ՀՀ տնտեսության հերթական մարտահրավերը

- in Վերլուծական
Democracy

Նախորդ տարիներին արդեն զգացել ենք, որ Հայաստանը, չհանդիսանալով նավթ արդյունահանող, արտահանող կամ վերամշակող երկիր, շատ զգայուն է «սեւ ոսկու» համաշխարհային գների տատանումների նկատմամբ:

Եւ հիմա, երբ նավթի գները անկում են ապրում՝ անցնելով բոլոր հոգեբանական շեմերը, մտահոգության լուրջ առիթ կա, որ Հայաստանի առանց այն էլ ծանր սոցիալ-տնտեսական վիճակը ոչ միայն չի լավանա, այլեւ կշարունակի վատթարացման ընթացքը:

Վերջին օրերին համաշխարհային բորսաներում Brent մակնիշի նավթի մեկ բարելի արժեքն իջել է 40 դոլարի հոգեբանական շեմից ներքեւ եւ հիմա տատանվում է 37 դոլարի սահմաններում: Նման պայմաններում ռուսական ռուբլին նույնպես շտապել է հակառեկորդների՝ մի քանի օր շարունակ չբարձրանալով մեկ դոլարի համար 70 ռուբլի մակարդակից:

Ինչպե՞ս կարող է ազդել մեր երկրի տարածքում գոյություն չունեցող օգտակար հանածոյի միջազգային գների եւ այլ պետության արժույթի անկումը Հայաստանի տնտեսության վրա: Այդպիսի ազդեցությունն առկա է եւ զգացվում է անմիջականորեն:

Տրանսֆերտներ և փոխարժեքի ազդեցությունը

2014-ի սկզբից, Ռուսաստանի նկատմամբ Արեւմուտքի սահմանած պատժամիջոցներին զուգահեռ, սկսեց նվազել ՌԴ-ում աշխատող մեր հայրենակիցների՝ Հայաստան ուղարվող գումարների ծավալը (Ռուսաստանից Հայաստան մասնավոր տրանսֆերտների միջոցով ուղարկվող գումարը համադրելի է ՀՀ պետական բյուջեի հետ`տարեկան շուրջ երեք միլիարդ ԱՄՆ դոլարի չափով: Սա մեր երկիր մտնող գումարների առյուծի բաժինն է, ինչը ապահովում է բնակչության լայն շերտերի գնողունակությունը):

Անկումն արդեն շոշափելի դարձավ անցած տարվա հուլիս ամսից: Եթե 2013 թվականի հուլիսին, ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն, Ռուսաստանից Հայաստան կատարվել էր 166.2 միլիոն դոլարի փոխանցում, ապա 2014 թվականին այդ թիվն արդեն հավասար էր 151,6 միլիոն դոլարի: Անկումը 8,7 տոկոս էր: Հետագա ամիսներին, ինչպես տեսել ենք, հուլիս ամսին գրանցած միտումը պահպանվել է: Բավական է միայն նշել, որ Կենտրոնական բանկի տվյալներով՝ 2015-ի հուլիսին Ռուսաստանից Հայաստան ուղարկվել է ընդամենը 94,8 միլիոն դոլար (անկումը, համեմատած 2014-ի նույն ժամանակահատվածի հետ՝ 40 տոկոս):

Եւ բացի դա՝ արդեն 2014-ի վերջից, ռուբլու ծավալների նվազմանը գումարվեց նաեւ արժույթային անկումը: Ռուբլու փոխարժեքը հայկական բանկերում եւ փոխանակման կետերում նվազեց շուրջ երեսուն տոկոսով: Սա նշանակում է, որ Ռուսաստանում աշխատող հայաստանցիների՝ հայրենիք ուղարկվող փողն արժեզրկվեց շուրջ երեսուն տոկոսով, ինչը, արդեն, ուղղակիորեն ազդեց հայաստանցիների մի զգալի մասի գնողունակության վրա: Եթե 2013-ին, օրինակ, Ռուսաստանում աշխատող հայաստանցին իր ընտանիքին ուղարկեր, ասենք, հազար ռուբլի, դա հավասար կլիներ մոտ 11 հազար դրամի, այնինչ, արդեն 2014 թվականի վերջին այդ նույն հազար ռուբլին արժեր արդեն մոտ 7 հազար դրամ, իսկ այժմ՝ դրանից էլ է պակաս: Եւ սա այն պայմաններում, որ Հայաստանում ամեն ամիս գրանցվում է գնաճ, իսկ արտաքին առեւտուրը (անգամ Ռուսաստանի հետ) կատարվում է ԱՄՆ դոլարով (որը, դրամի նկատմամբ շուրջ 20 տոկոսով արժևորվել է):

