Խոցված «Սու-24»-ի համար ողջ ՆԱՏՕ-ն է պատասխանատու

Nato

Ռուսաստանը ՆԱՏՕ-ին տեղեկություն է փոխանցել այն մասին, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերը կանխամտածված են խփել «Սու-24» ռմբակոծիչը, սակայն դաշինքը քաղաքական նկատառումներով կանգնեց Անկարայի կողմը՝ այդպիսով պատասխանատվություն ստանձնելով կատարվածի համար: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է ՆԱՏՕ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Գրուշկոյի հայտարարության մեջ:

«Ես «Սու-24»-ի հետ կապված միջադեպի շուրջ խոսել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ (Ալեքսանդր) Վերշբոուի հետ: Ես ներկայացրի դեպքի ռուսական գնահատականները, բերեցի ռազմական և քաղաքական գործոնների համադրություն, որոնք վկայում են Սիրիայի օդային տարածքում ռուսական ինքնաթիռի վրա հարձակման կանխամտածված բնույթի մասին»,- հայտարարել է Գրուշկոն:

Միևնույն ժամանակ դաշինքը, Գրուշկոյի խոսքով, նախընտրեց չխորանալ ռուսական ինքնաթիռի վրա հարձակման հանգամանքները պարզելու գործում:

«ՆԱՏՕ-ն, սկզբունքային գնահատական չտալով այդ հակաիրավական գործողությանը, ըստ էության, քաղաքականապես քողարկեց Անկարային՝ դաշինքի անդամին, ուստի պատասխանատու է միջադեպի համար: Հերթական անգամ մենք տեսնում ենք, որ քաղաքական նպատակահարմարության նկատառումները գերակայում են օբյեկտիվությանը և պարզապես առողջ դատողությանը»,- ասել է դիվանագետը:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.