Ադրբեջանում անցնում են խիստ խնայողության. 2016 թվականի պետբյուջեն կվերանայվի

- in Տնտեսական

Էներգակիրների արտահանման վրա հիմնված տնտեսություն ունեցող եւ նավթի համաշխարհային գների շարունակական անկման հետեւանքով տնտեսական ճգնաժամում հայտնված Ադրբեջանում պատրաստվում են փոփոխություն մտցնել 2016 թվականի համար հաստատված բյուջեում, անցնել 4 տարվա տնտեսման ռեժիմի, նվազեցնել պետական ներդրումները, լուրջ բարեփոխումներ կատարել պետական կառավարման համակարգում եւ արագացնել պետական ունեցվածքի մասնավորեցման գործընթացը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նախագահությամբ երեկ տեղի ունեցած կառավարության նիստում հայտնել է ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը:

Շարիֆովը հայտնել է, որ չնայած 2016 թվականի պետական բյուջեում, որը հաստատվել է անցյալ տարվա դեկտեմբերին, բյուջեի ծախսերը 3,1 մլրդ մանաթով կամ 15 տոկոսով արդեն կրճատվել են` կապված նավթի գների անկման հետ, անհրաժեշտություն կա բյուջեն վերանայել այլ հոդվածներով եւս:

Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20