Կառավարությունը փոշմանել է. տնտեսական աճը դժվար թե գերազանցի 3 տոկոսը

- in Մամուլ

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ այս տարվա ընթացքում վերջին անգամ ամփոփել է 2015 թվականի մակրոտնտեսական ցուցանիշները։

ԱՎԾ նախնական (շտապ հավաքագրված) տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար-նոյեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 2.9%-ով։ Սա, իհարկե, վատ ցուցանիշ չէ ներկայիս պայմաններում՝ հաշվի առնելով արտաքին աշխարհից եկող բացասական ճնշումները։

Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-հոկտեմբերին 3.5% էր, ինչը նշանակում է, որ ակտիվության աճի տեմպը թուլացել է։ Սա փոքր-ինչ տարօրինակ է։ Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարությունը մտադիր է տարին փակել գոնե 3.5 տոկոս տնտեսական աճով՝ ի հեճուկս հոռետեսական կանխատեսումներ անող միջազգային կազմակերպությունների եւ մյուս «չուզողների»։ Սակայն տնտեսական ակտիվության նվազումը 0.7 տոկոսային կետով մի տեսակ չի տեղավորվում այդ ցանկության մեջ։ Եթե դինամիկան դեկտեմբերին նույնը լինի, ապա տնտեսական աճի ցուցանիշը դժվար թե գերազանցի 3%-ը։

Սա, ըստ էության, կարելի է մեկնաբանել երկու տեսնակյունից։ Կա՛մ պաշտոնական վիճակագրությունը հաջորդ տարվա հունվարին մեզ կուրախացնի դեկտեմբերյան բուռն աճով եւ կապահովի տարվա կտրվածքով խոստացված ցուցանիշը։ Կա՛մ էլ հայրենի կառավարությունը տարվա վերջին փոշմանել է եւ որոշել է համեստություն անել՝ մի քիչ նվազեցնել աճի ցուցանիշը:

Վերջին տարբերակը, թերեւս, ավելի տրամաբանական կլիներ։ Ի վերջո, այնքան էլ ճիշտ չէ մի կողմից բոլորի սպասումները գերազանցող տնտեսական աճ ներկայացնել, մյուս կողմից՝ ամեն ջանք գործադրել վարկեր ներգրավելու համար:

«168 ժամ» թերթ

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20