Արտակ Շաբոյանը ստել է, հրաժարական կտա՞

- in Ով ով է ...

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանին ներկայացրեց, թե իբր Ամանորի նախօրյակին Հայաստանում մի շարք սպառման ապրանքների գներ նվազել են կամ չեն թանկացել:

Արտակ Շաբոյանը ՀՀ վարչապետի հարցին ի պատասխան, թե ինչո՞ւ հացի գները չեն նվազել այն դեպքում, երբ ալյուրի գներն, ըստ հանձնաժողովի, նվազել են 30 տոկոսով, պատասխանեց, թե հացի գներն էլ նվազել են 10 տոկոսով:

ՀՀ կառավարության նիստից հետո Արտակ Շաբոյանից հետաքրքրվեցինք՝ որտե՞ղ է տեսել, որ հացի գները նվազել են. «Որպեսզի իմ ներկայացրած տեղեկատվությունը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք չտա, ինտերնետային կայքում տեղադրված է ողջ տեղեկատվությունը, որտեղից հստակ երևում է, թե որ խանութներում և որ ապրանքատեսակների գծով ենք իրականացրել դիտանցումներ: Ըստ օրերի ներկայացված է ողջ տեղեկատվությունը»:

Ազգային վիճակագրական ծառայության տնօրեն Ստեփան Մնացականյանն էլ` հարցին, թե ճի՞շտ է ասում Արտակ Շաբոյանը, որ հացի գինը նվազե՞լ է, պատասխանեց, որ չի կարող ասել, քանի որ ինքը հաց չի գնում: Նա հայտնեց, որ ԱՎԾ-ն այսօր վիճակագրություն է հրապարակելու, հորդորեց մի քիչ սպասել ու ծանոթանալ պաշտոնական վիճակագրությանը:

Եվ ահա, քիչ առաջ ԱՎԾ-ն հրապարակեց 2015 թվականի ամբողջ գնաճի պատկերը: Դրանից պարզ է դառնում, որ ոչ միայն հացի, այլև մյուս ապրանքատեսակների գները ոչ միայն չեն նվազել, այլ` միայն թանկացել են: Հանձնաժողովի նախագահը ասել էր, թե Ամանորի նախօրյակին չեն թանկացել նաև ձվի, հավի մսի, շաքարավազի, ձեթի, կաթնամթերքի գները:

Ըստ ԱՎԾ տեղեկատվության՝ 2015 թվականին, 2014 թ.-ի համեմատ, Հայաստանում պարենի գներն աճել են 3.1 տոկոսով, այն դեպքում, երբ Պարենի համաշխարհային կազմակերպությունը վերջին տարիներին աշխարհում պարենամթերքի գնանկում է արձանագրել միայն:

Այս տարվա դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, հանրապետությունում գրանցվել է հացամթերքի 0.1 տոկոս գնաճ: Իսկ 2015 թ. սեպտեմբերին, 2014 թվականի սեպտեմբերի համեմատ, հացամթերքի գները Հայաստանում աճել են 5.3 տոկոսով: Կաթնամթերքի գները նախորդ տարվա դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, աճել են 0.1 տոկոսով, նույնքանով էլ ձեթի գներն են աճել, իսկ շաքարավազի գնաճը կազմել է 0.3 տոկոս: Ձվի գինը դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, աճել է 2.7 տոկոսով, թռչնամսինը՝ 0.3:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20