Վարդան Գրիգորյան. Բանաստեղծություններ

- in Մշակույթ

Կիրակնօրյա ընթերցումներ. Ժամանակակից պոեզիա

***

Առվակը՝ զուլալ,

Ակունքից ելնում,

Առու դառնալով

Ու քչքչալով,

Իջնում լանջն ի վար,

Լանջն ի վար իջնում,

Եվ սարի տակի ծաղկահովիտում

Մեկտեղվում հոսող

Խենթուկ գետակին

Ու դառնում մասը խենթ գետի՝ վարար…

Ծափ ու ծիծաղով,

Կարկաչ երգերով,

Իրարու գրկած,

Շաչյուն – շռինդով,

Ու անտեսելով

Խութեր, ջրվեժներ,

Իրենց գիրկն առնում այլ գետակներ,

Եվ լայնանալով,

Ջրառատ դարձած

Գնում են, խառնվում օվկիան ջրերին

Կամ հանդարտանում,

Կամ ալիքների

Երգին խառնված

Զարկվում ափերի գոռ ապարաժին…

Հայելաջուր է՝

Որքան էլ հզոր,

Գալիս է մի պահ

Դառնում է անզոր:

Երկնի անհունի

Պայծառ արևի

Բիլ ջերմությանը չէ, չի դիմանա,

Կգոլորշիանա,

Երկինք համբառնա,

Ամպիկ կդառնա…

Բայց դե երանի

Երանի հավերժ

Գետը գետ մնա

Կանաչ դաշտերով

Գնա ու… գնա…

 

ԱՔՐՈՍՏԻԿՈՍ

/Էքսպրոմտ/ 

Հայաստան աշխարհ,

Արծվանիստ երկիր,

Րոպե անգամ դու չմոռացվող,

Արյուն – ավերից չընկրկող մեր գանձ,

Տոգորված փառքով, սրբառատ ու վեհ,

Երկիր աննկուն, հաստատուն երկիր,

Վանքառատ, վեհանձն, վերամբարձ ու զիլ,

Ոգեղեն երգեր, խոսքեր ոգեշունչ,

Ղողողականչող ու ոգեկոչող…

 

Հաղթական երթիդ՝

Ակնդետ, հաստատ,

Յոթնապաշտ որդիքդ՝

Րաբուններ հանց,

Երախտապարտ են, քեզնով են ապրում,

Նորեն քեզանով հասակ են առնում,

Իմաստավորվում քաջ արծվի պես,

Քեզնով միշտ հպարտ, քեզնով լավատես…

 

Հարատևես հար,

Արարող մեր շեն,

Յար ու բար երկիր՝

Անմռունչ, հպարտ.

Սարսափդ ու ահդ թշնամուց պահող,

Տուն ես հայերուս, հաստատ ու շենշող,

Արարող մնաս,  փայլես, հավերժես,

Նորեն վեհ մնաս, հասուն հասկի պես,

Սարերի պես պինդ, լեռների պես վես…

 

               ԳԻՇԵՐ

Գիշեր է դրսում՝ գիշեր է, լուսնոտ,

Ծխախոտիս հետ՝ մտքերով տարված,

Քուլաներին եմ նայում ակնդետ,

Մերթ-մերթ տրորում կոպերս հոգնած …

 

Շուրջս խաղաղ է՝ քնով են անցել,

Բոլոր- բոլորը՝ հանգիստ ու խաղաղ,

Անկողիններում հարմար ու տաքուկ,

Ինձ անհարմար է՝ գիշեր է ու պաղ …

 

Ծխամշուշում հուշերս արթնացած

Տարան ինձ հեռու, հեռուներ … հանդարդ,

Տարան դեպ անցյալ, դեպ իմ մանկություն

Ուր ապրում էինք անհոգ ու անդարդ …

 

Հիշեցի տունը, մեր բակն ու շանը՝

Ճակատին փայլող ճերմակ նշանը,

Ձեզ էլ հիշեցի իմ լավ ընկերներ,

Անավարտ թողած երգեր ու խաղեր …

 

Ամենն հիշեցի՝ հեծանիվ, գնդակ,

Դեղնած գրքերի էջեր ընթերցված,

Հայրիկիս հոգնած՝ մահճակալիս մոտ,

Մորս՝ ժպտացող աչուկներով թաց …

 

Հիշեցի նաև ջահելությունս,

Հորձանքի նման եկավ ու անցավ,

Սիրեցի սրտով, տեսա տառապանք,

Ու ծիծաղ տեսա, տեսա դարդ ու ցավ…

 

