Սեդրակ Երկանյան. Դավադրության զոհը

- in Մշակույթ
Sedrak Erkanyan

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՍԵԴՐԱԿ ԵՐԿԱՆՅԱՆԻ ՀԵՏ. Մաս V

ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԶՈՀԸ

– Համերգային գործունեությունը, հատկապես շրջագայություններն Հայաստանի ակադեմիական երգչախմբի հետ երիտասարդ Սեդրակ Երկանյանի կյանքում անջինջ տպավորությունների աղբյուր են եղել: Բայց մինչ դրանց անդրադառնալը՝ մի հարց առկախ մնաց: Մի՞թե հրաժարվեցիք ուսումն ասպիրանտուրայում շարունակելու մտքից: Մոտենում էր բանակայի տարիքի ավարտը: Մի անգամ արդեն վիժեցնելով Ձեր հետագա ուսումնառության հնարավորությունը՝ կոնսերվատորիայում հավաստիացրել էին, թե խնդիրներ չեք ունենալու հետագայում՝ բանակային տարիքի ավարտին:

Ս. Երկանյան – Քսանյոթս լրացել էր. ներկայացա Լազր Սարյանին. «Եկել եմ, ուզում եմ իմանալ՝ ե՞րբ են ասպիրանտուրայի քննությունները»: «Հա՛, այս ամսին են,- ասաց,- բայց դու գործ չունես: Գիտեմ՝ այս տարի ու՛մ եմ ընդունելու»: Արդեն մեկ ուրիշը կար: Բացահայտ ասում էր: Հարցրի՝ բա, լա՛վ, ես ինչքա՞ն պիտի սպասեմ: Պատասխանն էր՝ գնա՛, քեզ համար անվանական տեղ բեր: Այդ բերելը հո հեշտ բան չէ՞ր: Պարզ է՝ դա ամեն մեկին չէին տալիս: Այդ անվանական տեղերը հատկացնում էին նեղ շրջանի մեջ մտնող մարդկանց:

– Այո՛, այլ հնարքներ պետք է գործադրեիր՝ նման հնարավորություն ձեռք բերելու համար: Փակ շրջան էր: Շատերն են այն ժամանակ նմանատիպ՝ համարյա անելանելի իրադրությունում հայտնվել: Ու դարձյալ բախվելով պատնեշին՝ ի՞նչ ձեռնարկեցիք:

Ս. Երկանյան – 1981 թվականն էր, արդեն ամուսնացած էի: Մտածումներս կիսեցի կնոջս հետ: Ի՞նչ անեի: Նա էլ ժամանակին նշանավոր հայր էր ունեցել, թեև այլևս կենդանի չէր, բայց նախկին կապերը, ծանոթությունները գործում էին՝ մինչև Հայաստանի կոմունիստական կենտկոմ: Որոշեց՝ իրենց դիմել: Բայց դա միայն բավարար չէր: Մինչ այդ՝ նախորդած տարիներին, հասցրել էի ռադիոյում ձայնագրություններ անել, անընդմեջ պարապում էի, համերգներ տալիս: Մեկուկես-երկու ժամ տևողությամբ՝ իմ կատարումների ձայնագրություններն արդեն ռադիոյի «ոսկե ֆոնդում» էին պահ տված: Այդ ժամանակ ռադիոկոմիտեի երաժշտական հաղորդումների գլխավոր խմբագիրը Էդգար Հովհաննիսյանն էր: Եվ երբ ասպիրանտուրայի համար անվանական տեղ հատկացնելու հարցը մեջտեղ եկավ, պետք էր նաև բնութագիր: Դիմեցի իրեն, և նա չզլացավ, շատ լավ բնութագիր գրեց: Հարցը տարբեր փուլեր անցնելուց հետո (ՀԿԿ կենտկոմ, պետպլան) անհատական տեղը հատկացնելու որոշումը տրվեց: Դեկտեմբերն էր. 27-ս լրացել էր, ու ես անվանական թղթերս ձեռքս՝ ներկայացա Սարյանին: Սրա մազերը (մազ էլ չկար) ցցվեցին՝ ա՜յ, տղա, էս ո՞նց: «Այո՛, ասում եմ,- սա՛ էլ՝ բնութագիրը»: Իմ հայտարարությունն անակնկալ էր իր համար: Բայց իրեն լավ էր տիրապետում, շուտ ուշքի եկավ անսպասելի «հարվածից» և՝ «Հիմա կհանձնարարեմ, մի շաբաթից կգաս, կնվագես»: Ասում եմ. «Լա՛զր Մարտիրոսովիչ, գոնե մի 10-15 օր տվեք, այսքան ժամանակ վազվզել եմ, մի քիչ ֆորմայից դուրս եմ եկել»: «Չէ՛, ասում է,- ի՜նչ ես ասում, 10 օրից տարին կփոխվի, այս թղթերդ չեն անցնի»: «Ո՜նց թե, իմ անվամբ թուղթ է, չէ՜»,- միամտորեն զարմանում եմ:

