Մենակյացն, ով պահանջ չունի պետությունից

Dzerqer Socialakan

Դեկտեմբերյան մի ցուրտ երեկո, երբ ձմեռն ամբողջությամբ գտնվում է իր դերի մեջ, քայլերս ուղղեցի սոցիալական նյութի հետքերով: Այն պետք է լիներ մանկատանը մեծացած անհատների, նրանց հասարակություն ինտեգրվելու, սոցիալապես կայանալու և նոր միջավայրում իրենց դերակատարության մասին:

Շատ երկար փնտրելուց հետո, կանգ  առա 16 թաղամասի բարձրահարկ շենքերից մեկում գտնվող նկուղային կացարանների առաջ: Նախապես ասել էին, որ այդ կացարաններում բնակվում են մանկատանն իրենց ապրելու իրավքունքն ավարտած և ընտանիք կազմած երիտասարդ ընտանիքները:

Ունեզրկությունն ու աղքատությունը պարզապես մեծատառերով գրված էին այդ նախկին նկուղների արտաքին պատերին: Մոտեցա դռներից մեկին, որը իհարկե կարելի էր դուռ համարել՝ հնամաշությունից մարդկությանը անծանոթ գույն էր ստացել, երկմտեցի, սակայն` թակեցի: Դուռը բացեց միջահասակ և բավականին հաճելի մի կին: Հակասությունն արդեն ապշեցնող էր, թե ինչպես կարող են այդ դժգույն ու խունացած պատերի ներսում ապրող մարդիկ այդչափ լավատես ու մարդասեր մնալ:

Զրույցը կայացավ շատ ինքնաբուխ ու ջերմ: Պատումիս հերոսուհին Թամարա Հովհաննիսյանն է, ով անցել է կյանքի ամենադժվար ու քարքարոտ ճանապարհներով, ունեցել բազմաթիվ անդառնալի կորուստներ, սակայն երբեք չի ծնկել, այլ շարունակել է հավատալ լավին ու բարուն: Նրա հարևանները հիմնականում մանկատան սաներ են եղել, սակայն ինքն` ի տարբերություն նրանց ունեցել է շատ ապահովված և օրինակելի ընտանիք: Անբարեգութ կյանքի պատճառով կորցրել է ամեն-ամեն ինչ: Դառնությամբ նշում է, որ ծնողներից իրեն մնացել է միայն ստացած դաստիարակությունն ու լավ կյանքի մասին հիշողությունները:

Միայնակ մայրը իր միակ` տասնամյա որդու և իր համար նյութական ոչ մի տեսակի օգնություն չի պահանջում, նա ասում է, որ իրենցից ավելի կարիքավորները կան, թող պետությունը նրանց մասին հոգա, իսկ իր միակ խնդրանքն այն է, որ իրեն գնահատեն և աշխատելու հնարավորություն տան, քանզի ինքը բարձրագույն կրթության երեք վկայական ունի: Լավ է ասված, չէ, վկայական:

Թամարա Հովհաննիսյանը չի սիրում, երբ խղճում են իրեն: Ասում է, որ Աստված իրեն տվել է խելք և բանականություն, սակայն մենք ապրում ենք այնպիսի երկրում, որտեղ պետությունը զբաղած է միայն քաղաքացուն նվաստացնելով և ստորադասելով, երբեք սատար չի կանգնում. «Ինչի՞ մասին կարող է հոգ տանել իմ ճանաչած պաշտոնյան, երբ նրա միակ նպատակը միայն լափելն ու գողանալով կուտակելն է»:

Այն բարության ու լավատեսությունը, որ գալիս էր այդ տիկնոջից, իմ աչքի առջև միախառնվում էր նրա չափազանց աղքատ ու հին կացարանին, որը կամաց – կամաց վեր էր ածվում գեղեցիկ ու տաքուկ մի տան, որտեղ տանտիրոջ իրավունքով թևածում էին միայն սերն առ Աստված ու բարու նկատմամբ հավատը: Նա համոզված է, որ դժվարություններն իրեն ավելի հաստատուն ու ուժեղ են դարձնում, զինում պայքարի ոգով` իր միակ զավակի ապագայի համար, ով որպես երախտիքի ապացույց, տան սենյակի պատին բավականին խոշոր տառերով գրել էր. «ՄԱՄԱ, ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ»:

Թամարա ԽԱՉԻԿՅԱՆ

Spread the love