Քաղհայց՝ փաստաբանների պալատի նախագահի և խոսնակի դեմ

dat

Forrights.am. Փաստաբաններ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի փոխհատուցման վերաբերյալ հայց են ներկայացրել փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի և խոսնակ Հայկ Հակոբյանի դեմ: Պատճառը լրատվական երկու կայքերի միջոցով Վարոսյանի և Սահակյանի վերաբերյալ տարածված տեղեկություններն են:

Մասնավորապես՝ այս տարվա հուլիսի 6-ին «xnews.am» լրատվական կայքում հրապարակվել է «Փաստաբաններն իրարից հաղթանակնե՞ր են գողանում» վերտառությամբ հոդված, որտեղ նշվել է, որ ՀՀ փաստաբանների պալատի անդամներ, փաստաբաններ Երվանդ Վարոսյանը և Լուսինե Սահակյանը սեփականաշնորհել են այլ փաստաբանի` հանրային պաշտպան Լիանա Գրիգորյանի հաղթանակը, ըստ որում՝ հոդվածում լրագրողը նշել է, թե «սա այս հրաշալի զույգի առաջին յուրացված հաղթանակը չէ»:

Ապա՝ հուլիսի 30-ին նույն լրատվական կայքում հրապարակվել է «Ո՞րն է այն շարժառիթը, որ ստիպում է նախկին ամբաստանյալին պատժել իրեն պաշտպանած հանրային պաշտպանին» վերտառությամբ մեկ այլ հոդված:

Ավելի ուշ՝ հոկտեմբեր ամսին լրագրող Փայլակ Ֆահրադյանն իր ֆեյսբուքյան էջում, հայտարարություն է հրապարակել այն մասին, որ ՀՀ փաստաբանների պալատի անդամներ, փաստաբաններ Երվանդ Վարոսյանի և Լուսինե Սահակյանի գործունեությունը վատ տեսանկյունից ներկայացնող երկու հոդվածների հեղինակը, որոնք տեղադրվել էին կայքում, եղել է փաստաբանների պալատից: Դրանք պալատի խոսնակ Հայկ Հակոբյանն է ուղարկել, իր ղեկավար Արա Զոհրաբյանի հետ համաձայնեցնելուց հետո, և նրա խնդրանքով դրանք տեղադրվել են կայքում:

Նույն օրը www.analitik.am լրատվական կայքում հրապարակվել է «Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանն իրենց էին վերագրել ուրիշի հաղթանակը. Հայկ Հակոբյան» վերտառությամբ հոդված, որով ՀՀ փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանը հարցազրույց է տվել՝ նշելով, թե Երվանդ Վարոսյանն ու Լուսինե Սահակյանը ոչ միայն իրենց էին վերագրել այդ հաղթանակը, այլ նաև վատաբանել էին Լիանա Գրիգորյանին։

«Այո, ես օգնել եմ Լիանա Գրիգորյանին, որպեսզի իր խոսքը հասցնի հանրությանը, քանի որ իրականում նրա բողոքն էր բավարարվել։ Բայց դա չէ էականը, այդ հաղթանակը թող մնա Լուսինե Սահակյանին և Երվանդ Վարոսյանին, ինչո՞ւ են վատաբանում հանրային պաշտպան Լիանա Գրիգորյանին»: … Միաժամանակ կցանկանայի նշել, որ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը, Լուսինեի ամուսնու ընտանիքի news.am կայքը դարձրել են ընտանեկան մեկնաբանությունների դաշտ, քանի որ խմբագիրը Արմենիկա Կիվիրյանն է՝ Արգիշտի Կիվիրյանի քույրը։ Ինչպես գիտենք, Արգիշտի Կիվիրյանը Լուսինեի ամուսինն է»,- լրատվամիջոցին ասել է Հայկ Հակոբյանը:

Հայցվորները գտնում են, որ վերը նշված հոդվածներում հրապարակված տեղեկություններով արատավորվել են իրենց պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը:

Ըստ փաստաբանների՝ իրենց վերաբերյալ հրապարակված հոդվածներում առկա են տեղեկությունները վիրավորանք գնահատելու համար ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից մատնանշված երեք հատկանիշներն էլ, մասնավորապես՝ այդ տեղեկություններում արված արտահայտությունները արատավորում են հայցվորների պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը, դրանք ի սկզբանե հետապնդել են հենց այդ նպատակը և այդ տեղեկությունները ներկայացվել են հրապարակային:

Ըստ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի՝ հոդվածներում առկա են նաև Վճռաբեկի կողմից մատնանշվող բոլոր 4 հատկանիշները՝ դրանցում առկա տեղեկությունները զրպարտություն գնահատելու համար, մասնավորապես` այդ տեղեկություններում ներկայացված են փաստացի տվյալներ, որոնք հնչեցվել են հրապարակայնորեն, չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են հայցվորների պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը:

Հայցվորները դատարանից պահանջում են pարտավորեցնել ՀՀ փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանին և ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել Լուսինե Սահակյանից և Երվանդ Վարոսյանից հիշյալ լրատվական կայքերում հրապարակված հոդվածներում տեղ գտած` Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունների համար, ինչպես նաև հերքել դրանք:

Որպես պատճառված վնասի փոխհատուցում՝ հայցվորները պահանջում են ՀՀ փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանից և ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանից բռնագանձել 1 (մեկ) ՀՀ դրամ:

Արաքս Մամուլյան

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.