Ա՜յ … Հիմա նստել եմ, հապշտապ ֆորմայի եմ գալիս, այնտեղ անգլերեն ենք պարապում, մյուս կողմից՝ գիտկոմունիզմի վերաբերյալ գիտելիքներս եմ վերականգնում: Տարիների ընթացքում որոշ դասախոսների մոտ դրական վերաբերմունք էր ձևավորվել իմ հանդեպ: Գիտկոմի դասախոսը Փիրուզյանն էր, որ դեռ առաջին կուրսում ինձ դիտողություն արեց. «Ձայնդ կտրի՛ր, տեղդ նստիր»: Սեմինարի ժամանակ Լենին – Տրոցկի փոխհարաբերության մասին խոսելիս՝ Տրոցկուն դրականորեն ներկայացրի (տրոցկիզմը խորհրդային տարիներին դառափետվում էր – Հ. Ս.), ահա թե ինչու՛ ինձ լռեցրեց: Ասպիրանտական քննություններին պատրաստվելիս՝ նույն դասախոսն ասաց, որ խնդիր չունեմ: Մի-երկու բան պիտի կարդայի, հենց դրանք էլ պիտի հարցներ: Նույնը՝ անգլերենը. ասաց՝ 10-15 էջ կարդա, այնտեղից հարցեր կտամ: Կոնսերվատորիայում սովորելու տարիներին անգլերենի՝ իմ իմացությունն այնքան էր առաջ գնացել, որ արդեն 4-րդ կուրսում (անգլերեն առարկան ուսանելու վերջին տարին էր) 15-20 էջ կազմող բարդ տեքստերն ազատ կարդում, թարգմանում, հարցերին պատասխանում էի: Դասախոսը «կաշիդ կքերթեր», մինչև չհանձնեիր, ու դա նպաստեց անգլերենի իմ իմացությանը: Շնորհակալ եմ նրան դրա համար:

– Նշանակում էր՝ այս առարկաներից անակնկալներ չէին սպասվում ասպիրանտուրա ընդունվելիս: Մի՞թե անակնկալը նվագելիս պիտի լիներ:

Ս. Երկանյան – Ինձ տրված մեկ շաբաթն անցավ, և պիտի գնայի քննության: Ի դեպ, իմ մտադրությունը ոչ այնքան ասպիրանտուրա ընդունվելն էր, որքան պրոֆեսոր Յուրի Հայրապետյանի մոտ սովորելը: Նա մեծ կապեր ուներ Մոսկվայում:

– Եկել էր ժամանակը՝ խելամիտ քայլեր կատարելու:

Ս. Երկանյան – Յ. Հայրապետյանը համաձայնել էր ասպիրանտուրայում իմ դասախոսը դառնալ: Ահա և եկավ քննության օրը: Գնացել եմ իմ տեղի վրա քննություն տալու: Դաշնամուրային ամբիոնից, ասպիրանտուրայից մի սուրու մարդ է բերել, լցրել, որ ինձ լսեն, մարդիկ, որ սովորաբար նման քննություններին ներկա չեն լինում:

– Ձեր՝ մինչ այդ անցած ճանապարհը համոզիչ չէ՞ր, եկել էին ծանոթանալու՞ Ձեր նվագին և գնահատելու՞: Ի՞նչ է՝ առաջին անգամն էր, որ լսում էին Ձեզ: Իսկ Ձեր բազում համերգները, բեմելույթները, մրցույթներին աչքի ընկնելը…

Ս. Երկանյան – Այդ ամենն առ ոչինչ էր: Բոլորն էլ ինձ գիտեին, և ոչ մեկը նրանցից լավ վերաբերմունք չէր դրսևորել իմ հանդեպ: Ձեռնածու էին, ով ի՛նչ ասեր, պիտի անեին: Եթե հակառակեին, կոնսերվատորիայում այլևս չէին աշխատի:

«ԽԱՉ ՔԱՇԵՑԻ ԵՍ ԱՅԴ ԱՄԵՆԻ ՎՐԱ»

– Դավադրութուն էր կազմակերպվում, փաստորեն, Ձեր դեմ, և Դուք՝ անտեղյալ:

Ս. Երկանյան – Ես նվագեցի այնքանով, որքանով պատրաստ էի: Էլի մեծ ծրագիր նվագեցի՝ մեծ չափեր ունեցող, իրար հետևից: Դե՛, ես գիտեի, որ գերազանց չեմ նվագել, ոնց կարող էի նվագել, եթե պատրաստվելու փոքր-ինչ ավելի ժամանակ հատկացնեին: Այսպիսի բարդ ծրագիր նվագելու համար հարկավոր է առնվազն երկու ամիս օրնիբուն պարապել: Մտածում էի՝ դե՛, լա՜վ, մրցակցություն չկա, թեկուզ «4» (լավ) գնահատեն (նվագս առնվազն «4»-ի էր արժանի): Դուրս եկա, սրանք խոժոռ – խոժոռ, լարված նստել էին. տեղեկացված էին, թե ինչ պետք է լինի: Սկսվելու էր հաջորդ դաժան փուլը:

Իմ նվագից հինգ րոպե անց կարող էին գնահատականը հրապարակել: Հինգ րոպեն անցավ, չկան, անցավ տասը րոպեն, չկան, արդեն հազար անգամ գնացի-եկա միջանցքում, կես ժամն անցավ, չկան… Ի՜նչ են անում այնտեղ, ի՜նչ եմ արել: Մի ժամ է անցել, դեռ չկան: Արդեն ոտքերս սառչել էին: 81-ի դեկտեմբերն էր, ցու՜րտ, կոնսերվատորիան այն ժամանակ այսօրվա նման չէր ջեռուցվում, միջանցքներում շատ սառն էր: Ժամանակն անցնում էր, մեկուկես ժամ անցկացրի անտանելի ապրումների մեջ: Սրանք դուրս եկան ու գրեթե առնետների նման փախան, ընդ որում՝ նաև Յուրի Հայրապետյանը, որը համաձայնել էր դասախոսել ինձ ասպիրանտուրայում: Իրեն մոտեցա՝ իմանալու՝ ի՛նչ է կատարվում: «Ի՛ր հետ խոսիր, ինձ հետ գործ չունես»,- խուսափողաբար պատասխանեց ու հեռացավ: Նկատի ուներ Սարյանին:

– Ո՞նց հասկանանք,- հարցնում եմ կոնսերվատորյայի ռեկտորին,- ի՞նչ որոշեցիք:

– Սեդրա՛կ,- ասում է,- չի՛ լինի, այսպես չի լինի: Դե՛, դու քո նվագը չնվագեցիր:

– Ընդունե՛նք. <<5>> մի՛ դրեք:

– Չէ՛, ո՞նց:

– «4« դրեք, «♥» դրեք:

– Ի՞նչ է, ուրեմն ես «4»-ով պիտի ասպիրանտուրա մա՞րդ ընդունեմ: Գնա, պարապի՜ր:

– Բայց իմ տեղն է, չէ՞, այլ մարդ չկա և չի կարող ընդունվել այդ անվանական իջեցված տեղում:

– Նշանակություն չունի, ես ինչու՞ պիտի ասպիրանտուրա «4»-ով ընդունեմ: Դա պիտի «5» գնահատականով լինի: Գնա՛, մյուս տարի կգաս…

Իր վատությունը, այսպիսով, Լազր Սարյանն արեց:

Խաչ քաշեցի այդ ամենի վրա:

ԾԱՆՐ ԵՐԱԶՆԵՐ, ԴԱՌԸ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

– Գումարներ մատուցելու դեպքում հարցերը սահունորեն լուծում կստանային: Մի 10-13 հազար ռուբլու մասին է խոսքը. այն ժամանակ դա զգալի կարողություն էր:

Ս. Երկանյան – Այդ օրը սև, սգեմավոր տերտեր էի տեսել երազում: Ինչու՞ եկավ երազիս՝ ահագնացող կերպով, ի՞նչ ասաց՝ չգիտեմ, բայց այդ երազը հոգումս շատ ծանր նստվածք էր թողել:

– Գուցե տիրող իրադրության, իրականության ներքին վերլուծության արդյու՞նքն էր երազը, որ իբրև պայծառատեսություն՝ հայտնվել էր Ձեզ:  Դուք նախապաշարվա՞ծ մարդ եք:

Ս. Երկանյան – Ընդհանրապես, ո՛չ, բայց ինձ հետ 1-2 անբացատրելի բաներ կատարվել են: Քնել-զարթնել եմ, տեսել՝ ափիս մեջ զուգահեռ մի շարք գծեր են. որտեղի՞ց: Նախորդ օրը ոչինչ չէի արել, սովորություն չունեի նաև ձեռքիս գրել: Դեռ ամուսնացած չէի, տանը երեխա չկար, որ նման բան աներ: Լվացվեցի, անցավ: Ո՞նց, ինչի՞ համար, իմաստը ո՞րն էր…

