Ալիևը հայտնվել է թակարդում

- in Վերլուծական
Ilham Aliev

Ադրբեջանում հրապարակվել է սոցհարցում, որի տվյալով, ադրբեջանցիների 50 տոկոսից ավելին 2016 թվականին հնարավոր է համարում պատերազմի վերսկսումը Արցախի հակամարտության գործընթացում: Պատերազմը իրատեսական չի համարել 23 տոկոսը, իսկ 21 տոկոսը դժվարացել է պատասխանել:

Հարցումը պարունակում է մեկ այլ հետաքրքրական տվյալ: Ադրբեջանցիների ավելի քան 70 տոկոսը համարում է, որ Ադրբեջանը պետք է ինտեգրվի ՆԱՏՕ ու ԵՄ, եւ միայն 16 տոկոսի կարծիքով է, որ պետք է ինտեգրվել ԵՏՄ:

Միամիտ կլինի պատկերացնել, որ Բաքվում կարող էր հրապարակվել սոցհարցում, որը չի ստացել Ադրբեջանի իշխանության հավանությունը: Ավելին, գուցե դժվար է պատկերացնել, որ կարող էր լինել սոցհարցում, որտեղ պաշտոնական Բաքուն նախապես չի պատվիրել անհրաժեշտ պատկերը՝ մեկ-երկու տոկոսի լողի տեղով:

Ի՞նչ նպատակ է հետապնդում Ալիեւը՝ փորձում է գնալ Արեւմուտքի հետ հարաբերության կարգավորմա՞ն, հատկապես մարտի 31-ից ապրիլի 1-ը Վաշինգտոնում Միջուկային Վեհաժողովի մասնակցելու հրավեր ստանալուց հետո, թե՞ փորձում է Ռուսաստանին ակնարկել, որ եթե Մոսկվան փորձի որեւէ կերպ հիշել Հայաստանի հանդեպ դաշնակցային պարտավորությունների մասին, ինչպես նաեւ աջակցել Արցախի հակամարտության գոտում հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմի ներդրման ամերիկյան առաջարկին, ապա Բաքուն կարող է մեկընդմիշտ մոռանալ Եվրասիական թեման եւ Ռուսաստանից ավելի արագ շտապել Արեւմուտքի հետ գործակցության:

Ադրբեջանի նախագահ Ալիեւը հայտնվել է բավական բարդ դրության մեջ՝ ռուս-թուրքական գժտության հետեւանքով: Միաժամանակ, ոչ այնքան նպաստավոր տեղեկություններ են ստացվում Միացյալ Նահանգներից, որտեղ Կոնգրեսն ու Սպիտակ տունը կարծես թե որոշում են գործակցված աշխատել Արցախի հակամարտության կարգավորման հարցում: Իսկ այստեղ Կոնգրեսի ներգրավումը Բաքվին իհարկե կանհանգստացնի: Վերջին հաշվով, չպետք է մոռանալ, որ առավելապես Կոնգրեսի ջանքով է, որ Արցախը հետեւողականորեն ստացել է ամերիկյան ֆինանսական աջակցություն:

Եթե ռուս-թուրքական դաշնակցության պարագայում Ալիեւն իրեն կարողանում էր թույլ տալ Արեւմուտքի հետ հարաբերության սրացում՝ ապավինելով ռուս-թուրքական դաշինքի աջակցությանը, ապա ռուս-թուրքական գժտությունը խափանում է այդ տարբերակը: Չի բացառվում, որ Ալիեւը փորձում է շոշափել Արեւմուտքի հետ հարաբերության կարգավորման հեռանկարը: Ավելի շուտ, Բաքուն իհարկե փորձում է մի հարցումով սպասարկել մի քանի ուղղություն, մեսիջներ հղելով թե Արեւմուտք, թե Ռուսաստան, թե Թուրքիա, թե նաեւ Իրան, Թեհրանին ցույց տալով, որ ադրբեջանական հասարակությունը պատրաստ է դառնալ ՆԱՏՕ-ի պլացդարմ:

Այլ հարց է, թե արդյոք ՆԱՏՕ-ին դա պետք է: ՆԱՏՕ-ն հաստատվում է Վրաստանում: Ադրբեջանն այդ տեսանկյունից ՆԱՏՕ համար կարող էր հետաքրքրություն ներկայացնել այն դեպքում, երբ դաշինքը որեւէ խնդիր ունենար Իրանի հետ, կամ Ադրբեջանին սպառնար եվրասիականացման հեռանկարը:

Արեւմուտքը գնում է Իրանի հետ հարաբերության կարգավորման, եւ հազիվ թե դաշինքը Ադրբեջանի հետ հարաբերության սերտացման որեւէ քայլով գնա Իրանի մոտ դժգոհություն առաջացնելու: Դա որեւէ մեկին պետք չէ:

Իսկ Ադրբեջանի Եվրասիական ճանապարհը կամ խաղի հնարավորությունը փակվում է ռուս-թուրքական գժտությամբ, գոնե առայժմ: Հետեւաբար քիչ հավանական է, որ եվրատլանտյան բեւեռում որեւէ մեկին կհետաքրքրի Ադրբեջանի սոցհայտը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...