասխանի. Թուրքիայի համար ամենազգայուն հարցը Հայոց ցեղասպանությունն է, Ադրբեջանից «բռնազավթված» Արցախը։ Ահա թե որտեղ էր Պուտինը պատրաստվում «այդքան հեռու գնալ»…
Զարմանալի է, բայց պետք է արձանագրել. հայկական հեռուստատեսությունների ստեղծած տեղեկատվական համակենտրոնացման ճամբարում էլ Պուտինի ուղերձի այս հատվածը շրջանցվեց։ Ավելին, այն շրջանցվեց համարյա ամբողջ մեդիա դաշտում։

Շարունակությունը կարդացեք www.lragir.am-ում:

Վահրամ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ; Գրող, հրապարակախոս

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20