Ժամանակնե՞րն են մեղավոր

- in Վերլուծական
AAC

Արդեն չորս օր է՝ Հայաստանում փորձում են հասկանալ որոշ լրատվամիջոցների կողմից «ահաբեկչական» որակված, ՀՀ ԱԱԾ տնօրենի հայտարարությամբ «հրեշավոր հանցագործությունների» պատրաստվող խմբի ձերբակալության պատճառները:

Փորձում են հասկանալ, քանի որ պաշտոնական հայտարարությունների նկատմամբ ոչ միայն վստահություն չկա, այլև դրանք ընկալվում են որպես քաղաքական որոշակի իրավիճակների թելադրանք կամ սպասարկում: Այսօր տեղեկություն տարածվեց, որ «ձերբակալվածների մեջ է նաև ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը, «ով մինչ մեքենա տեղափոխվելը բղավեց. ամեն բան լավ է լինելու, հարազատներս»»: Սա շատ է հիշեցնում ստալինիզմի շրջանի ԽՍՀՄ քաղաքական բռնությունների իրավիճակը, հատկապես դրա նախապատրաստական ընթացքը, երբ ԿաԳեԲե-ի կողմից իրականացվող ձերբակալությունների ժամանակ ձերբակալվողները, վստահ լինելով իրենց անմեղությանը, իրենց մտերիմներին, հարազատներին սովորաբար ասում էին. «Սա թյուրիմացություն է, մի անհանգստացեք, շուտով կվերադառնամ»:

Բայց չէին վերադառնում, կամ՝ հազվադեպ էին վերադառնում: Նրանց ձերբակալությունները, ինչպես այն ժամանակ շատ արագ հասկանալի դարձավ, «թյուրիմացություն» չէին լինում: Այլ հարց, որ ձերբակալվողները հաճախ իսկապես չգիտեին, թե իրենց ինչու են ձերբակալում, փոխարենը ԿաԳեԲե-ն գիտեր, և ձերբակալվողներն ի վերջո ստիպված էին լինում «խոստովանել» այն, ինչ ԿաԳեԲե-ն «գիտեր»: Բավական է երեսնականների ձերբակալվածների որևէ «գործ» նայել, և պարզ կդառնա, թե ինչպես էին հասունացվում «խոստովանությունները»: Դա շատ հստակ երևում է, եթե նույնիսկ կարդացողը չգիտի, թե հարցաքննությունների արանքում ինչ «մշակում» էին անցնում ձերբակալվածները:

Հատկանշական է, որ որպես «հանցախմբի անդամներ» ձերբակալված Մկրտչյան քույրերի մայրը, խորապես զարմացած լինելով իր դուստրերի ձերբակալությամբ, լրագրողին ասել է, որ «իր աղջիկները երբևէ ցույցերի չեն մասնակցել… »: Շվարած մոր այս տարակուսանքն ինքնին «մատնում» է, որ հանրային գիտակցության մեջ ԱԱԾ-ի գործողություններում միշտ կապ կա «ցույցերին մասնակցելու» և «հանցագործ խումբ» հայտարարելու միջև: Սա մոտավորապես նման է այսօր երեսնականները գնահատող այն մարդկանց պատկերացումներին, ովքեր իրենց բռնադատված այս կամ այն նախնուն անարդար դատապարտելը բացատրելու, փաստելու համար մանրամասն բացատրում են, որ նա չի եղել, և փորձում են ապացուցել, որ չէր կարող լինել այն, ինչի համար ձերբակալվել, աքսորվել, ազատազրկվել է կամ ենթարկվել է որևէ այլ պատժի՝ ընդհուպ գնդակահարություն: Դա սովորաբար «դաշնակցական», «տրոցկիստ» կամ «կուլակ» մեղադրանքն է: Չի եղել «դաշնակցական» (կամ՝ «կուլակ»), իզուր են նրան պատժել (արդար է, որ դաշնակցականներին (կուլակներին) հետապնդում էին, պատժում էին, անարդարը իմ հորը (պապին, տատին…) նրանցից մեկը համարելն էր): «Չե՛ն մասնակցել իմ աղջիկները ցույցերին»… Իսկ եթե մասնակցե՞լ են: Դա «հանցագործ խմբին» անդամակցության կասկածի հիմք տալի՞ս է:

Պետք է հուսալ, որ ներկայիս ԱԱԾ-ն հանցագործ հայտարարված խմբի գործունեության կամ նպատակների մասին կամ անվիճարկելի ապացույցներ կհրապարակի, կամ, եթե սխալմունք է եղել՝ կխոստովանի այն և հանրությանը չի թողնի կասկածների, մտորումների, անորոշության և, մեծ հաշվով, սեփական անձի հետ հնարավոր հաշվեհարդարի տագնապների մեջ, այլապես մեծ ռիսկ կա Հայաստանը գլորելու երկրորդ ամբողջատիրության և քաղաքական բռնաճնշումների տիրույթ, այն դեպքում, երբ նույնիսկ առաջինը հավուր պատշաճի չի գնահատված, չի հասկացված և հետևություններ չեն արված: Սա շատ կարևոր է մեր հասարակության համար, քանի դեռ չի վերացել այն համոզմունքը, որ ՀՀ ԱԱԾ-ն հիանալի տիրապետում է Խորհրդային Հայաստանի ԿաԳեԲե-ի (ՆԳԺԿ-ի, ՊՔՎ-ի…)՝ ցանկալին իրականի տեղ ներկայացնելու աշխատանքային գործիքակազմին: Տագնապ է առաջացնում այն փաստը, որ Խորհրդային Հայաստանում 1936-ին, Բերիայի կողմից Ա.Խանջյանի սպանությունից անմիջապես հետո մեծ թափ հավաքած քաղաքական բռնություններում զգալի տեղ են զբաղեցնում «իշխանության մարդկանց», հատկապես Բերիայի դեմ իբրև թե նախապատրաստվող ահաբեկչության մեղադրանքները: Սա՝ այն դեպքում, երբ ԽՍՀՄ-ում իրականում «իշխանության մարդիկ», Անդրերկրկոմում՝ գլխավորապես Բերիան էր տեռորի ենթարկում ողջ հասարակությունը, այդ թվում՝ «իշխանության մարդկանց»: Սրան դեռ կանդրադառնանք, բայց թերևս արժի հիշել, որ մեր հասարակությունը միայն ընդհանուր գծերով է պատկերացնում ԽՍՀՄ, մասնավորապես Խորհրդային Հայաստանի ամբողջատիրության շրջանի մասնավոր սյուժեները և ընդհանուր մթնոլորտը: Այդ շրջանում կոնկրետ զոհեր ունեցած ընտանիքների մեծ մասի ներկայիս սերնդի ներկայացուցիչներն անգամ զգալիորեն աղոտ են պատկերացնում «քաղաքական բռնաճնշում» երևույթը:

Քաղաքական բռնությունների թեմայով վերջին չորս տարիներին տևական զրույցներ ունենալով Հայաստանի բնակչության տարբեր շերտերի պատկանող մարդկանց հետ, համոզվել եմ, որ մինչև այսօր շատերի գիտակցության մեջ ամուր նստած է այն համոզմունքը, որ եթե կոմունիստական իշխանությունները փակել էին Դաշնակցության կուսակցությունը, ապա անցյալում այդ կուսակցությանը պատկանելության համար հետապնդելը և պատժելը քաղաքական բռնաճնշում չէր: Քաղաքական բռնաճնշումը, ըստ այդ համոզմունքի, մարդուն հանիրավի դաշնակցական կամ հակաբոլշևիկյան անվանելը, կեղծ գործ սարքելն ու այդ կեղծիքով հետապնդելը և/կամ դատելն է: Երևույթների այս ընկալումը մի կողմից շատ մարդկանց ստիպում է անընդհատ պաշտպանել քաղաքական բռնաճնշման ենթարկված իրենց նախնու հանիրավի վարկաբեկված կերպարը`«նա դաշնակցական չէր», մյուս կողմից քաղաքական բռնաճնշումները բացատրել սուտ մատնությամբ` «սուտ մատնություն են արել` իբրև թե դաշնակցական է»: Այսինքն` եթե իսկապես դաշնակցական լիներ` ոչինչ, որ բանտարկել են, աքսորել են, գնդակահարել են, բայց ախր սուտ է, դաշնակցական չէր: Որոշ չափով նույնն է տրամաբանությունը նաև սոցիալական («դասակարգային») խմբերի, օրինակ` կուլակի դեպքում: Առավել հաճախ հանդիպող ձևակերպումները կարելի է ամփոփել հետևյալ կերպ. «Իմ պապին աքսորել են որպես կուլակի, բայց նրանից ի՞նչ կուլակ, ահռելի ընտանիքով մի սենյակում էին ապրում ու հազիվ էին ծայրը ծայրին հասցնում»: Այսինքն` ոչինչ, որ կուլակներին բռնադատել են, բայց վատ է, որ ոչ կուլակներին էլ են կուլակ համարել և բռնադատել: Այսպիսով, քաղաքական բռնաճնշման բուն գաղափարը, նույնիսկ դրա այսօրվա իրավունքն ինչ որ իմաստով «արտոնվում է». թող մարդիկ ապրեն այնպես, ինչպես իշխանությունն է ճիշտ համարում, սխալն այն է, որ եթե մարդն ապրում և մտածում է իշխանության թույլատրած սկզբունքներով, նրան սուտ մատնությամբ կամ կեղծիքով դատապարտում են:

Խնդրահարույց է նաև «մատնության», «սուտ մատնության» մասին հաճախ հանդիպող արտահայտությունը: Մեր բազմաթիվ զրուցակիցներ չեն բարձրացրել քննության և/կամ դատավարության միջոցով «սուտ մատնությունը» բացահայտելու հնարավորության հարցը կամ նույնիսկ դրա պահանջը: «Սուտ մատնություն էին արել, տարան այդ մարդու գլուխը կերան», «Մեր հարևանն էր մատնել, հաստատ գիտենք, բայց դե էլ ի՞նչ կարող էինք անել», «Մատնել էին, չեկիստներն էլ եկան տարան, գնաց բանտերում փտեց», «Մեր ընտանիքում միայն խոսում էին, որ պատճառը այդ գյուղսովետի նախագահն է եղել», «Լսել եմ, որ իր եղբայրն է դավաճանել էդ մարդուն… Այսինքն` գնացել է ցուցմունք տվել, որ հակապետական է, ես ինչ իմանամ, էսինչ, էնինչ…»: «Վերացրեց եղբայրը (կոլխոզի նախագահը, հարևանը…)», ոչ թե ռեժիմը: Այլ կերպ ասած խնդիրը հաճախ շարունակում է մնալ ոչ թե բուն պատճառի` ամբողջատիրության ռեժիմի դաշտում, այլ մարդկային հարաբերությունների: Կարելի է, իհարկե, ենթադրել, որ այս «լեզուն» ձևավորվել է ռեալ ամբողջատիրության և տեռորի պայմաններում, երբ իշխանությունից վտանգը բոլորին էր սպառնում, իսկ իրավապահ մարմիններից ոչ թե օրենքի կատարում էին սպասում, այլ միանգամայն իրատեսորեն նրանց վերապահում էին իշխանության կամքի կատարման դեր: Չխոսելով արդեն այն մասին, որ բուն օրենքն ինքը հաճախ ստեղծվում էր ոչ թե հանրային կյանքը կարգավորելու, այլ իշխանության կամքը «օրինականացնելու» նպատակով: Այս պայմաններում հանրության համար հստակ ու պարզ էր, որ իշխանությունից պաշտպանության որևէ հույս չկա, և մարդկային-անձնային հարաբերություններին պիտի վերապահվեր միմյանց պաշտպանելու դեր (առաջին հերթին հենց իրավապահ մարմիններից), ուստի չարիքի դեպքում մեղադրվում է ոչ թե ռեժիմային վարչակարգը` չարիքի ակունքը, այլ այդ «լուռ համաձայնությունը» կամ, պայմանական ասած, «հասարակական պայմանագիրը» խախտող որոշակի մարդը` մատնիչը: Մեղավորը, ի վերջո, այն անձն է դառնում, ումից եթե ոչ պաշտպանություն, առնվազն չեզոքություն է ակնկալվում:

Մյուս կողմից, բարձրանում է այն հարցը, թե ինչպես է ամբողջատիրությունն ազդում հասարակության և հենց մարդկային հարաբերությունների վրա` այն բաժանելով «դատողների», «մատնիչների» և «մատնվողների», և ինչպես է այն մարդկանց դարձնում չարիքի իրացման պարզ սոցիալական (մատնողները) կամ պաշտոնական (չեկիստները) գործակալներ (ագենտ), մարդու վրայից հանելով անձնական բարոյական պատասխանատվությունը: Մի խնդիր, որ գերմանական ֆաշիզմի ամբողջատիրության օրինակով հիանալի ներկայացված է Հաննա Արենդտի «Չարիքի առօրեականությունը» (Ханна Арендт. Эйхман в Иерусалиме. Банальность зла․ Москва, Европа, 2008) գրքում:

Իրավունքի և օրենքի մասին սովորաբար խոսք չկա կամ լինելու դեպքում, ամենից ավելի հաճախ հնչում է «դե բոլշևիկների ժամանակ դա չէր կարելի» ձևակերպումը: Պատմելով պատերազմի տարիների իրենց գյուղի իրավիճակի մասին՝ իմ զրուցակից մի կին հիշեց. «…մեր գյուղի նախագահը չորս կին էր նստացրել իբր գողության համար… Գողություն անողներ գուցե շատ կային, բայց դրանց ամուսիններին բոլորին բռնել էին (բանտարկել), որպես անհարազատ մարդիկ, դատել էին, աքսորել էին, դրանց կանանց երեք տարի նստեցրին բանտում: Չորսի ամուսիններն էլ աքսորված էին, սովի տարի էր, պատերազմական տարի… Շատ կանայք ու երեխաներ էին մի բան մի տեղից վերցնում (խոսքը գնում է կոլխոզի դաշտերից կամ այգիներից առանց թույլտվության հացահատիկ, կարտոֆիլ, միրգ տանելու մասին-Հ.Խ.), նրանց դիտողություն էր անում նախագահը, ծեծում էր, աշխօրը կտրում էր, բայց չէին նստեցնում, ամուսինը աքսորված չէր… միայն էդ չորս կանանց նստեցրին երեք տարի:… ժողովուրդը դրանց գող չէր համարում, ժողովուրդը հասկացավ, իմացան, որ դրանց իզուր են նստեցրել, իրենց ամուսինների բռնադատվելու պատճառով էին իրենց նստեցրել:… Ժողովուրդը չէր մեղադրում, օրինակ` որոշ կանայք ասում էին` «ի՞նչ ա է սա, Փառանձեմի ձեռին ի՞նչ կար, որ բռնեցին, նստեցրին, մեր նման տկլոր, մեր նման կին էր, զոռով պահում էր իր երեխաներին»»: Պատմողի համար այդ կանանց նկատմամբ մասնավոր վերաբերմունքը բացատրություն ուներ. «Դե դաշնակցականի կին էր, եթե դաշնակցական չի` դաշնակցականի կին էր… էն ժամանակ դա վատ բան էր: Նրանց կինը չպիտի գյուղումը մնա, երեխաները չպիտի գյուղում լինեին, որովհետև դաշնակցականի ընտանիք է»: «Ինչու՞ էն ժամանակ դա վատ բան էր» հարցն էլ պատասխան ունի. «Դե հիմա մենք ի՞նչ ենք իմանում, ասել են սխալ էին [դաշնակցականները]` մենք էլ գիտենք, որ սխալ էին, հիմա էլ ասում են ճիշտ էին` հիմա էլ գիտենք, որ ճիշտ էին»: Իշխանության պաշտոնական գաղափարախոսության կամ գնահատականի նկատմամբ այս շարունակվող բարձրաձայն հնազանդություն/հավատարմությունը, երբ մարդն իր խղճի ու բարոյականության առաջ անձամբ գիտի, որ «դրանց իզուր են նստեցրել», երևույթների պատասխանատվությունից ինքնօտարման և/կամ ինքնարդարացման հաճախ կրկնվող փաստարկ է: Սա այն սարսափելի հետևանքներից մեկն է, որը բերել է խորհրդային ամբողջատիրությունը, և փաստացի նույնական է այսօր հաճախ կրկնվող «Ժամանակներն էին այդպիսին» հայտնի ձևակերպման հետ:

Կան, անշուշտ, այլ տարբերակներ, երբ մարդն ընդունում է դատապարտվողի «մեղքի» գործոնը: 1928ին ձերբակալված և գնդակահարված իր պապի մասին մեր զրուցակիցներից մեկը միանգամայն համոզված ասաց. «Նա մեղքեր ուներ, և այդ բանը նրանք (ԿաԳեԲե-ն – Հ.Խ.) գիտեին, թղթեր ունեին: Նժդեհի հետ է եղել, Նժդեհը շատ է մեր տուն գնացել-եկել, իրա ուսերին մեղք կա…դե համ մաուզերիստ, համ կուլակ, համ Նժդեհի հակասովետական»: Տվյալ դեպքում խոսքը մինչև Հայաստանի խորհրդայնացումը Զանգեզուրի ինքնապաշտպանությանը մասնակցած մարդու մասին է: Տասը տարի առաջ իր գյուղը և հայրենակիցներին զենքը ձեռքին պաշտպանած մարդուն գնդակահարության դատապարտելը նրա թոռը օրինական է համարում, որովհետև… ազգային անվտանգությունը «թղթեր ուներ», այսինքն` ապացույցներ ուներ երկրի ինքնապաշտպանությանն իր պապի մասնակցության մասին: Իսկ թե ինչու՞ պիտի մինչբոլշևիկյան հայրենիքի ինքնապաշտպանությանը մասնակցությունը բոլշևիկների կողմից «մեղք» համարվեր, թոռն այս հարցն ինքն իրեն չի տալիս: Այս հարցը, սակայն, ինքն իրեն տալիս է Զանգեզուրի ինքնապաշտպանությանը մասնակցության համար այդ ինքնապաշտպանությունից 17 տարի անց ձերբակալված և գնդակահարված Ս.Ա.-ի մանկատանը մեծացած որդին. «…հայրս միշտ ասել է, որ ինքը քաղաքականությանը չի խառնվել, միայն թուրքերի դեմ է կռվել: Ասում էր. «ես ի՞նչ եմ արել, ինձ ինչու՞ պիտի տանեն»: …ինքն ուղղակի թուրքերի դեմ կռվել էր, հա: Քանի որ ինքը ոչ մի քաղաքական գործունեություն չի ունեցել, այլ բացառապես ուղղակի էդ տարիներին կռվել է թուրքերի դեմ, ինքն անմեղ է, իրա դեմ որևէ բան չէր կարող լինել…բայց 37 թվին եկան հորս տարան»: Մեր այս զրուցակցի համար էլ «մեղավոր-անմեղ»ի խնդիրն այլ ձևակերպում ունի. մեղավոր էին քաղաքականությանը խառնվողները, բայց ինչու՞ մեղավոր դարձան նաև իրենք իրենց և իրենց երկիրը պաշտպանողները: Ամփոփելով իր ապրած դժվար կյանքի փորձը, ամբողջ կյանքում աշխատած լինելով «արդար ապրել» և «կոմունիստական կուսակցությանը հակառակ չգնալ», նա եկել է այն եզրակացության, որ «արդարությունը շատ փոքր զենք է անարդարության դեմ…արդարության և անարդարության սահմանը շատ փխրուն է… շատ մոտիկ են, շա՜տ, չես տարբերի»:

Իրենց ընտանիքներում քաղաքական բռնությունների որոշակի դեպք չունեցող մարդկանց մի մասն էլ վստահ չէ քաղաքական բռնությունների իրավացիության/անիրավացիությանը. «Ես էլ չգիտեմ ինչու այդ մարդկանց տարան, ինչ էին արել, դե գուցե մի բան արե՞լ էին: Ես, օրինակ, իմ տանը նստած, ոչ մի բան չեմ արել, ինձ ինչու՞ չտարան»: Իրենց շուրջը կատարված, բայց իրենց շրջանցած բուռն գործընթացների մասին գիտելիքի պակասը, հետևաբար նաև վերաբերմունքի բացակայությունն ավելի բնորոշ է խորհրդային շրջանում խիստ հնազանդ, պասիվ, մեկուսի կյանքով ապրած մարդկանց, ովքեր, ինքնամեկուսացմամբ ինքնապաշտպանվելով, հնազանդությունը դիտում են քաղաքական անարդարությունից խուսափելու միջոց:

Ոչ վաղ անցյալի արդար-անարդարի, հնազանդ-անհնազանդի, մեղավոր-անմեղի մինչև այսօր չպարզված խնդիրը, թվում է, նոր ձևակերպումներ է ստանում այսօր և իրականում պարզ չէ՝ մեր հասարակությունը բավարար չափով տեղյա՞կ է այս ոչ վաղ անցյալի բուռն զարգացումներին, թե՞ Կոմկուսի կողմից «անհատի պաշտամունքով» և «ժամանակների մեղավորությամբ» փակված թեման օրորոցայինի նման թմբիր է բերում մեզ՝ «անցյալը չի կարող կրկնվել»ի ցանկալի ինքնախաբեության թմբիր:

Հավանաբար վաղուց ժամանակն է հասկանալ, որ «ժամանակները» մարդիկ են ձևավորում, որ «անցյալը փորփրելը» ներկան հասկանալու միջոցներից մեկն է, իսկ «հին դարմանը քամուն տալու» նպատակը ազնիվն ու անազնիվը միմյանցից առանձնացնելն է: Վերջ ի վերջո ի՞նչ գիտենք մենք այդ «անցյալի», «ժամանակների» և «հին դարմանի» մասին: Սույն հոդվածաշարով փորձ կանենք անդրադառնալ «հին դարմանի» միայն որոշ դրվագների և դրանց հասարակական ընկալումներին: Հանրային հետաքրքրության դեպքում թեման, հուսանք, կշարունակվի:

Հրանուշ ԽԱՌԱՏՅԱՆ, Ազգագրագետ; www.lragir.am

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20