ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրումը հրահրում է Թուրքիան

- in Կարծիք
turkey russia

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի սրման պատճառը չի բացառվում, որ Թուրքիան լինի:

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը: «Տեսնում ենք, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը սրվում է: Եթե նայում ենք քարտեզին, ապա երևում է, որ իրավիճակը նոր թափ է ստանում Հայաստանից ոչ այնքան հեռու հատվածում: Դրանից բացի, սրվել են ռուս-թուրքական հարաբերությունները: Թուրքիան էլ, ունենալով Ադրբեջանի նման գործընկեր, միգուցե գայթակղվել է` Ռուսաստանի համար Հարավային Կովկասում նոր խնդիր ստեղծելու մտքից: Ու, թերևս, Թուրքիան փորձում է ղարաբաղյան կոնֆլիկտն օգտագործել սեփական շահերի համար: Կարծում եմ` նման վարկածը կյանքի իրավունք ունի, բայց կտեսնենք, թե ինչպես են զարգանում իրադարձությունները»,- ասաց Ստանիսլավ Տարասովը: Նրա կարծիքով, այդ համատեքստում պատահական չէ, որ Ռուսաստանը սկսել է ուժեղացնել Գյումրիում տեղակայված զորամիավորումը: «Դա միայն սկիզբն է, պետք է սպասել Ռուսաստանի աջակցությանը», ասաց ռուս փորձագետը:

Ինչ վերաբերում է առաջիկայում սպասվող Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, ապա ռուս փորձագետը նշեց, որ դեռ գաղտնի է պահվում, թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկվելու: «Միգուցե լինի համաձայնություն շփման գծում վերահսկողություն սահմանելու մասին, որպեսզի կանխարգելվեն նման միջադեպերը: Քանի որ Ադրբեջանը խնդրի լուծման գործընթացում պահանջում է մաքսիմալը, իսկ դա անիրատեսական է, հետևաբար, այս սահմանային միջադեպերը կարելի է այդ համատեքստում ևս դիտարկել»,- եզրափակեց փորձագետը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20