Խանջյանի սպանությունը և թուրքական սահմանների անվտանգությունը

- in Ով ով է ...

«Ահաբեկչությունը» և «նացիոնալիզմը» որպես «ազգային հիշողության» պատժամիջոցներ.

2014-ի հոդվածներից մեկում գրել էի, որ 1936-ի բռնաճնշումներում «հայկական նացիոնալիզմի» թիրախավորման կոնկրետ առիթը թերևս կարելի է համարել 1930-ի հոկտեմբերին Համահայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ ընտրված Գ. Գյուլբենկյանի կողմից ցեղասպանությունից փրկված և Հունաստանում կուտակված հայ փախստականների համար Սիրիայում բնակության տարածքներ կառուցելու նախաձեռնությունը: Խոսքն այն նույն փախստականների մասին է, որոնց Լոզանի կոնֆերանսի օրերին Ռուսաստանում և Ուկրաինայում վերաբնակեցնելու խոստում էր տվել Խորհրդային Ռուսաստանի արտաքին գործերի ժողկոմ Չիչերինը և, իհարկե, նրանց թողել էին ճակատագրի քմահաճույքին:

Համահայկական Բարեգործական Ընդհանուր միությունը որոշում է Հունաստանում կուտակված և թշվառ գոյավիճակում գտնվող հայ փախստականների համար Սիրիայում Մոսուլ-Բաղդադից մինչև Տրիպոլի-Խայֆա երկաթգծի ուղղությամբ փոքր բնակավայրերի շարք կառուցել` նկատի ունենալով նաև աշխատանքի հնարավորության հեռանկարը: Թուրքիան անմիջապես ըմբոստանում է՝ Գյուլբենկյանին մեղադրելով Թուրքիայի դեմ «վրեժխնդրության հայկական օջախներ» ստեղծելու մտադրության մեջ: ԽՍՀՄը «ըմբռնումով» է մոտենում իր դաշնակցի ըմբոստությանը և 1931-ի հոկտեմբերի 14-ին Խանջյանը ելույթով Թուրքիայի սահմանի մոտ ստեղծվելիք «հայկական օջախները» գնահատում է որպես ԽՍՀՄ-ի բարեկամ Թուրքիայի դեմ իմպերիալիստական ինտերվենցիայի գոտի: Իր ելույթում Ա. Խանջյանն ասել էր. «…Սիրիայում ազգային օջախ ստեղծելու համար դաշնակների արած գործնական քայլերը, որոնք, ի դեպ, արվում են անգլո-ֆրանսիական իմպերիալիստական խմբակներին մոտ կանգնած Կյուլպենկյանների անմիջական հովանավորությամբ և հակադրվում են արտասահմանի գաղթական աշխատավորության՝ Խ. Հայաստան ներգաղթելու մեր ծրագրին, նպատակ ունեն հավատարիմ ուժ տրամադրել ֆրանսիական իմպերիալիզմին Սիրիայի գաղութային շահագործման և ազգային-ազատագրական շարժումները ճնշելու, ինչպես նաև Կյուլպենկյանների նավթահանքերին կամ նավթամուղին էժան բանվորական ուժ մատակարարելու համար…» («Խորհրդային Հայաստան», 1931, 15 օգոստոսի):