Մեկ էլ երազներն ազդել են վրաս, երբ մանկապարտեզի տարիքի երեխա էի: Սարսափելի երազ էր, նման սարսափազդու կերպարներ հիմա են ցույց տալիս անիմացիոն ֆիլմերում: Ես ինչու՞ այդ տարիքում երեք անգամ այդ տեսա: Նույն ձևով: Առաջին անգամ սարսափից զարթնեցի, երկրորդ անգամ՝ սրտի տրոփյունով, երրորդ անգամ՝ մի քիչ ավելի հանգիստ:

«ՇԱՏ ԿՈՒԼՏՈՒՐԱԿԱՆ ԷԻ ՆՎԱԳՈՒՄ»

– Սրանով, այսպիսով, ավարտվեցին դաշնակահարության գծով կրթությունը շարունակելու Ձեր ձեռնարկումները: Պատնեշն անհաղթահարելի էր: Կամ գուցե այլևս անիմա՞ստ էր հավելյալ ջանքեր գործադրելը: Իսկ այդ «դատավճիռը» կայացնող հանձնախմբին վիճակվե՞ց երբևէ հանդիպել, թեկուզ այլ առիթով:

Ս. Երկանյան – Երբ ասպիրանտուրայի քննությունը տապալեցին, մի քանի ամիս անց հայտ ներկայացրեցի՝ մասնակցելու Փարիզում կայանալիք Մարգարիտա Լոնգ – Ժակ Տիբո մրցույթին: Դարձյալ ապագա հաղթողի անուններ էին հոլովվում: Բայց միևնույն է, պնդաճակատ վերջին անգամ ուզում էի գնալ, մասնակցել: Ասպիրանտական տապալումից հետո ընդամենը 2 – 3 ամիս անց (ապրիլին էր, կարծեմ) այս նույն դասախոսական կազմը նստած էր: Բայց այս անգամ մրցույթի հանրապետական փուլն անցնում էր բաց դռներով՝ հանդիսականի ներկայությամբ: Ես անցա այդ փուլով և ուղեգիր ձեռք բերեցի՝ մասնակցելու մրցույթի համամիութենական փուլին: Հաղթելը, կարծես թե, ինձ բոլորովին պետք չէր: Ինձ պետք էր սրանց հանդիսականի առջև ապացուցել, թե ինձ հետ ի՛նչ անարդար կերպով վարվեցին: Հաջորդ փուլն անցնում էր Ալմա-Աթայում: Գնացի, թե՛ քաղաքը տեսա, թե՛ այլ երաժիշտներ լսեցին նվագս, կարծիք հայտնեցին: Այս անգամ էլ որոշված էր հաղթանակը տալ Ստ. Նեյհաուզի ապօրինի զավակին՝ Եվգենի Բունինին: Հիմա էլ Նեյհաուզն էր մահացել, ինքն էլ ժառանգ չուներ, որոշել էին իր ապօրինի զավակին հաղթությունը շնորհել: Մի անուն էլ բուռն «ճակատամարտերից» հետո ավելացավ. տեղի մշակույթի նախարարի աղջիկն էր …

Իմ ելույթից հետո մոտեցան մեկ-երկուսը: Նրանցից մեկը փայլուն դաշնակահար Գրիգորի Սոկոլովն էր (16 տարեկանում շահել էր Չայկովսկու անվ. մրցույթի առաջին մրցանակը, թեև այդ մրցույթին մինչ 18 տարին լրանալը թույլ չեն տալիս մասնակցելու, բայց իր դեպքում բացառություն էր արվել): Նա իր կարծիքը տվեց իմ նվագի վերաբերյալ: Մյուսը Դմիտրի Բաշկիրովն էր, որ մի ժամանակ շատ էր գալիս Հայաստան: Հարցնում եմ՝ ի՞նչ տպավորություն ստացաք: Պատասխանում է. «Դուք շատ կուլտուրական եք նվագում: Ամեն ինչ տեղում է, բայց գիտե՞ք՝ ինչ-որ բան չի բավարարում…», և ցուցամատն ու բութ մատն իրար է քսում (մատների հայտնի շարժում՝ փող նշանակող- Հ. Ս.): Այսինքն՝ միայն նվագելով չես հասնի հաղթանակի: Ասացի. «Շնորհակալություն անկեղծության համար»:

Վերջ V արարի

Զրուցեց` Հասմիկ Սարգսյանը

Շարունակությունը՝ հաջորդիվ

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20