Հայաստանում կանայք բացառվում են քաղաքական գործընթացներից

Axjik

Մեր ժողովրդի ու հանրության 50%-ից ավելին, այսինքն կանայք բացառվում են քաղաքականությունից, հանրային՝ համապետական ու տեղական մարմիների ընտրություններին մասնակցության ու ներգրավվածության առումով, նաև՝ պետական մակարդակներում ներկայացվածությունիցու որոշումներ կայացնելու գործընթացներից: Կանայք բացառվում են նաև քաղաքականության ձևավորման գործընթացներից, հետևապես կարիքները ճիշտ չեն գնահատվում:

Արդարության և որևէ ժողովրդի բարօրության ու զարգացման երաշխիքն այդ ժողովրդի զանազան մասինկների լիարժեք ներգրավվածությունն ու մասնակցությունն է հավաքական կյանքին ու համակեցության ձևավորման որոշումներին, և սա բոլոր ոլորտներում՝ տնտեսական, քաղաքական, քաղաքացիական, սոցիալական և մշակութային:

Ըստ վերջին հետազոտությունների /Համաշխարհային տնտեսական ֆորում, Գենդերային ճեղքվացքի գլոբալ զեկույց 2014/, Հայաստանում կանաց մասնակցությունն ու դերը քաղաքականության մեջ նվազել է: Առաջին հայացքից կարող է թվալ, որ Հայաստանի իրավիճակը կանանց ու տղամարդկանց ներկայացվածության առումով մեկ տարում չի փոխվել, սակայն աշխարհը առաջ է գնացել: Օրինակ խորհրդարաններում կանանց ներկայացվածության միջին ցուցանիշը այժմ արդեն 23% է, իսկ Հայաստանում գրեթե 10%: Ինչու՞ են կանայք դուրս մղվում քաղաքականությունից: Ընդամենը մեկ օր հետո կանանց մասնակցությունը բացառող սահմանադրական փոփոխությունների հետ նույն օրը՝ դեկտեմբերի 6-ին նշանակված են ՏԻՄ ընտրություններ: 34 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին կմասնակցեն համայնքի ղեկավարի 46 և ավագանու անդամի 55 թեկնածու: Փաստացի 101 թեկնածուից միայն 2-ն է կին, ընդամենը, և այս ցուցանիշն արտացոլում է այն իրողությունը, որն առկա է մեր երկրում:

ՀՀ քաղաքական կյանքում՝ թե անցյալում, թե՛ անկախությունից ի վեր, կանայք շատ ցածր ներգրավվածություն են ունենցել քաղաքական կյանքում և կառավարման բոլոր օղակներում: Այդ նվազագույնը աստիճանաբար ավելի է նվազում, իսկ դա արտահայտումն է ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների ծանրակշիռ բացի/դեֆիցիտի և ՀՀ սահմանադրության 1 և 2 անփոփոխ կետերի ոտնահարման:

Հարկ է նշաել, որ ՀՀ-ում, կանայք՝ ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը, գերակշիռ բեռն են կրում սոցիալական, մշակութային, տնտեսական ու քաղաքացիական ոլորտներում, նրանք ծանրագույն գինն են վճարում ուրիշների կայացրած որոշումների: Մեր առջև փակում ու ամեն ինչ ի կատար են ածում՝ բացառելով որոշում կայացնելու ատյաններից ու քաղաքական դաշտից: Սա միևնույն ժամանակ անարդարություն, անհավասարություն և անիրավականություն է և բառից բուն իմասստով իշխանության մենաշնորհում ու յուրացում: Սա անմտություն է ու անխոհեմություն:

Որպեսզի ՀՀ-ն դառնա ժողովրդավարական, սոցիալական, իրավական, ինքնիշխան պետություն և որ ՀՀ-ում իշխանությունները ձևավորվեն ժողովրդի կողմից ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ է երկրի բոլոր ոլորտներում՝ և՛ կառավաման բոլոր մակարդակներում, և՛ քաղաքական բոլոր կազմակերպություններում կանանց ՀԱՎԱՍԱՐ ներգրավվածությունն ու մասնակցությունը, ոչ 15 կամ 20 %-ով այլև 50 %-ով:

Մարտահրվերը նետված է նախ բոլորիս, որպեսզի փոփոխենք մեր գիտակցությունն ու հավաքական համակեցության մոդելները, իսկ ապա՝ այդ քաղաքական համակարգը մենաշնորհած տղամարդկանց, որպեսզի զիջեն իրենց իշխանությունը և հարգեն ժողովրդավարության սկզբունքները: Սա հիմնական երաշխիքներից է մեր ժողովրդի ու պետության արդար, ազատ, սոլիդար ու խաղաղ զարգացման: Մնացած ցանկացած քաղաքական պրոցես համարում ենք ոչ լեգիտիմ ու ոչ ժողովրդավարական:

50/50 քաղաքացիական նախաձեռնություն

Spread the love