Հունձքս հարուստ էր, տեսածս բազում

Վարդեր էլ տեսա՝ մայիսին բացված,

Կարա Բալի պես բախշեցի մարդկանց,

Քեզ էլ սիրելիս՝ ավաղ մոռացվա՞ծ …

 

Հիշեցի անցած գարունս ու ամառ,

Հիմա իմ կյանքի աշունն եմ ապրում,

Բայց դե ձմեռը … ձմեռ սառնաշունչ

Ոչ ոք էլ, գիտեմ, տեսնել չի ուզում …

 

Կոպերս անընդհատ ծանրանում են ու

Ավարտն են գուժում անցյալին իմ սին

Մտքերս եմ վանում, թողնում եմ կիսատ

Ու մնացյալը հանձնում երազին…

 

***

Սիրում եմ,

Սիրում եմ,

Սիրում եմ,

Սիրում

Հուզվում եմ,

Սիրովս՝

Քեզնով

Պարծենում…

Արևս ես,

Հույսս ես,

Լույսն իմ՝

Զորություն,

Շունչն իմ,

Հավատն իմ,

Վեհ

Հպարտություն…

Բոսորս ես,

Լազուրս ես,

Ծիրանն իմ

Անշեղ…

Հատու ես,

Զորեղ ես՝

Հայկյան իմ

Աղեղ

Անահ ես,

Հյուրընկալ՝

Նման մի

Ջերմ տան,

Հզոր իմ,

Հպարտ իմ,

Անպարտ

ՀԱՅԱՍՏԱՆ….

 

ՀԱՅԱՍՏԱՆԻՍ

Գլուխդ բարձր ու հպարտ քայլիր,

Իմ հայոց երկիր՝ դու հարատև ես,

Շատ վիշտ ես տեսել, ավեր ու արցունք,

Բայց դարեր ի վեր ապրել ես, կապրես…

 

Խոհեմ ես եղել, համեստ շինական,

Լռել ես հաճախ՝ դա են պահանջել,

Թե զարկել են քեզ, զրկել, կեղեքել,

Շարունակել ես  գլխահակ տքնել…

 

Դարեր են անցել, գնացել, գլխիդ,

Հայկով՝ Նահապետ, ուղիդ կերտեցիր,

Տիգրան Մեծ հզոր, Դավիթ ու Վարդան,

Մեսրոպին Մաշտոց, քաջեր ծնեցիր…

 

Որքան էլ ասեն, մեկ է, իմ երկիր,

Դու մանանա չէիր՝ երկնից վար իջած,

Քեզ որպես պարգև չտվեցին մեզ,

Լեռնաստան էիր, ոչ թե  շենացած…

 

Քո զավակների ոսկեծոր ձեռքով

Կերտվեցին բերդեր, շեներ, ավաններ,

Քո զավակների լուսնառատ մտքով

Գրվեցին բազում լուռ մագաղաթներ…

 

Երբեք ու երբեք անցնող դարերում

Քո՝ չպատմեցիր, մաքառման մասին,

Քաջ զավակներիդ՝ իմաստուն, զորեղ,

Քո՝ հեռվում թողած, հողերի մասին…

 

Հիմա չի պահը անցյալդ հիշենք՛

Հիշենք ընդունած քո իսկ հավատքը,

Հիշենք անցյալիդ դառը պահերը,

Հիշենք զավակաց քո դավանանքը….

 

Հիշենք, որ բազում տառապանքներով՝

Տեսած շատ դավեր, աղետ ու ավեր,

Տեսած և արյուն, և արցունք, և վիշտ,

Բայց դրոշդ հար, պահվել է միշտ վեր…

 

Հպարտ ես եղել, գլուխդ բարձր՝

Հայոց անառիկ լեռների նման,

Խրոխտ ես եղել, եղել ես արի,

Եղել հողագործ, եղել շինական…

 

Բայց բռունցքվելու ունակ ես եղել,

Բռունցքվել, երբ քեզ կամեցան կոտրել,

Երբ որ Նոյանիստ Մասսի գագաթից,

Արյունն աչքերիդ տեսար նոր ավեր…

 

Տեսար ինչպես են զավթում հողերդ,

Կրակի ոնց են տալիս օջախդ,

Ոնց են որդիքդ լեռները ելնում՝

Որ երբեք, հանկարծ, չմարի ծուխդ …

 

