Ռուս-թուրքական հաշտեցումը սկսված է

- in Հրապարակ
turkey russia

Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան շահագրգռված է Ռուսաստանի հետ նախկին հարաբերությունները վերականգնելու հարցում: Դրանք պետք է վերականգնել դիվանագիտական բանակցությունների միջոցով, ասել է Էրդողանը:

«Ներկայում հարաբերությունները վերջնականապես խզված չեն: Վերջին 10 տարիներին մեր հարաբերություններում մենք հասել ենք այնպիսի առաջընթացի, որպիսին նախկինում երբեք չի եղել: Մենք դարձել ենք ռազմավարական գործընկերներ», ասել է Էրդողանը, ավելացնելով, որ Անկարան գործում է բարեկամությունը վերականգնելու ուղղությամբ:

Ռուս-թուրքական հարաբերություններում լարվածությունն առաջացավ ռուսական մարտական ինքնաթիռի խոցումից հետո: ՌԴ նախագահը դա համարեց թիկունքից հասցված հարված եւ դավաճանություն եւ թուրքերի այդ քայլը գնահատեց որպես ամերիկացիների «համապատասխան տեղը լիզելու» ձգտում: Պուտինը նաեւ հայտարարել էր, թե հանուն Թուրքիայի հետ հարաբերությունների՝ Ռուսաստանը պատրաստ էր շատ հեռուն գնալ, շատ զիջումների գնալ թուրքերի համար զգայուն հարցերում:

Ռուսաստանը պատժամիջոցներ սահմանեց թուրքական ապրանքների, հատկապես սննդամթերքի դեմ, սակայն ավելի հեռուն չգնաց, մասնավորապես՝ գազի, ատոմային էներգետիկայի, մեքենաշինության ոլորտներում: Ռուսական պատժամիջոցները հեգնանքի առարկա դարձան, եւ փորձագետները նշում էին, որ եթե Անկարան դիմի պատասխան պատժամիջոցների, ապա ռուսական մեքենաշինությունը պարզապես կանգ կառնի, իսկ գազի մատակարարման դադարեցումը ծանր հարված կհասցնի Ռուսաստանին, քանի որ Թուրքիան Գերմանիայից հետո ռուսական գազի երկրորդ խոշոր գնորդն է:

Պարզ դարձավ, որ Թուրքիան Ռուսաստանի դեմ ավելի լուրջ լծակներ ունի, քան Ռուսաստանը՝ Թուրքիայի: Մոսկվային չհաջողվեց աջակցություն ստանալ անգամ ՀԱՊԿ իր դաշնակիցներից, փոխարենը Թուրքիային «վախեցնելու» համար սկսեց համալրել Հայաստանում իր ռազմական բազան ու սպառազինությունը:

Չնայած կոշտ հռետորաբանությանը, ամենասկզբից էլ նկատելի էր, որ Մոսկվայում խորը ողբերգություն էին ապրում Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացման կապակցությամբ: Մոսկվան պահանջում էր ներողություն եւ վնասի փոխհատուցում: Թուրքերը հայտարարեցին, որ ոչ մի ներողություն չի լինի: Նկատելի էր, որ թուրքերը վստահ էին՝ ռուսներն ի վերջո խնդրելու են վերականգնել հարաբերությունները, այս կամ այն ձեւաչափով, ինչն էլ ներկայում տեղի է ունենում:

Իհարկե, ռուս-թուրքական հարաբերություններում խնդիրներ միշտ եղել են, եւ ինքնաթիռի խոցումը վեր հանեց այդ բոլոր խնդիրներն ու սրեց լարվածությունը: Ռուս-թուրքական հարաբերություններում թուրքերը մշտապես եղել են պահանջողի դիրքում, ռուսները՝ զիջողների: Այդ մասին էր հենց Պուտինի խոստովանությունը «թուրքերի համար զգայուն հարցերում հեռուն գնալու մասին»: Պուտինը շվարած էր, թե ինչու նման պայմաններում թուրքերը գնացին նման քայլի:

Այս վիճակը սակայն երկար չէր կարող շարունակվել, քանի որ այս երկու երկրներն առանց իրար հետ իսկապես ռազմավարական հարաբերության չեն կարող լուծել իրենց խնդիրները եւ նշանակալի դեր խաղալ միջազգային հարաբերություններում: Նրանք ունեն իրար կարիքը օդ ու ջրի պես: Նրանք հայտնվել են միջազգային նման իրավիճակում եւ կարող են ճեղքում իրականացնել միայն միասին՝ «սեպարատ» համաձայնություններով, որի ակնառու օրինակը 1920-21 թթ. իրադարձություններն էին:

Մինչ Էրդողանի այս հայտարարությունները շատերն էին նշում, որ շուտով հաշտության քայլեր կարվեն: Ավելին, կան տեղեկություններ, որ ռուս-թուրքական բանակցություններն այս ուղղությամբ արդեն սկսվել են: Ըստ ամենայնի, Էրդողանի այս հայտարարությունը Թուրքիայի կողմից ընդառաջ քայլ է, որից հետո Մոսկվան համարելու է, որ թուրքերն են արել առաջին քայլը, այդպիսով փրկելով իրենց դեմքը:

Հասկանալի է, որ հաշտության բանակցություններում Թուրքիայի դիրքերն ավելի ամուր են եւ ուժեղ, եւ Մոսկվան ստիպված է լինելու շատ ավելի հեռուն գնալ «թուրքերի համար զգայուն հարցերում», քան պատրաստ էր մինչեւ օդանավի խոցումը:

Ավելորդ է նշել, որ այդ զգայուն խնդիրների թվում է նաեւ հայկական հարցը, որը չեզոքացնելու ուղղությամբ Ռուսաստանը վերջին տարիներին իսկապես շատ հեռուն է գնացել հանուն Թուրքիայի ու Ադրբեջանի: Այնպես որ, առաջիկայում հնարավոր է ականատես կլինենք թուրքերի ու ռուսների միջեւ «համապատասխան տեղերի» տարբեր հուզիչ գործողությունների:

Spread the love