Արմեն Մուրադյանը խորհրդակցություն է անցկացրել մարզերի առողջապահության պատասխանատուների հետ

- in Առողջություն

Մարզերի առողջապահության պատասխանատուների մասնակցությամբ հրավիրված հերթական խորհրդակցության առանցքում գրիպի և սուր շնչառական վարակների վերաբերյալ իրավիճակի գնահատումն է եղել:

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, խորհրդակցության ընթացքում ներկայացվել են գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված դեպքերը, դիմելիությունը, անդրադարձ է կատարվել նաև ծանր հիվանդների վարման և բուժման գործընթացին: Բարդ դեպքերի վերլուծության և բուժման ընթացքը քննարկելու նպատակով ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը խորհրդակցությանը ներկա առաջատար ռեանիմատոլոգներին հանձնարարել է մշտապես պահպանել կապը մարզային գործընկերների հետ:

ՀՀ ԱՆ գլխավոր համաճարակաբան Վլադիմիր Դավիդյանը, ներկայացնելով իրավիճակի վերլուծությունը, նշել է, որ հանրապետությունում համաճարակ չկա, առկա է սեզոնային գործոնով պայմանավորված գրիպի և սուր շնչառական վարակների ակտիվություն, ինչը համահունչ է եվրոպական տարածաշրջանում տիրող իրավիճակին: Եվս մեկ անգամ շեշտադրվել է հանրության շրջանում զգոնության բարձրացմանն ուղղված աշխատանքների կարևորությունը:

Ամփոփելով աշխատանքային խորհրդակցությունը` նախարարը մարզերի առողջապահության պատասխանատուներին հանձնարարվել է շարունակել մշտադիտարկումները, իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությունն ըստ պահանջվող ձևերի ներկայացնել համապատասխան կառույցներին` միաժամանակ ապահովելով վերահսկողություն:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20