Չէ, չես խոնարհի գլուխդ հպարտ,

Ոտքի կելնես՝ ատամներդ սեղմած,

Որ հարատևի լուսավոր տունդ,

Որ հավետ շողաս դու փառավորված…

 

Ձեզ ենք մենք դիմում՝ եղբայրք պատվական,

Ձեզ, անմռունչներ, ազգի ֆիդայի,

Ցասումով լցված՝ հանուն Հայրենու,

Հանուն գալիքի ու ապագայի…

 

Ձեր տուն ով էլ գա դուք միք խոնարհվի,

Թշնամուն տեսնեք՝ ծնկի միք իջնի,

Հոգին, ավյունը, սերն առ Հայրենիք,

Ոչ մի եկվորի երբեք միք զիջի….

 

Ձեր կամքով արի, սրտներով բարի,

Ձեռքներդ միշտ հաստատ, անվրեպ պահեք,

Որ Տան հիմքերը, երկիրն ՀայրենիՊ,

Հողը, մայր հողը հավերժ պահպանեք…

 

Նենգ է թշնամին, արնախում, դաժան,

Դու խրոխտ եղիր ու հիշիր, եղբայր,

Որ ամուր կամքն է պահում Հայրենուն,

Ու բերրի ծառը տալիս համեղ բար:

 

Եղել ես հավերժ խոհեմ, արարող,

Ոսոխի հանդեպ դաժան, անխնա,

Ով էլ որ փորձի սրով քո տուն գա

Հնձած խոտի պես պարկած թող մնա…

 

Հայաստան դրախտ,երկիր նաիրյան,

Հարատև եղիր՝ հողումդ սեփական,

Դու մեր պանծալի, փառավոր, հզոր,

Հայի սրտերի հավերժ սիրեկան…

 

ԳՈՒՑԵ ԵՎ

Ակնթարթներս

Վաղուց են անցել,

Գետերի հունով

Ջրեր են անցել,

Անցյալը՝ անցյալ,

Հուշ է մնացել,

Վերքը լավացել,

Սպի է դարձել…

Վաղուց անցել են

Վեցը տասնամյակ,

Բայց նորեն, ինչպես

Մի խենթ պատանյակ,

Հոգիս երգում է,

Երգում է սիրտս,

Նորով են լցվել

Խոհերս ու միտքս…

Գուցե թե մի օր

Նորեն խենթանամ,

Գուցե թե մի օր

Թողնեմ, հեռանամ,

Գուցե թե նորից

Չոլերը ընկնեմ,

Գուցե թե մի օր

Վախից չընկրկեմ…

Գուցե թե մի օր

Ամեն, ամենը

Մոռանամ հավետ,

Լիանամ հոգով,

Ջնջեմ մտքիցս

Նորեն հավատամ,

Թմբիրից ելնեմ

Թնդամ ու թնդամ…

Գուցե թե մի օր

Նռնաթմբերդ՝

Պաղ, սակայն դյութիչ,

Կրծքեդ ազատեմ,

Գուցե թե թույլ տաս

Ջերմությունովս

Հոգիդ պարուրած

Սառույցը կոտրեմ…

Գուցե թե մի օր

Մանկան պես խնդամ,

Գուցե թե մի օր

Նորից խենթանամ…

Երանի օրն այդ

Գա, հավերժանա…

 

ԵՐԵՍՆԻՆՆԱՊԱՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՍ

/Տոգորված Մաշտոցյան հայոց գրերով/

Արեգակնային

Բորբ լույսի ներքո

Գալիքի հույսով,

Դրոշի փայլով

Երկրի համբավով ու

Զարկով հուժկու,

Էությամբ հոգու,

Ընկալունությամբ,

Թնդանոթներիդ թնդյունով հատու,

Ժպիտը դեմքիդ,

Իրական խինդով,

Լիահույս, հպարտ,

Խայտում ես հոգում ամեն մի հայի:

Ծփաս հավիտյան

Կոհակների պես, մեղմիկ ու հանդարտ,

Հրաշամանկանց պայծառ երազով, բայց

Ձայնով ահարկու՝ սարսափ թշնամյաց,

Ղողանջով հայոց վանքի զանգերի,

Ճառագեիր սիրո քո ջերմությունով,

Մագաղաթների քո հնությունով,

Յոթնառատ սիրո հավատարմությամբ,

Նվիրումով քո ու քո խենթությամբ,

Շշունջով մեղմիկ՝ բարդու սոսյունով,

Ոգիդ թող ամուր, բազուկդ հաստատուն՝

Չարին չհանդուրժող,

Պայքարող ոգով:

Ջերմության լույսից անպակաս լինես,

Ռնգներիդ էլ հար բույրդ թարմության,

Սրտումդ կարոտ՝ անցյալից հուշեր,

Վերքապարուրված, բայց սպիացած

Տոգորված անցած հաղթական երթով,

Րոպե անգամ չվարանելով, վարակեցիր հար՝

Ցրտին, թե շոգին, որդոցդ անսասան՝

Ուժեղ քո կամքով,

Փառքով նահատակ նվիրյալներիդ,

Քո լուսապայծառ գալիքն ես երգում…

Եվ թող որ հավետ

Օրհնված մնաս, հայրենի իմ տուն՝

Ֆոսֆորաբոսոր սիրով մարմարե…

 

ԽԱՌՆԱՇՓՈԹ ԱՇՈՒՆ

Ու նորից լռիկ քայլերդ են տանում

Դողդոջ՝ քո սիրած այգու ճեմուղով,

Ուր թափրտված են ծառերից պոկված

Բազմերանգ ներկված տերևները ծով….

 

Քայլում ես, խառնում ծովալիքները,

Փնտրելով հպված հետքեր հրակեզ,

Հետքեր, որ հուշիկ ձգում են իրենց՝

Վիրավոր սրտիդ, հոգուդ, ամբողջ քեզ…

 

ԲԱՅՑ…

Ավաղ, անցավ հուշիկ պատկերը

Քո մտքում կերտած՝ անթերի, մաքուր,

Այլակի պես նուրբ, աղբյուր մի զուլալ,

Քամու նման խենթ, կրակի պես հուր….

 

Մտքերդ են շաղվում, մոլորվում այնպես,

Ինչպես քայլերդ են հուշիկ՝ ծառուղում,

Գուցե հայտնվի փերին մտքերիդ,

Գուցե հայտնվի՝ սիրտդ է ուզում….

 

Ու դու գլխահակ քայլում ես մոլոր՝

Քո խառնաշփոթ մտքերով տարված,

Քայլում ես, խորհում, կամենում ես որ

Գեթ սերը նրա չտա նոր հարված…

 

Աշուն է դրսում, աշուն քո հոգում,

Բայց աշնան պես մեղմ, աշնան պես սիրուն,

Աշուն է՝ տարվա խելառ եղանակ,

Աշուն է, կանցնի, չի գա էլ գարուն…

 

ՀԱՅՐԵՆԻՔԻՍ

Որքան էլ քեզ փառաբանենք,

Հպարտանանք քեզանով,

Ավյունով քո, քո ճաճանչով

Կենարար քո անցյալով,

Մեկ է քիչ է, մերն ես հավետ՝

Բազմաչարչար ու ավեր,

Բիբլիական հպարտ, վսեմ,

Մեր Հայրենիք երգն ես մեր…

 

Որքան էլ որ վիրավոր ես,

Բայց կանգուն ես մնացել՝

Քո զինավառ զավակների

Բազկի ուժով ես կեցել,

Քեզ գետնել էլ չկարեցան՝

Հարատև ես, աներեր,

Մեր հաղթական, անպարտ, հզոր,

Մեր Հայրենիք վերքն ես մեր…

 

Դաշտերովդ լայնատարած,

Մրգերովդ քաղցրահամ,

Արտերովդ ոսկեծածան,

Այգիներովդ փարթամ,

Գինեթասով գովք էլ անենք՝

Երկիր անուշ, բարեբեր,

Քիչ է դարձյալ՝ եզերք ու շեն,

Ջան Հայրենիք բերքն ես մեր…

 

Քերթողատառ ու կենարար,

Խաղաղության մեր պատվար,

Եղել ես, կաս ու կլինես

Հոգիներիս շինարար…

Դարեր անցել, շենացել ես

Ու պիտ գնաս նոր դարեր,

Հզոր մնաս, հպարտ ու վեհ,

Մեր Հայրենիք փառքն ես մեր…

 

ՁՄԵՌ Է ԳԱԼԻՍ

Էն դեմի սարը արդեն ձյունել է,

Ձմեռ է գալիս՝ ճերմակ ու փափուկ,

Բայց, մեկ է, արևն էլի թիկունքից

Վեր է բարձրանում, թեկուզ ձյունել է…

 