Վիրավորված Գ. Գյուլբենկյանը հրաժարվեց ՀԲԸ նախագահի պաշտոնից (Էդ.Մելքոնյան: Գ.Գյուլբենկյան-Խորհրդային միություն, չկայացած գործընկերություն, «Լրաբեր հասարակական գիտությունների», 1998, թիվ 3, էջ 93,-http://lraber.asj-oa.am/2196/1/1998-3(91).pdf)): Ավելի ուշ՝ արդեն ԽՍՀՄ փլուզումից հետո, Կ. Դալլաքյանը պիտի գրի. «Վստահ եմ, որ Գ. Կյոլլպենկյանն ինքը մինչև վերջ էլ չգիտակցեց, թե ինչ հայատյաց ծրագիր է հակադրվել իր գործունեությանը առարկայականորեն, այլապես այդքան դյուրավ չէր զիջի իր դիրքերը, ընկրկելով անարդար վիրավորանքի առջև… Գ. Կյուլպենկյանի հրաժարականը համեմատաբար աննշան, միանգամայն անսպասելի և պատահական արդյունքն էր մի մեծ ու լայնածավալ քաղաքականության, որի մշակմանը ձեռնարկել էր Թուրքիան այդ ժամանակաշրջանում, որի կետ նպատակին էր՝ հայությունը հեռու վանել իր սահմա՛ններից, և որի էությանը այդպես էլ հասու չեղավ Հայաստանի ղեկավարությունը…»( Էդ.Մելքոնյան, Նշված աշխ., էջ 93):

Չի բացառվում, որ Մոսկվայից, Թիֆլիսից և Բաքվից ուղարկված երիտասարդ հայ բոլշևիկների մեջ 1931-ին իսկապես դեռևս «բոլշևիկյան ռոմանտիզմով» խանդավառներ կային: Այդպիսին էր, անկասկած, Ն.Ստեփանյանը՝ սոցիալիզմի գաղափարների իրական կրողը, ով երբեք չսովորեց իշխանության՝ առհասարակ, բոլշևիկյան իշխանության՝ մասնավորապես, խոսքի ու գործի տարբերությունները, և նույնիսկ ՆԳԺԿ-ին ցուցմունքներ տալիս փորձում էր համոզել քննիչներին, որ Ստալինն ու Բերիան շեղվել են իրական կուսակցական ուղուց: Նա դրանք ընկալում էր գլխավորապես որպես մարդկային գործոն՝ «սխալ» կամ «վատ մարդու» արարք, երբեք չկասկածելով ԽՍՀՄը ղեկավարող կոմունիստական կուսակցության արդարությանը:

Ա. Խանջյանը, սակայն, «բոլշևիկյան ռոմանտիզմ» չուներ: 1926-29-ի ընթացքում Հայաստանում թուրքահայերի նկատմամբ իրականացված բացահայտ տեռորի մասին Խանջյանը ոչ միայն տեղյակ էր, այլ գուցե նաև՝ մասնակից: Այդ հալածանքների մասին սկսված խոսակցություններին վերջ տալու համար է, հավանաբար, կազմակերպվել 1929-ի ապրիլի 7-ին, Հայաստանի խորհուրդների 6-րդ համագումարին «սասունցի բախտավոր գյուղացու»՝ խորհրդային երկրից շնորհակալ ելույթը, և Ա.Խանջյանի գնահատականն այդ ելույթին: Խանջյանն ասում է, որ սասունցի այս գյուղացու ելույթն ամենամեծ ժխտումն է Հայաստանում սասունցիների հալածանքների մասին. «Խորհրդային Հայաստանում սասունցիների նկատմամբ չկա և չի կարող լինել որևէ ուրիշ քաղաքականություն, քան մեր ընդհանուր քաղաքականությունը գյուղացիության նկատմամբ… արտասահմանում դաշնակցականները ստեր են տարածում սասունցիների հալածանքների մասին՝ նպատակ ունենալով «արտասահմանի հայ աշխատավորների անգիտակից մասն օգտագործել ի շահ միջազգային իմպերիալիզմի» («Խորհրդային Հայաստան», 1929, 10 ապրիլի):

