Ինչ է զգուշացվել Ադրբեջանին նոր պատերազմի դեպքում

- in Վերլուծական
Navt

Առայժմ իրականությունն այն է, որ Հայաստանի անվտանգության երաշխիքների գործառույթը, հայերի մեծ մասի համոզմամբ, կատարում է միայն Ռուսաստանը:

Ընդ որում, պետք է ելնել նրանից, որ ՀԱՊԿ-ը որպես պետությունների բլոկ իրականության մեջ չի համարվում Հայաստանի ֆունկցիոնալ գործընկեր, եւ խոսք կարող է լինել միայն ռուս-հայկական հարաբերությունների մասին:

Արդյոք ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն որոշակի իմաստով համարվում են Հայաստանի անվտանգության երաշխավորներ: Իրավիճակը կարելի է դիտարկել նաեւ այդպես, բայց միայն որոշակի պայմանական շրջանակներում:

Անկասկած, ներկայում ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Սեւ ծովի տարածաշրջանում ու Հարավային Կովկասում ռազմական կոնֆլիկտները զսպող կարեւոր ուժեր են:

90-ականներին, Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ պատերազմի ավարտից որոշ ժամանակ անց Հայաստանի վիճակը էապես այլ էր, կային խնդրի արագ կարգավորման սպասումներ, սակայն, միաժամանակ, ստեղծվել էր քիչ թե շատ կայուն իրավիճակ, երբ ռազմական գործողությունների վերսկսման սպասումները մեծ չէին:

90-ականների վերջին միաժամանակ տեղի էին ունենում Ադրբեջանում նավթի ու գազի արդյունահանման նախագծերի իրականացման եւ Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ ռազմա-քաղաքական հարաբերությունների զարգացման գործընթացներ: Շուտով այս արյունակից երկրները դարձան ռազմական դաշնակիցներ, ներառյալ պաշտոնական պայմանագրային համաձայնագրերը:

Ներկայում ստեղծվել է Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմա-քաղաքական դաշինք, որը մեծ դեր է խաղացել տարածաշրջանում ուժերի դասավորության փոփոխության մեջ: Հարավային Կովկասում կան նաեւ Ռուսաստանի ու Իրանի շահերը, որոնք հակադրվում են Թուրքիայի շահերին:

Միեւնույն ժամանակ, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, սակայն բարդ հարաբերություններ ունի ՆԱՏՕ-ի ու ԱՄՆ-ի հետ: ա խիստ տհաճ իրավիճակ է ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի համար, բայց նրանք պետք է կատարեն իրենց պարտավորությունները Թուրքիայի առջեւ:

Մի կողմից, ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Թուրքիայի ռազմական դաշնակիցներն են, մյուս կողմից կարեւորագույն զսպող դեր են կատարում նրա հավակնությունների հարցում: ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն տեսականում թույլ չեն տալիս Թուրքիայի միջամտությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ պատերազմում, դա ենթադրվում է նրանց հետ Թուրքիայի հարաբերություններում: ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն վստահ են, որ այդ միջամտությունը անհնար է, սակայն լիովին չեն բացառում այդ հնարավորությունը:

Նկատի է առնվում, որ Ադրբեջանը կարող է աղետալի պարտություն կրել, ինչը արող է հանգեցնել Թուրքիայի միջամտությանը: Այս պայմաններում չկան որեւէ սպասումներ, որ ՆԱՏՕ-ն ու ԱՄՆ-ն կարող են ռազմական ուժ կիրառել Թուրքիայի դեմ, բայց եթե թուրքական զորքերն անցնեն Հայաստանի սահմանն առանց ՄԱԿ-ի սանկցիայի, ապա ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն դա կդիտարկեն որպես ագրեսիա եւ կարող են քննարկել Հայաստանի կողմից օգնության խնդրանքը:

Միեւնույն ժամանակ, վճռորոշ նշանակություն է ունենալու այն, թե ով է իշխանության լինելու Վաշինգտոնում: Կարելի է պնդել, որ ՆԱՏՕ-ն Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ փոխօգնության պայմանագիրը դիտարկում է որպես ոչ լեգիտիմ, սակայն ձգտում է չբարձրացնել այդ հարցը:

Դրա հետ մեկտեղ, Ադրբեջանին բավական միանշանակ տեղյակ է պահվել, որ Հայաստանի հետ պատերազմի դեպքում չպետք է սպասել Թուրքիայի ռազմական անմիջական միջամտությունը:

Ընդ որում, Թուրքիան բացահայտ հայտարարում է, որ պատրաստ է Ադրբեջանին տրամադրել ցանկացած ռազմական օգնություն զինված ուժերի մարտունակությունը բարձրացնելու մասով: Այսպիսով, Թուրքիան արդեն ընտրել է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ռազմական գործողությունների նախապատրաստման ու իրականացման ցանկացած հնարավոր սցենարի դեպքում իր պահվածքի մարտավարությունն ու ռազմավարությունը:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ; www.lragir.am

Spread the love