Հիմա, սակայն, ինչպես վերը նշեցինք, ստեղծվել է իրական սպառնալիք, որ ներկա առանց այն էլ «տխուր» պատկերը կարող է էլ ավելի վատթարանալ: 2015 թվականի դեկտեմբերի 15-ին ՀՀ կենտրոնական բանկի սահմանած՝ ՌԴ ռուբլու փոխարժեքը հավասար է 6,88 դրամի այն դեպքում, երբ դեկտեմբերի 5-ի դրությամբ մեկ ռուբլին արժեցել է 7,18 դրամ… Այլ կերպ ասած, 10 օրում ռուբլին դրամի նկատմամբ արժեզրկվել է շուրջ 5 տոկոսով:

Անգամ ավելին

Սակայն դրանով վատ լուրերը չեն ավարտվում: «Բրենտ» տեսակի նաֆթի բարելի ներկայիս գինը, որը, ինչպես նշվեց 40 դոլարից էժան է, հանգեցնելու է ռուսական տնտեսության շարունակական անկման:

Ինչպես անցած շաբաթ հայտարարել է ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, Մոսկվայում այս հարցով տրամադրված են հոռետեսորեն: Նախարարի խոսքով՝ մեկ բարել նավթի գինը կարող է ընկնել 30 դոլարից էլ ցածր, եւ ուստի անհրաժեշտություն է ծագելու կրճատել բյուջետային ծախսերը, սառեցնել աշխատանքները խորշոր նախագծերի վրա եւ այլն: Ռուսական տնտեսության այս «խորը քունը» կհանգեցնի ՌԴ ներսում ֆինանսական ակտիվության եւ շրջանառության նվազման, ինչը կհանգեցնի նաեւ այնտեղ աշխատող մեր հայրենակիցների եկամուտների նվազման:

Ավելին, աշխատատեղերի նվազումը առաջին հերթին, հարվածելու է ՌԴ-ում ներգաղթյալ աշխատողներին, առավել ևս, որ անկման հիմնական ցուցանիշը արձանագրվել է քաղաքաշինության ոլորտում (10,3 տոկոս): Անկման այսպիսի տեմպերով՝ հայաստանցիների գնողունակությունը կարող է իջնել աղետալի ցածր մակարդակի՝ ծանրագույն հարված հասցնելով մեր երկրի տնտեսությանը:

Եթե դրան ավելացնենք նաեւ ԵԱՏՄ ներքո հայ-ռուսական տնտեսությունների առավել խորքային ինտեգրման ծրագրերը, կարելի է սպասել, որ ռուսական տնտեսության ցնցումների արձագանքները Հայաստանում էլ ավելի կուժեղանան։ Արդյունքում, տնտեսական իրավիճակի բարելավման, Հայաստանի շրջափակման հաղթահարման, նոր շուկաների բացման հեռանկարի ու լավատեսական հայտարարությունների ֆոնին ԵԱՏՄ-ին անդամակցած Հայաստանը միաժամանակ մի քանի ուղղություններով հայտնվում է ցնցումների էպիկենտրոնում եւ իր վրա կրում ռուսական տնտեսական ճգնաժամի հետեւանքները՝ դրա հետ մեկտեղ չունենալով Ռուսաստանի ռեսուրսներն ու հնարավորությունները՝ դրանց դիմակայելու համար։

Վահե Ղուկասյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Spread the love