Հրանտ Մաթևոսյանի անտիպ ստեղծագործությունները կհրատարակվեն երկհատորով

- in Մշակույթ

Հայ գրող, արձակագիր Հրանտ Մաթևոսյանը փորձում էր տեր կանգնել ամեն ինչին: Այս մասին Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում նշեց գրողի որդին՝ «Հրանտ Մաթևոսյան» մշակութային- բարեգործական հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը:

«Ինչքանով է իրականությանը համապատասխանում նրա երազած հայրենիքը` մենք և դուք ենք տեսնում: Առողջ և հստակ տեսլական է, հասկացողը թող հասկանա: Այդ տեսլականով երկիրն ունի գոյության իրավունք և մարտահրավերներին դիմակայելու ու առաջ ընթանալու հնարավորություն: Դրան պետք է ձգտել ամեն օր: Մշակույթը հայրենիք է ստեղծում, երկիրը դարձնում երկիր ու պետություն: Իր բառերը մի փոքր փոխելով ասեմ: Մենք դրան պետք է ձգտենք: Նրա վերաբերմունքը հայրենիքի, երկրի, բնության, մարդկանց, ամեն ինչի հանդեպ տեր լինելն էր: Նա փորձում էր տեր կանգնել բոլորին ու բոլորիս: Կարծում եմ` որևէ մեկիս համար քաղաքացի լինելու խնդիրն էր դնում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Դավիթ Մաթևոսյանը:

«Հրանտ Մաթևոսյան» մշակութային-բարեգործական հիմնադրամի տնօրենի խոսքով` մի անգամ հարցազրույցներից մեկում Մաթևոսյանն առանց անուն տալու երկու ստեղծագործություն է մատնանշել` մեկը` որպես ամենահաջողված, մյուսը` որպես ամենատապալված. «Անունները չի տալիս, բայց ուսումնասիրելով ենթադրում ենք, որ ամենափայփայածը «Նանա իշխանուհու կամուրջ»-ն է եղել, իսկ ամենաչհաջողվածը` «Հաղարծին» անավարտ վիպակը: Բայց մեր ենթադրությունն է»:

Դավիթ Մաթևոսյանը տեղեկացրեց նաև, որ տարեվերջին մշակույթի նախարարության հետ պայմանագիր են կնքել մաթևոսյանական անտիպ ստեղծագործությունների գրքի մի մասի ֆինանսավորման վերաբերյալ: «Հույս ունեմ` մյուս տարի առաջին կիսամյակի ընթացքում լույս կընծայվի ստեղծագործությունների երկհատորյակը»,-ընդգծեց նա:

Դեկտեմբերի 18-ին` մեծ գրողի մահվան օրը, Հայաստանի գրողների միությունը կազմակերպեց այց Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն:

«Հրանտ Մաթևոսյանն իր մտածողությամբ առավել կենտրոնացավ մի տարածքի` Ահնիձորի, Դեղի, Լոռվա աշխարհի անկյունում և այնտեղ հայտնաբերեց այն, ինչ նստած էր իր ենթագիտակցության, ճանաչողության, փորձի մեջ: Դարավոր մարդու հայ մարդու տեսակը, տղամարդ, կին, գյուղի ոգին»,- հավելեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20