Սեդրակ Երկանյան. «Մեջս հայրենիք ունեմ»

- in Մշակույթ
Sedrak Erkanyan

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՍԵԴՐԱԿ ԵՐԿԱՆՅԱՆԻ ՀԵՏ. Մաս VI

ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆ՝ ԲԵԹՀՈՎԵՆԻ «ՖԱՆՏԱԶԻԱՅՈՎ»

– Փարիզում անցկացվող Մարգարիտա Լոնգ-Ժակ Տիբո մրցույթի նախընտրական փուլերին մասնակցությունն իրականում, որքան հասկանում եմ, արվեստագետին ճնշող և հեղձուկ միջավայրից պոկվելու ուղիներ փնտրելու վերջին դրվագն էր Ձեր կյանքում: Հրաժարվելով այլևս մասնակցել երաժշտական մրցույթներին՝ Դուք շարունակեցիք Ձեր, ինչպես դաշնակահար Դմիտրի Բաշկիրովն էր բնորոշել, «կուլտուրական նվագը»՝ հանդիսականի սիրտն ու համակրանքը շահելով զուտ Ձեր կատարողական արվեստով: Առաջ գնալու զարտուղի ճանապարհները Սեդրակ Երկանյանի համար չէին և ընդունելի չէին:

Ս. Երկանյան – Հայաստանի ակադեմիական երգչախմբում դաշնակահարի տեղ էր ազատվել, և կոնսերվատորիայում ուսումս ավարտելու օրվանից մեկ շաբաթ անց առաջարկություն ստացա Հովհ. Չեքիջյանից՝ դառնալու իրենց դաշնակահարը: Հարցուփորձ էր արել իմ առաջին կնոջը, որ այն ժամանակ երգում էր այնտեղ, թե դաշնահակար է պետք, արդյոք կոնսերվատորիայում ու՛մ կերաշխավորեն: Նա էլ դիմել էր Ելենա Ավետովնային, թե՝ մեզ լավ դաշնակահար է պետք: Ինքն էլ ինձ էր մատնացույց արել:

Երգչախմբում աշխատանքս հնարավորություն էր տալիս հսկայական ժամանակ ունենալու, ինքս ինձանով զբաղվելու: Շարունակեցի՝ որպես ազատ, անկախ արվեստագետ: Այնքա՜ն հարմար էին աշխատանքային ժամերը: Փորձը սկսվում էր ցերեկը՝ երկուսին, ավարտվում՝ չորս-չորսն անց կեսին, և դա նշանակում էր՝ թե՛ առավոտյան (որ գտնված ժամեր էին պարապմունքների համար), թե՛ երեկոյան պարապում էի, ծրագիր էի սարքում, համերգներ էի պատրաստում: Իմ ընտրությամբ՝ ի՛նչ ուզում՝ նվագում էի:

– Մենահամերգներով հիմնականում որտե՞ղ էիք հանդես գալիս: Հայաստանից դուրս գալու հեռանկարներ բացվեցի՞ն:

Ս. Երկանյան – Համերգները հիմնականում Հայաստանում էին, բայց նաև ի շնորհիվ ակադեմիական երգչախմբի, հնարավորություն եղավ մեր երկրից դուրս հանդես գալու: Տեսնելով՝ ի՛նչ դաշնակար եմ, Հովհ. Չեքիջյանն ինձ հանձնարարեց սովորել Բեթհովենի «Ֆանտազիան»: Այդ ստեղծագործությունը գրված է դաշնամուրի, նվագախմբի և երգչախմբի համար: Իր սիրելի գործերից էր և, առհասարակ, շատ գեղեցիկ արվեստի ձոն: Հենց դա՛ հանձնարարեց, որ սովորեմ: Ընդունվել էի աշխատանքի հուլիսին, շատ չանցած՝ 1-2 շաբաթից, արձակուրդներ էին, սեպտեմբերի 17-ին համերգն էր՝ այսպես ասած, իմ «մկրտությունը»՝ որպես Չեքիջյանի դաշնակահար: Շատ լավ ելույթ ունեցա, ինքը շատ ոգևորված էր, ինչից հետո որոշեց այս ստեղծագործությունն ինձ հանձնարարել: Ասեմ, ի դեպ, որ այս գործը համերգից 10 օր առաջ էր տվել: Համերգին, ի թիվս մեկ-երկու այլ ստեղծագործությունների, նաև «Ֆանտազիան» պիտի կատարվեր: Չեմ ասի, թե շատ բարդ ստեղծագործություն է, բայց դյուրին էլ չէ. այնտեղ տեխնիկական բարդություններ կան, որոնք պետք է օրերով, շաբաթներով պարապես, հաղթահարես: Ես այդ համերգը տվեցի. ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում էր. երգչախումբն էր, ֆիլհարմոնիկի նվագախումբը և ես էլ՝ առջում՝ որպես մենակատար: Դահլիճը լիքն էր: Շատ լավ նվագեցի: Ինձ համար էլ էր պատվի խնդիր՝ 10 օրում հաղթահարել և այնպես նվագել, որ նվաճես դահլիճը: Երևի այնքան լավ էի նվագել, որ այս անգամ էլ ետնաբեմում Չեքիջյանը բուռն գրկախառնվեց ինձ: Ճակատագիր է երևի, դրանից հետո երգչուհի Էլլադա Չախոյանը պիտի Շուբերտ կատարեր:

ՆՎԱՃՎԱԾ ԴԱՀԼԻՃՆԵՐ, ԽՈՆԱՐՀՎԱԾ ՍՐՏԵՐ

– Համերգային շրջագայություններն, անշուշտ, բերել են նոր տպավորություններ, ծանոթություններ, գուցե ձեռք եք բերել բարեկամնե՞ր: Ինչպիսի՞ն էր հանդիսականը Հայաստանից դուրս, ի՞նչ տպավորություն ունեք այլազգի մտավորականությունից:

Ս. Երկանյան – Շատ լավ շրջան էր սկսվել: Որպես երաժիշտ՝ կենտրոնացել էի ծրագրերի վրա, տարբեր համերգներ էի տալիս: Լենինգրադի ֆիլհարմոնիկ դահլիճում երկու անգամ Մռավինսկու ղեկավարած՝ Լենինգրադի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կատարեցի Բեթհովենի «Ֆանտազիան»: 1981-ի մայիսին էր (դստերս՝ Կամիլայի ծնվելու օրերն էին): Ի դեպ, որքան հիշում եմ, մինչ այդ հայաստանցի ոչ մի երաժիշտ, թերևս բացառությամբ Ռուբեն Ահարոնյանի, այդ դահլիճում չի նվագել. նման բան ամեն մեկին բախտ չի վիճակվում: Համերգները Հովհ. Չեքիջյանի ղեկավարած երգչախմբի հյուրախաղերի շրջանակներում էին: Եվ ահա համերգներից մեկին ներկա էր գտնվել այն ժամանակ «Հյուսիս-սիբիրյան բանկի» տնօրեններից մեկը հանդիսացող մի կին՝ Օլգա Զինովևան, որը հետագայում ինչպես պարզվեց, նաև նկարչուհի է և գնալու էր հետագայում Իտալիա՝ նկարչություն սովորելու: Լսել էր նվագս, և ծանոթացանք: Ի՜նչ կին էր՝ բոյո՜վ, սիրու՜ն… Պարզվեց՝ նույն հյուրանոցում ենք ապրում, ավելի առիթ եղավ մեկմեկու ճանաչելու, ու ինձ հրավիրեց Սվերդլովսկ: Տեղեկանալով, որ նաև նկարիչ եմ, դա ևս իրեն հետաքրքրեց, և Սվերդլովսկ գնացի մեծ ուղեբեռով: Տեղում համերգ-ցուցադրություն կազմակերպեց: Գիտե՞ք՝ ինչքան հոնորար տվեց ինձ. այդքան Ռիխտերը չէր ստանում: Սվերդլովսկում շփվեցի ոչ միայն Լիա Խացկելևիչի հետ, որ գրեց համերգների մասին, այլև ծանոթացա պոետների հետ, զրուցեցինք թեյի շուրջ, տեղաբնակ հայ նկարիչների հետ ծանոթացա: Համերգային շրջագայությունը բերում էր նաև այսպիսի ծանոթություններ:

– Ձեռքս է անցել այդ օրերին ուրալյան տպագիր պարբերականների հրապարակումներից մեկը, որում խոսվում է Ձեր արվեստի մասին: Երաժշտագետ Լիա Խացկելևիչի խոսքում, թերևս, տրված են Ձեր կատարողական արվեստի ամենից դիպուկ բնութագրումները: Մեջբերեմ մի հատված. «Սեդրակ Երկանյանի կատարողական արվեստը նախ և առաջ հիացնում է ներքին բացառիկ ազատությամբ, նրբին ճաշակով և զգացմունքների զսպվածությամբ: Ստեղծագործությունների երաժշտական ձևի կուռ ըմբռնումը, ձայնատարության տրամաբանվածությունը, բանականության ու ոգեշնչվածության յուրովի համադրությունն ունկնդիրների հիշողության մեջ կենդանացնում են հայ ճարտարապետների հիասքանչ հուշարձանները»:

Ս. Երկանյան – Բեթհովենի «Ֆանտազիան» ողջ Խորհրդային Միությամբ տարանք-բերեցինք՝ մինչև Հեռավոր Արևելք, կատարելով այն տարբեր նվագախմբերի հետ, տարբեր դահլիճներում, տարբեր քաղաքներում՝ մինչև Խաբարովսկ, կորած-մոլորած Բլագովեշչենսկ, Իրկուտսկ, Օմսկ, Տոմսկ…

ԲԵԹՀՈՎԵՆԻ «ՖԱՆՏԱԶԻԱՆ»՝

ՌՈՒՍԱԿԱՆ ԲԻԼԻՆԱՆԵՐԻ ԵՐԿՐԱՄԱՍՈՒՄ

– Ձեր ներկայացրած արվեստը հասկացում գտա՞վ այդ կորած-մոլորած վայրերում: Հեռավորարևելյան այդ վայրերը, ինչպես հայտնի է, եղել են դաժան աքսորավայրեր:

Ս. Երկանյան – Ոչ միայն ինձ համար, այլև շատ-շատերի համար բացահայտվեցին այդ տարածաշրջանի մարդիկ: Առիթ ունեցանք մոտիկից շփվելու: Նախ, ապշում ես, թե ինչքա՜ն մաքուր մարդիկ են: Սա ո՛չ Լենինգրադն է, ո՛չ էլ ավելի աղտոտ Մոսկվան, որում շփումները հաճախ տհաճություն են պատճառում: Լենինգրադում լիներ, մանավանդ Մոսկվայում, բավական էր փողոցում քայլեիր, զգում էիր՝ ինչ չար ուժ է գալիս քեզ հանդիման: Զգում ես այդ բացասական էներգիան: Դա կկլանի քեզ, եթե դու ներքին ընդդիմացող ուժ չունենաս: Բոլորովին այլ իրականություն էր ռուսական այս տարածքներում՝ մաքու՜ր, ազա՜տ, անկախ. ոնց որ ռուսական բիլինաներ, հեքիաթներ լինեն: Շփվում ես մարդկանց հետ, և համեմատելիս շահեկանորեն, դրական կերպով ներկայանում են հենց այդ վայրերի բնակիչները:

– Մշակույթն ընկալելու, ինտելեկտի առումով և՞ս:

Ս. Երկանյան – Ինտելեկտն ամեն տեղ մարդուց է գալիս: Եթե աստվածատուր է, որտեղ էլ մարդն ապրելիս լինի, ինքն այդ պաշար ունի: Ծով գրականություն էր տպագրվում խորհրդային տարիներին, ոմանք կարողանում էին ընդհատակյա գրականություն ձեռք բերել. ոնց էլ լիներ, ինչ-որ արգելված բան իրենք իրենցով կարդում էին, վերլուծում…

Այդ հեռավոր վայրերում հրաշալի երաժիշտներ էին աշխատում: Օրինակ, Օմսկի նվագախմբում միջազգային մրցույթների դափնեկիրներ էին նվագում: Տոմսկն էլ ի՜նչ սիրուն ուսանողական քաղաք էր և ի՜նչ նվագախումբ ուներ: Եվ սա՝ Ռուսաստանի հեռավոր վայրերում: Իսկ Օմսկը ռուսերենով հապավում է և թարգմանվում է՝ Սիբիրյան աքսորականների հատուկ բնակավայր, ինչպես որ Տոմսկը՝ Տայգաներում սիբիրյան աքսորականների հատուկ բնակավայր: Նույնը՝ Իրկուտսկը՝ ի՜նչ հրաշալի քաղաք էր, ի՜նչ հրաշալի մտավորականություն ուներ: Լսել ու գրել էին մեր համերգների մասին, ու նաև՝ իմ մասին:

– Իսկ Հայաստանում նման լուսաբանումներ արձագանքներ կայի՞ն, հոդվածներ տպագրվեցի՞ն:

Ս. Երկանյան – Ի՜նչ տպագրվել: Համերգ էիր նվագում այն տարիներին այստեղ, հոնորարը մինչև ստանայիր, քթիցդ կգար. տանում-բերում էին ամիսներ շարունակ: Երբ Իրկուտսկում նվագեցի, ֆիլհարմոնիայի տնօրենը՝ տկ. Բերկոն՝ ծագումով հրեա, համերգից անմիջապես հետո ասաց՝ կգաս հաջորդ օրը հոնորարդ ստանալու: Զարմացա՝ օտար քաղաքու՜մ՝ օտար մա՜րդ:

– Իսկ արտասահմանյան երկրներում հանդես գալու հնարավորություն ընձեռնվե՞ց անհատ կատարող Երկանյանին:

Ս. Երկանյան – Չէ, Մոսկվայի «վիշապին» պետք է հաղթեիր, որ թույլ տային արտասահմանում հանդես գալու: Բայց ես այդ հնարավորությունը չունեցա: Հետագայում քիչ-միչ սկսվեց, նաև՝ ի շնորհիվ երգչախմբում իմ աշխատանքի: Համերգներ, մենահամերգներ ունեցա Անգլիայում, Հունաստանում, Սուրիայում, Լիբանանում: Նաև երբ Ամերիկա էի գնացել, արդեն քիչ թե շատ ճանաչում էին, մեկ-երկու մարդ իրենց տանը փոքրիկ համերգներ կազմակերպեցին:

ՆԻԿՈԼԱՅ ՊԵՏՐՈՎ. «ԵՐԿԱՆՅԱՆԸ ՀՐԱՇԱԼԻ ՊԻԱՆԻՍՏ Է»

– Այդ տարիներին, անշուշտ, հնարավորություններ են ընձեռնվել ոչ միայն ծանոթությունների, այլև նոր ընկերական կապեր հաստատելու:

Ս. Երկանյան – Ակադեմիական երգչախմբում աշխատանքիս տարիների հետ են կապված նշանավոր մարդկանց հետ իմ բոլոր հանդիպումները, համագործակցությունը, անգամ՝ ընկերությունը: Այդպիսի ընկերություն հաստատվեց Նիկոլայ Պետրովի հետ, որ համաշխարհային դեմք է: Լենինգրադում դեռևս անհայտ, բայց լավ երգիչներից մինչև Ելենա Օբրոզցովան, Խորհրդային Միության ժողովրդական արտիստները,- բոլորի հետ շփվելու հնարավորություն եմ ունեցել իրենց փորձերի ժամանակ: Եթե սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորը ինչ-որ կտոր փորձից դուրս պետք է պարապեր, ես փոխարինում էի նվագախմբին: Ես շատ էի նման մասնակցություն ունենում: Ռիգայից հրաշալի երգչուհի կար՝ Լուիզա Անդրյուշևիչ. ես կյանքում այլևս նման երգչուհու չլսեցի: Ի՜նչ անուշ մարդ, ի՜նչ դեմոկրատ, ուրախ-զվարթ, ընկե՛ր: Բոլորովին զգացնել չէր տալիս, որ ինքն այդպիսի երգչուհի է, ցույց չէր տալիս քեզ: Քանի՜-քանի՜ անգամ իր հետ նման հանդիպումներ են եղել տարբեր հարթակներում: Այդ մարդկանց հետ շփվելիս՝ ոչ միայն երաժշտությունից ես խոսում, այլև տեսնում ես իրենց վարվելաձևը, մտածելակերպը:

– Պատմե՛ք Նիկոլայ Պետրովի հետ Ձեր մտերմությունից:

Ս. Երկանյան – Պետրովի հետ շատ մտերմացանք: Ինքն էլ շատ դեմոկրատ, փայլուն անձնավորություն է: Շատ Մարդ մարդ է: Երևի այն պատճառով, որ ինքը գիտե՝ փայլուն դաշնակահար է: Ինքն իր բարձրությունից արդեն ազատորեն կարող էր նայել աշխարհին: Չեքիջյանին էլ շատ էր սիրում: Հաճախ էր գալիս Երևան: Ես էլ մի անգամ առիթից օգտվեցի (հյուրանոցում հանդիպում, նստում, շատ էինք խոսում, ընկերացել էինք արդեն), համարձակվեցի իրեն մեր տուն հրավիրել: Սիրով համաձայնեց, թե կգա ու հայկական խոհանոցից էլ կօգտվի: Դուստրս՝ Կամիլան, 2-3 տարեկան էր: Ասացի՝ մի խնդրանք ունեմ՝ ինձ լսեք: 80-ականների սկիզբն էր. երբ ես պատրաստվում էի այն մրցույթին, որ վերջինը եղավ իմ կյանքում: Պետրովը հյուրընկալվեց իմ տանը, հյուրասիրվեց, Կամիլայի հետ խաղաց, թավալ տվեց հետը հատակին: Հետո ինձ էլ լսեց ու վերջում հեռախոսը վերցրեց ու՝ «Օգանես Հարությունովիչ (Չեքիջյանին էր զանգահարել), դուք պետք է հպարտ լինեք, որ այսպիսի դաշնակահար ունեք Ձեզ մոտ: Բնական է, ես իրեն որոշ ցուցումներ տվեցի, բայց հրաշալի պիանիստ է»: Մարդը կեղծելու բան չուներ:

ՃԵՐՄԱԿ ԴԱՇՆԱԿ, ՃԵՐՄԱԿ ՏԵՍԼԱԿԱՆ

– Ուզում եմ անդրադարձ անել մեր առաջին զրույցներին, երբ Ֆրանսայից հայրենիքը ծաղկեցնելու տեսլականով Ձեր հարազատները եկան Հայսատան և «բանտվեցին» այս իրականությունում: Ու հեռանալու ելքերը համարյա փակ էին: Եվ ահա նրանց երազն իրականցնելու հնարավորություն, հեռանկար էր բացվել Ձեր առջև: Չէ՞ որ կարող էիք մնալ արտերկրում, շարունակել Ձեր արվեստը ներկայացնել ու նաև առավել ազատ և բարեկեցիկ կյանք ապահովել Ձեզ համար: Չէ՞ որ այդ երազը նաև Դուք էիք կրում: Ինչու՞ չօգագործեցիք այդ հնարավորությունը:

Ս. Երկանյան – Երկու իրական հնարավորություն եմ ունեցել այնտեղ հաստատվելու: Մեկը՝ Լենինգրադն էր, մյուսը՝ Լոս Անջելեսը: Առաջին դեպքում՝ այդ միջավայրում կապեր, ընկերություն ունենալու շնորհիվ էր դա հնարավոր: Կարող էի այնտեղ սովորել, դառնալ այնտեղի բնակիչ, որ հետո այնտեղ իրացնեմ իմ ուժերը: Բայց չօգտվեցի: Ընկերությունը՝ ընկերություն, բայց ծնողներս Երևանում էին, սպասում էին:

– Ծնողները չէ՞ին մաղթում «ազատ նավարկություն»: Չէ՞ որ դա Ձեզ այն ժամանակ այնքա՜ն պետք էր:

Ս. Երկանյան – Աշխատում էի այդ թեմաներով շատ չցավեցնել: Նրանք ասում էին. «Ինչպե՜ս պիտի ըլլա, մեկը չկա քովդ» և այլն: Շատ չեմ փորձել «ճնշել» իրենց այս հարցերով:

Լոս Անջելեսի պարագան գրեթե նույնն էր, այն տարբերությամբ, որ արդեն ամուսնացած էի: Բայց մտքիս մի պստիկ տեղ լիներ, անմիջապես դրական որոշում կկայացնեի: Որովհետև ինձանով հետաքրքրված էր միլիոնատերի աղջիկ, և նրանք ողջ ընտանիքով «գործի էին անցել»: Ինձ հատուկ հրավիրեցին իրենց տուն, որպեսզի ցույց տան՝ ինչպիսի պայմաններում եմ ես կարող ապրել և ստեղծագործել: Նրանց տունը Մոնթեբելոում էր՝ Բևեռլի Հիլզի նման մի թաղամասում, որի բարձունքներից ինչքան հնարավոր է՝ ողջ հորիզոնով փռված էր Լոս Անջելեսը: Տուն չէր, դղյակ էր: Տարան այնտեղ, որտեղ դրված էր սպիտակ ռոյալը: Մարդիկ ռոյալ էլ ունեին. չեմ կարծում, թե նախորդ օրն էին այն գնել: Կողքից ապակե պատ էր. հրաշալի տեսարան էր բացվում: Ապակիները բացվում էին, դուրս էիր գալիս բակ, և քո առջև մի քանի քայլից հսկայական ջրավազան էր հայտնվում:

Մի այլ բարձունքում ինձ սպասում էր այդ աղջկա հետ ապահով կյանք, եթե ես համաձայնեի: Ունևոր մարդ էր, և հանուն իր աղջկա, քեզ համար ինչ ասես՝ կարող էր անել, ինչ դռներ ասես՝ կծեծեր ու կփորձել հասնել նպատակին…

Համենայն դեպս, ես այստեղի տառապանքները չէի ունենա: Կունենայի գուցե, բայց այլ տառապանքներ…

Մի ուրիշ տեղ էլ գնացինք, որտեղ հրավիրել էին ինձ համերգի. արվեստագետներ, նկարիչներ էին հավաքվել՝ Լոս Անջելեսի հայության բոհեմը: Նկարիչներից մեկը՝ Աբգարյանը, ինձ համերգից հյուրանոց բերելու ճանապարհին խոսակցության մեջ հարց տվեց (երևի որ փոխանցի պատասխանս)` է՜, ի՞նչ որոշեցիր, դու պիտի մնա՞ս հոս:

– Չփոշմանեցի՞ք Ձեր կայացրած որոշման համար: Հիմա Ձեր ափսոսանքների շարքում չէ՞ այն օրերի Ձեր վճիռը:

Ս. Երկանյան – Ե՛վ կարող եմ փոշմանել, և՛ չփոշմանել: Արդյո՞ք ափսոսանքների շարքում է: Ես կունենայի այնտեղ երիտասարդական իմ ավյունի, իմ լավագույն տարիների մի շրջան, որ կարող էի առնվազն գոնե 10-15, նաև 20 տարի հանգիստ նվագել, շրջագայել: Այդ հնարավորությունը կար: Հետագայի համար՝ չգիտեմ՝ ինչ կստացվեր: Դե՛, բնական է, լեզուն կտիրապետեի, կսկսեի դաս տալ հավանաբար, կանցնեի նստակյաց կյանքի…

Այդ այն թիվն էր, երբ սկսվել էին գորբաչովյան ազատությունները, ու ես չէի կարող իմ սիրելի դստրիկին, որ 6 տարեկան էր, թողնել անտեր:

«ՄԵՋՍ ՀԱՅՐԵՆԻՔ ՈՒՆԵՄ»

– Բայց կար նաև հայրենիքի հասկացողությունը:

Ս. Երկանյան – Սկզբում կուրորեն, ապա գնալով տարիներիների հետ առավել գիտակցորեն ես կապվում հող ու ջրիդ: Սկզբում քո հայրենիքը ովքե՞ր են. քո հարազատները, քո ծնողը, քո զավակը: Հետո մինչև չես բախվում քո հայրենիքի դժվարություններին, վերջնականապես չես գիտակցում, զգում այն, նրա մասնիկը, նրա ներկայությունը քո կյանքում: Հենց այդ գիտակցությամբ՝ մեջս հայրենիք ունենալով, գնացել և, օրինակ, աշխատել եմ Հալեպում՝ երբևէ չմտածելով, որ դառնալու եմ Հալեպի քաղաքացի: Ինչ-որ կերպ պիտի կարողանայի՞ ընտանիքս պահել. ցուրտ էր, մութ էր, վառելիք էր պետք, պետք էր օգնել:

– Հայրենիքից գնալու մտադրությունը վերացե՞լ էր:

Ս. Երկանյան – Իհա՛րկե: Գնում ես մի տեղ, որտեղ պիտի բանես: Ես այնտեղ շատ լավ էի զգում, ինձ լավ էին վերաբերվում, էական խնդիրներ չէին ծագում: Նույնը՝ Երուսաղեմում է եղել: Ցանկանայի հայրենիքից փախչել, առիթներ ունեի:

Հորեղբայրս էլ էր ասում. «Հայրենիքն այն ժամանակ ես զգում, երբ վտանգի մեջ է: Երբ որևէ վտանգ չկա, հանգիստ քեզ համար ապրում ես: Հենց այնպես Հայրենիք կանչելով ման գալը խենթություն է»: Հետո իմ մեջ, շատերի մեջ ավելի արմատավորվեց, որ այստեղ պիտի մնալ: Շատերի մեջ էլ արմատավորվեց, որ, չէ՛, այստեղից պետք է գնալ:

88-89-ին հատկապես մեր բարեկամներից ինչքա՜նը գնացին:

– Վերարժևորման շրջան ապրեցինք՝ ամենքս յուրովի:

Ս. Երկանյան – Իհարկե: Եվ ամեն մեկն իր ներսի եղածը դուրս հանեց ու ծառայեցրեց, որքանով որ կարող էր, և կամ հակառակը՝ հեռացավ:

Հայրենիքը զգում ես այն ժամանակ, երբ այն վտանգված է.- ահա այս գիտակցությանը գալուց հետո է, որ մի բան անում ես նրա համար, նվիրվում ես, կյանքդ ես տալիս:

Վերջ VI արարի

Զրուցեց` Հասմիկ Սարգսյանը

Շարունակությունը՝ հաջորդիվ

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20