Խանջյանն, անկասկած, հիանալի իրազեկ էր անմեղ մարդկանց հետապնդումներին և նրա ելույթը լիովին համահունչ էր «կուլակաթափությունից բարգավաճող աշխատավորության» մասին այդ ժամանակվա ԽՍՀՄ այլ բարձրաստիճան կոմունիստների քաղաքական ելույթներին: Նա, իհարկե, չէր կարող ազդել թափ առնող բռնությունների իներցիային, և եթե շարունակելու էր պաշտոնավարել՝ պիտի իրեն պատվիրված երգը երգեր: Եվ, իհարկե, «երգում էր»: Խանջյանն էր Հայաստանում ղեկավարում կուլակաթափության և կոլեկտիվացման անհաջող քաղաքական ծրագիրը և «Կենտկոմի քարտուղարի հրահանգով պետքաղվարչության գյուղ թափված ջոկատների կողմից շատ անմեղ գյուղացիներ սպանվեցին կամ աքսորվեցին»: Հայաստանում խորհրդային չափանիշներով կուլակ չկար, բայց կուլակաթափության պլանը կատարելու համար «կուլակաթափվում» էին չքավորությունից մի փոքր տարբերվող գյուղացիները: Մինչև Ստալինի «Հաջողություններից գլխապտույտ» հոդվածը «Պապեն առավել պապական էր Աղասի Խանջեանը՝ համատարած կոլեկտիվացման օրերուն»,-գրում է Ալեքսանդրապոլի որբանոցում մեծացած և Հայաստանում սկսված հալածանքերից 1931-ին փախած Ցեղասպանության որբերից մեկը (Ս.Պալաթոն: Վերջին թոնդրակեցիներ: Ինքնապատում վեպ: Պէյրութ, «Տպարան Մշակ», 1977, էջ 121-122): Պարսկաստանի հետ սահման հանդիսացող Արաքս գետով շատերն էին լողալով փախչում՝ ենթարկվելով խեղդվելու կամ խորհրդային սահմանապահների կրակահերթերից սպանվելու վտանգին (Ս.Պալաթոն, Ս.Պալաթոն, էջ 154):

Եթե նույնիսկ կարելի է կասկածել, որ 1931-ին «Հայաստանի ղեկավարությունը» դեռևս հասու չէր հայերին իր սահմաններից հեռու վանելու Թուրքիայի քաղաքականությանը, ապա 1931-ից հետո Խանջյանը պետք է այնքան հասունանար, որ հասկանար Թուրքիայի այդ քաղաքականությանը ԽՍՀՄ-ի օժանդակությունը: Առնվազն 1934-ից, երբ Բերիայի կողմից Խորհրդային Հայաստանի ՆԳԺԿ-ի պետ նշանակվեց Խ.Մուղդուսին, ՆԳԺԿ-ն բացարձակ դուրս եկավ հայկական իշխանությունների վերահսկողությունից, և Հայաստանում փաստացի գլխավորում էր քաղաքական բռնաճնշումների «հականացիոնալիստական» ալիքը: Խանջյանը չէր կարողանալու և չկարողացավ մրցակցել Անդրերկրկոմի ղեկավարությունը փաստացի իրականացնող Բերիա-Բաղիրով զույգի հետ: Վերջիններս մուսաֆաթական Ադրբեջանից սկսած հեղափոխական ինտրիգների փայլուն դպրոց էին անցել, սովոր էին իրենց ճանապարհից մշտապես վերացնել անցանկալի մարդկանց, տասնամյակից ավել աշխատել և փաստացի ձևավորել էին Անդրկովկասի խորհրդային չեկիստական խոհանոցը: Նրանք կուսակցությունն ու վարչական ապարատը ծառայեցնում էին իրենց ծրագրերի և իրենց երկրների կարիքների համար, իսկ Խանջյանը ծառայում էր կուսակցությանը: Այդ դպրոցին և խոհանոցին անտեղյակ Խանջյանն, իհարկե, նրանց մրցակիցը չէր: Նրանց մրցակիցը կարող էր լինել Խորհրդային Հայաստանի ժողկոմխորհի նախագահ, նույն դպրոցը Բաքվում և Մոսկվայում անցած Սահակ Տեր-Գաբրիելյանը, ուստի շրջահայաց Բերիայի ջանքերով 1935-ին կուսակցության որոշումով նա աշխատանքից ազատվել և տեղափոխել էր Մոսկվա, իսկ Հայաստանի ժողկոմխորհի նախագահ էր նշանակվել Բերիայի դրածո Աբրահամ Գուլոյանը:

1935-ին որպես Հայաստանի երկրորդ քարտուղար և Խանջյանի տեղակալ Թիֆլիսից ուղարկվել էր Ամատունին: Խանջյանը թակարդում էր և օղակը սեղմվում էր: Նա հասկանում էր, որ «Հայաստանի իշխանություններ» կոչվածին մնացել է մեկ գործառույթ՝ կատարել Բերիայի թելադրանքները: Իսկ դրանք գնալով ավելի ու ավելի կոշտ էին դառնում: Իրեն հավատարիմ մնացած պաշտոնյաներին Խանջյանը հորդորում էր չհակաճառել Անդրերկրկոմի, որ նույնն է՝ Բերիայի որոշումներին: Խորհրդային Հայաստանի լուսժողկոմ Ն.Ստեփանյանին պաշտոնից հեռացնելու հիմքում ընկած էր Բերիայի ցանկությանը հակաճառելու Ն.Ստեփանյանի փորձը: Խանջյանին թողնվել էր Հայաստանում դաշնակցականների ուրվականների դեմ պայքարելու առաքելությունը: 1935-ին, 1920-ի մայիսյան բոլշևիկյան ապստամբության 15-ամյակի հոբելյանին, Խանջյանի ծավալուն և թունավոր ելույթը համարյա բացառապես ուղղված էր «դաշնակցական Հայաստանի սև անցյալին», սակայն այն բնութագրում էր Խորհրդային Հայաստանի և հենց իր՝ Ա.Խանջյանի իրական վիճակը ԽՍՀՄ-ում. ««Անկախ» և «ազատ» Հայաստան… որպիսի լկտի ծաղր էին պարունակում այս բառերն իրենց մեջ… «Անկախ» և «ազատ» դաշնակցական պետությունն ստիպված էր ծռմռվելու իմպերիալիստական ամեն մի գնդապետի առաջ…»,-ասում էր Խանջյանը 1935-ի իր ելույթում («Մայիսյան ապստամբությունից դեպի նոյեմբերյան հաղթանակը»: Կուսակցական հրատարակչություն, Երևան, 1935: Տես «Ա.Խանջյան: Հոդվածներ և ճառեր», էջ 423), երբ հենց ինքը ստիպված էր ծռմռվել երկու տիրոջ՝ ԽՍՀՄ ԿԿ-ն զավթած Ստալինի և Անդրերկրկոմի տիրակալ Բերիայի առաջ:

«Իմպերիալիզմի ձեռնածու դաշնակցական Հայաստանին» փոխարինած Խորհրդային Հայաստանը դարձել էր ԽՍՀՄ Կոմկուսի, իսկ Խանջյանը՝ Բերիայի և Խորհրդային Հայաստանում նրա նշանակած ղեկավար կադրերի աճպարարությունների ձեռնածուն: Խանջյանն, այո, շարունակում էր «երգել իր պաշտոնին վերապահված երգը», բայց անկասկած տանջվում էր և արդեն հասունացել էր եթե ոչ ըմբոստանալու, ապա առնվազն որոշ հարցերում չենթարկվելու համար: Երկու տարի նա դիմադրում էր Ն.Ստեփանյանին ձերբակալելու Բերիայի հրահանգին: Չնայած Խանջյանն ի վերջո ստորագրեց այդ ձերբակալության հրամանը, բայց նրա դիմադրությունը Բերիայի համար վատ նախադեպ էր և, իհարկե, Խանջյանի հնազանդությանը սովոր Բերիային գրգռում էր: Բայց կար ավելի կարևորը՝ 1936-38-ի լայնածավալ բռնությունների շարքը, որին հասունացած Խանջյանը կարող էր հրաժարվել մասնակցել: Արդեն 1936-ի դեկտեմբերի 17-ի ԽՍՀՄ ԺԿԽ №211-420сс հրամանով կատարվելու էր Հայաստանից հայերի առաջին դեպորտացիան: Կենդանի մնալու դեպքում կուսակցությանը ծառայող Խանջյանը կարող էր կուսակցության ծրագրերի մասին անցանկալի հարցեր տալ: Դա կարող է բացատրել Խաջյանին սպանելու որոշումը` չբարձրաձայնելու համար այն լայնածավալ գործողությունները, որոնցով ԽՍՀՄ-ը պիտի փորձեր վերջնականապես լուծել Հայաստանի՝ Թուրքիային սահմանակից տարածքներում գտնվող թուրքահայության գոյության և ահաբեկման՝ իր դաշնակցին մշտապես մտահոգող խնդիրը: Այլապես, մնացած ամեն ինչից զատ, ԽՍՀՄ-ի դեմ կարող էր կենդանանալ Թուրքիայի կողմից միշտ պատրաստ պահված ադրբեջանական անջատողականության ուրվականը, որի կենդանացման բանալին Թուրքիայի ձեռքին էր:

Արևմտյան Հայաստանի սահմանամերձ տարածքներում հայրենիք վերադառնալու ցանկություն ունեցող թուրքահայերի գոյությունը նույնիսկ Հայոց ցեղասպանությունից հարյուր տարի անց շարունակում է մնալ Թուրքիայի իշխանությունների սևեռուն մտահոգություններից մեկը: Ներկայիս սիրիական կոնֆլիկտում, օրինակ, սիրիահայերը լիովին վստահ են, որ սիրիական ընդդիմության հետ Թուրքիայի իշխանությունների հարաբերություններն օգտագործվում են նաև հայերին Սիրիայից դուրս մղելու ծրագրերն իրականացնելու համար (А. Санджян. Армянские общины в условиях гражданской войны (сравнение Ливана и Сирии), журнал «Диаспоры», No. 1-2, М., 1915, Էջ 78): Սիրիայի՝ Թուրքիային սահմանակից Քեսապ հայկական քաղաքի շուրջ սիրիական ընդդիմության ուժերի կուտակումներին զուգահեռ թուրքական հեռուստատեսությունն ակտիվացրել էր Քեսապում իբրև թե հավաքված հայ վրիժառուների, ԱՍԱԼԱ-ի առկայության բացահայտ սուտ թեման (Հ. Չոլաքեան: Քեսապի երեք օրերը (21-23, 2014), Երևան, «Էդիթ պրինտ», 2014, էջ 35): Քեսապի և շրջակայքի Ղնեմիէ, Եաղուպիէ, Գնիէ գյուղերի հայերին 2014ին ի վերջո իրենց բնակավայրից դուրս մղեցին Թուրքիայից ներթափանցած ռազմական կազմավորումները: Սա վերջին արարն էր «Մենք դեմ ենք, որ Սիրիայում մեր սահմանների մոտ հայեր բնակվեն» 1920-30-ականների Թուրքիայի՝ Ֆրանսիային ներկայացվող շարունակական բողոքների:

Ֆրանսիան Ալեքսանդրեթի սանջակը՝ Հաթայը Թուրքիային վերադարձնելիս 1939-ին այն կիլիկահայության մնացորդներից դատարկել էր, իսկ հայերին տեղավորել էր լիբանանյան Անճարում: Թուրքական Հաթայն ազատվել էր հայերից, իսկ 2014-ին «Սուրիոյ հիւսիսային տարածքի տեղաբնիկ հայերու վերջին պատառիկները մաքրեցին» (Հ. Չոլաքեան: Քեսապի երեք օրերը, էջ 117):

Հրանուշ ԽԱՌԱՏՅԱՆ, Ազգագրագետ; www.lragir.am

Spread the love