ՀՀ կառավարությունը կխստացնի կեղծ դեղերի շրջանառության դեմ պայքարը

degh

Կառավարութունը նախատեսում է խստացնել պայքարը կեղծ դեղերի շրջանառության դեմ պայքարը: Գործադիրը մշակել է դեղերի շրջանառության ոլորտը կարգավորող նոր օրենքի նախագիծ, որն արդեն ուղարկվել է Ազգային ժողով: «Բժշկական նշանակության արտադրանքի կեղծման և հանրային առողջության համար վտանգ ներկայացնող նմանատիպ հանցագործությունների մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիային Հայաստանի միանալու հարցի քննարկմանն այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը՝ պատասխանելով ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանի հարցին:

«Այս օրենքի մեջ մենք շատ հստակ կարգավորումներ ենք տվել: Մենք մեծ չափերով տույժեր և տուգանքներ ենք սահմանել կեղծ և չգրանցված դեղերի շրջանառության համար: Ներկայումս այստեղ խնդիր ունենք, քանի որ սահմանված տուգանքները կեղծ դեղերի շրջանառության համար 50-100 հազար դրամ են, և շատ դեպքերում դեղատների կամ նման դեղերի վաճառք իրականացնողների հ ամար այդ տուգանքը վճարելը մեծ խնդիր չէ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Խաչատրյանը:

Փոխնախարարը հավելեց նաև, որ քննարկվող կոնվենցիան, որին պետք է միանա Հայաստանը, հնարավորություն է տալու քրեականացնել կեղծ բժշկական արտադրանքի շրջանառության դեպքերը, ինչի հնարավորությունը ներկայումս ՀՀ օրենսդրությունը չի տալիս: «Օրինակ, մեր գործող քրեական օրենսգրքում կա միայն մեկ հոդված, որով նախատեսվում է քրեական պատիժ կեղծ դեղեր պատրաստելու համար: Սակայն միայն պատրաստելու համար քրեական պատիժը մեզ չի բավարարում, որովհետև դեղերը պատրաստվում են միայն հիվանդանոցային դեղատներում և այն դեղատներում, որոնք դեղ պատրաստելու իրավունք ունեն: Իսկ կոնվենցիային միանալը մեզ հնարավորություն կտա քրեականացնել նաև կեղծ դեղեր արտադրելը»,- մանրամասնեց փոխնախարարը:

Սերգեյ Խաչատրյանը հավելեց նաև, որ կեղծ դեղերի շրջանառության դեմ պայքարի լավ մեթոդ է դեղերի պիտակավորումը: Նա նկատեց, որ դեղերի պիտակավորման մասին որոշում կայացվել է՝ ելնելով հաշվառման հետ կապված խնդիրներից, սակայն դա ևս լավ ճանապարհ է՝ կեղծ դեղերի շրջանառության դեմ պայքարի համար:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20