Արևն իր սովոր պտույտն է անում՝

Երկիր գնդիկի արարման պահից,

Որպեսզի հոգին մարդկանց ջերմ պահի,

Արևն ելնում է ու աչքով անում…

 

Ձմեռ է, կանցնի ու գարուն կգա,

Ծաղկունքի՝ կրկին ծննդի պահից,

Քիչ է մնացել զարթոնքին գարնան՝

Ձմեռն էլ կանցնի, թարմություն կգա…

 

Բայց դեմի սարը ձնել է արդեն՝

Ձմեռ է գալիս ճերմակ ու փափուկ,

Ձեր հոգիները, մեկ է, չեն սառչի,

Թեկուզ սարերը ձնել են արդեն…

 

ՄԻԵՎՆՈՒՅՆ Է

Միևնույն է, թեկուզ և

Կյանքը մեզնից հեռացել,

Սակայն ջահել մեր հոգին

Նորից նույնն է մնացել:

Սիրտս նորեն ու նորեն

Գիտցիր, ունակ է սիրել,

Կրկին գրկել քեզ, շոյել

Ու նրբորեն գուրգուրել,

Պայծառ արևի նման

Խենթուկ հոգիդ ջերմացնել,

Աչուկներս քո կաքավ

Լուսե պատկերդ տեսնել…

Քայլերս բախտիդ

Անիվը բեկել,

Ներսս մանկան պես

Խնդալ ու երգել:

Անհունը մտքիս

Քեզանով լցնել,

Հիանալ քեզնով,

Երկնում սավառնել,

Անտես թևերով

Դրախտում թռնել…

Ախ, որքան կուզեի

Երկար քեզ երգել,

Մարմար մարմինդ,

Հոգիդ գովերգել,

Քեզ անմնացորդ

Սիրել ու սիրել,

Քո կողմից, ջանս,

Սիրվել ու սիրվել….

 

Տարիքս եմ առել

Հո չեմ ծերացել,

Ինձ համար, հաստատ,

Մի բան եմ պարզել.

Որքան տարիքով

Մանկուց հեռացել,

Սիրտս իմացիր

Ունակ է սիրել…

 

ՄՈՐՄՈՔ

Դարձյալ ոտքերս բերեցին ձեզ մոտ,

Դարձյալ խռովք է, հոգումս, կսկիծ,

Դարձյալ պատկերներ հեռու ու մոտիկ,

Դարձյալ կարոտի անհատակ թախիծ…

Մեր ջան,

Մերիկ ջան,

Մամ ջան,

Որքան եմ  քեզ կարոտել,

Մեր ջան,

Մերիկ ջան,

Մամ ջան,

Կուզեմ նորից պինդ գրկել…

Ելիր, անուշս,

Վեր կաց

Ելիր խորը այդ քնից,

Մեր ջան,

Մերիկ ջան,

Մամ ջան,

Մի հեռանա քո բալից…

Մեր ջան,

Մերիկ ջան,

Մամ ջան,

Զեփյուռի պես մեղմ արի,

Մեր ջան,

Մերիկ ջան,

Մամ ջան,

Հույսիս լույսն իմ հեզ, բարի…

Կարոտս քեզ,

Քեզ հոգիս,

Մի թող լույսս խավարի,

Միայն արի,

Մոտ արի,

Արի մեզ մոտ, ա՜խ, արի

Հերս,

Հայրիկ ջան,

Հեր ջան…

Ա՜խ, քեզ էլ եմ կարոտել,

Քեզ էլ,

Հեր ջան,

Մորս պես

Կուզեմ ամուր, ջերմ գրկել…

Հեր ջան,

Մեր ջան,

Ետ դարձեք,

Ախր նեղ տեղ եք ընկել,

Կրկին դարձեք,

Ձեռք ձեռքի,

Դարձեք, ձեզ շատ եմ սիրել…

Մեր ջան,

Հեր ջան,

Իմ գանձեր,

Ձեզ է դիմում ձեր բալեն,

Խնդրում եմ շատ,

Ետ դարձեք,

Բուժեք ձեր բալի յարեն…

Ես էլ մարդ եմ,

Ուժ չունեմ

Երազներին հանդուրժեմ,

Թանկ ու անուշ

Ծնողներ

Ձեզ մինչև երբ կարոտեմ… 

 

ՄՏՈՐՈՒՄ

Գիշեր է խաղաղ,

Լռելայն գիշեր.

