Արմինե Սարգսյան. Բանաստեղծություններ

- in Մշակույթ
Կիրակնօրյա ընթերցումներ. Ժամանակակից պոեզիա` «Ստեղնաշարից դուրս» ժողովածուից. andin.am
***

Երբ կտրում եմ լռությունը դանակով
Իմ հեթանոս երազներն են արթնանում…
Եվ մեղքերի և գրքերի արանքով
Կաթում է լույս` շուրջս, ներսս հուրհրում:

***

Քեզնից ինձ մնաց

իմ հապալասե գիշերը այն թաց

կամ մի քիչ ավել…

Կրակը, մեղքը,

լույսը, խավարը,

մի քանի բառ էլ…

Քեզ ինձնից մնաց

քնքշանքը քամու-

տերև հին աշնան…

Սպիտակադեղին լուսնի շոյանքը

և ծով աչերդ:

***

Այս  կարոտը օրհնանք է մեծ,

Կամ անեծք է այս կարոտը,

Այն գույն ունի աչերիդ պես,

Հրաբուխ է այս կարոտը:

Այս կարոտը մի կյանք արժե,

Մահ էլ արժե այս կարոտը,

Կրքի կիրք է բոցից ուժեղ,

Ջահ է բոսոր, թեժ որոտ է:

Այս կարոտը անունն է քո

Ու համն է քո արևահամ,

Թե խենթ դառնամ, իմացիր, որ

Կարոտից է միայն

միայն…

***

Ժամանակի մեջ,

տարածության մեջ,

շփոթահար հոգիների մեջ

կորցրեցի ինձ…

Բաժանվեցի ատոմների,

մասնիկների…

………………………………

Մեկ էլ հանկարծ

հրաբուխ ժայթքեց-

ու ես լույս դարձա:

***

Ծարավս չի անցնում,-

իմ առաջ ծով է…

Այնտեղ ջրերը աղի են,

իսկ ես քաղցրահամ եմ սիրում…

Մութը նման է ծարավիս-

ինձ ձեռքով է անում,

գահակալ թախիծը

թեպետ կանչում է,

սակայն տեսնում եմ

ակունքը լույսի,

որտեղ իմ հոգին ջրերում է միշտ:

Ես թևեր ունեմ լողալու համար…

Գնամ ու ասեմ.

-Ուժեղ եմ, թախի՛ծ,

ջութակ եմ հիմա

ու առանց պատյան…

***

Աշխարհին շրջվեմ ուրիշ մի ձայնով,

Գոռամ՝

Սիրում եմ,

Ճչամ ողջ ուժով.

-Ես Քեզ Սիրում եմ:

Հետո թաքնվեմ,

Կուչ գամ, կծկվեմ

Ու մի բուռ դառնամ,

Հևամ՝

Սիրում եմ…

***

Քաղաքը լվացվեց անձրևով…

Ես քայլում եմ

մայթերի վրա հաշվելով

մեռած տերևների դիերը…

Նրանք կպառկեն չորանալու,

որ խշշան ոտքերիս տակ նորից՝

քաղաքի առասպելը պատմեն…

Ես սիրում եմ անձրևը.

նրա սիմֆոնիան

մենակների համար այլ կերպ է հնչում…

Մայթին կանգնած աղջիկը

նման էր ինձ,

երբ ես տասնյոթ տարեկան էի…

Սպասում էր՝ ո՞ւմ… չգիտեմ…

…իսկ անձրևը չէր դադարում:

***

Վ. Վարդանյանի հիշատակին

Հեղեն է հորդում երկնից կատաղի-

Բաց հոգով կանցնեմ ջրվեժի տակով.

Միայն չիմանամ, որ չկա՛ս- Եղիր

Քո ծիածանով, քո ձայնով, մտքով:

Սուրբ գերեզմանդ թրջվեց հեղեղից,

Անձրևը հորդաց, ես՝ անձրևից շատ,

Թե հասկանայի ով եմ, որտեղից,

Որ հիշում եմ քեզ ես բոլորից զատ:

***

Տերևաթափը քո մեջ է, ո՛վ մարդ,

Երբ առավոտը գիշեր է թվում,

Երբ կյանքը պայծառ ու մի քիչ վհատ

Իր թաց լուցկով օրերն է վառում…

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20