Պատրիարքի ընտրության հարցում թուրքահայ համայնքում հակասություն կա

Hogevorakan Terter

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության խնդրի առնչությամբ թուրքահայ համայնքի կյանքում բավական հակասական վիճակ է: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ստամբուլի հայկական «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը: Նրա խոսքով՝ այդ հակասական բարդ իրավիճակի պայմաններում լրացուցիչ ազդակ է ի հայտ եկել՝ կապված աթոռակից պատրիարք ընտրելու վարկածի հետ:

«Ստամբուլում աթոռակից պատրիարքի ընտրություն չպետք է լինի: Աթոռակից պատրիարքի ընտրության բանաձևումը մեր ազգային Սահմանդրության ոգուն և տառին համահունչ չէ, այն ապօրինի է: Ստամբուլահայությունը նոր պատրիարք ընտրելու կարիք ունի: Ազգային սահամանադրությամբ հստակ բանաձևված է, թե որ պարագայում է հնարավոր նոր պատրիարքի ընտրության գնալը:

Աթոռակից պատրիարք ընտրելու տարբերակն արհեստականորեն օրակարգ է բերվել, որպեսզի բուն պատրիարքի ընտրության գործընթացը վիժեցվի»,-ասաց Արա Գոչունյանը: Նա ափսոսանք հայտնեց այն առնչությամբ, որ այդ հաշվարկներն արդարացան: Մոտ 10 տարի է Պոլսո պատրիարքական աթոռը թափուր է: Նրա խոսքով՝ ներկայում պատրիարքի ընտրության գործընթացը վերակենդանացնելու հաշվարկները հուսադրող չեն: «Ի վերջո, այդ ընտրությանը հասնելը հնարավոր պետք է լինի ոչ միայն պետական թույլտվությամբ, այլև ներքին ընդհանուր համաձայնությամբ, ներքին կոնսեսուսով, որը պակասում է: Կոնսեսուսի պակասն է խոչընդոտներ ստեղծում պետությունից միանշանակ բանաձևումով ընտրության թույլտվություն ստանալու համար»,-ավելացրեց Արա Գոչունյանը:

Նա հույս հայտնեց, որ այս դժվար շրջանը կհաղթահարվի և պատրիարքական աթոռը նորից կունենա արժանավոր գահակալ: Ըստ նրա՝ դժվարությունները որքան էլ մեծ լինեն, համբերությունները սպառելու սահմանին լինեն, իրենց համոզումն այն է, որ Սահմանադրության կարգով նախատեսված լուծում գտնվի պատրիարքության ընտրության հարցում: «Պոլսի պատրիարքական աթոռը մոտավոր 550 տարվա պատմություն ունի և այդ ընթացքում աթոռակից պատրիարքի ընտրություն չի եղել: Հիմա էլ ոչ մի պատճառ գոյություն չունի աթոռակից պատրիարք ընտրելու: Մաղթենք, որ բանիմացությունը հաղթի»-հավ ելեց Արա Գոչունյանը:

Spread the love