Միայն լուսինն է՝

Իր ճերմակաթույր

Պսակը հյուսած,

Տիրացել մթին,

Հսկում անդորրը՝

Դրսի … գիշերվա…

 

Արծաթաթաթախ

Լուսինը լուսե,

Աստղազարդ երկնի

Կամարում հուշիկ,

Լողում է դանդաղ

Ու միապաղաղ՝

Նիրհող ծաղկունքի

Գիշերահանգիստ

Քունը հսկելով…

 

Անտարբեր է լոկ

Սիրահարների

Թաքուն շշունջին,

Համբյուրախառը

Հևոց – գգվանքին,

Գել ու հարամու

Հաչոց, ոռնոցին…

 

Բայց  դե գիշերը՝

Ցուրտ, անհրապույր,

Խորհել է տալիս

Մենավորներիս,

Խորհել է տալիս

Ապագայի ու

Ապրելիք ամեն

Վարկյանի մասին…

 

Ակնդետ նայում,

Նայում ես երկնի

Լուսնաթաս լուսնին

Ու մտորում ես,

Մտորում լռին,

Թեև լավ գիտես

Ու գիտես հաստատ

Որ այս գիշերն էլ

Ավարտվելու է

Եվ բացվելու է

Մի նոր առավոտ…

 

Առավոտ դյութիչ,

Թարմաշունչ ու պարզ,

Արևաթաթախ,

Որ ջերմացնելու է

Շուրջը, բոլորը՝

Աշխուժացնելով

Դուրսը՝ փողոցը,

Կյանքն էլ, աշխարհն էլ,

Ձեզ էլ, հեգ մարդիկ,

Սեր ու ջերմություն

Սփռելով շուրջը…

 

Կելնեք, կբացեք

Դուռ ու լուսամուտ,

Որ առավոտը

Ձեր օջախ էլ գա,

Կելնեք, բաց կանեք

Սրտերն էլ ձեր գոց,

Կդիմավորեք

Նոր օրվա գալը,

Նորին նորովի,

Նոր թարմությանն ու

Արևին այս բոց …

 

Ապրեք նորովի

Արևավառով…

 

Մի տրտնջացեք,

Գիշեր է, կանցնի

Ու նոր օր կգա

Հույսով ու լույսով՝

Ամենով լեցուն …

Ապրեք հավատով …

 

ՆՐԱՆՑ, ՈՎՔԵՐ ԱՆՄԱՀԱՑԱՆ՝ ՏՈՒՆ ԴԱՌՆԱԼՈՒՑ ԱՌԱՋ

Դուք պիտի տուն գայիք,

Բայց … բերեցին ձեզ …

Արևի լույս էիք,

Հանգաք մոմի պես …

 

Կյանքը ձեր մատղաշ

Տվիք Հայրենուն,

Տվիք, որ խաղաղ

Ապրեն շեներ, տուն …

 

Տվիք, որ հանկարծ՝

Թշնամիք դժնի,

Ձեր երկիրը սուրբ

Արնախեղդ չանի …

 

Ձեր կուրծքը պատվար

Դարձրիք, զինվոր,

Որ ապրեն երկրում

Խաղաղ ու հզոր …

 

Հերոսներ հանգաք,

Բայց հանգչելով քո,

Ապրում է ազգը

Ձեր փառքի ներքո …

 

***

Որքան էլքեզ գովերգեմ, քիչ է էլի, ինչ ասեմ՝

Նազանքը քո, աչերդ, զուլալ հոգիդ, ինչ ասեմ,

Լավն ես, ջինջ ես, գեղեցիկ, սիրամարգ ես քո տեսքով,

Գովական ես ամենով, անթերի ես, ինչ ասեմ…

***

Պատմությունն է գուժում ամենքին՝

Գուժում է, հուշում փաստ անմեկնելի,

Թե ինչպես եղավ, ով էր մեղավոր,

Որ կրկնվում է ամենն այս էլի…

 

Անառիկ որքան բերդեր խոնարհվան,

Որքան քար սրտեր փափկեցին մեկեն

Շնչով … կանացի, հմայքով անբիծ,

Որ դավով, սիրով ընթացքներ բեկեն…

 

Դրախտից նույնիսկ արտաքսեցին՝

Կանացի անզուսպ ցանկությունից խենթ,

Բայց, դե, տղաներ, թե ուժ կգտնեք

Մի նայեք կանանց հայացքով ձեր խեթ…

Վարդան ԳՐԻԳՈՐՅԱՆ

Spread the love