ԴԱՀԿ-ը ՀՀ բնակչության կեսի չափով բռնագանձում է կատարել

- in Ով ով է ...
Mihran Poghosyan

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն անցյալ տարի հարուցել է 893 հազար 222 կատարողական վարույթ, ինչը կրկնակի անգամ շատ է նախորդ տարվանից, ու մոտ 25 մլրդ դրամի բռնագանձում կատարել:

Միևնույն ժամանակ ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանն այսօր հրավիրած ասուլիսում կոչ արեց ԴԱՀԿ-ն չդիտարկել որպես ֆաշիստական կառույց:

Մեր դիտարկմանը, թե եթե նայենք Հայաստանի փաստացի թվաքանակին, կնշանակի բռնագանձել են Հայաստանի բնակչության կեսին, Միհրան Պողոսյանը չհամաձայնեց:

ԴԱՀԿ ծառայության պետը նաև չի գտնում, որ բռնագանձումների վարույթների ավելացմամբ խոչընդոտվում է քաղաքացիների տնտեսական գործունեությունը ու նպաստում արտագաղթին:

Ավելին՝ պարզվում է՝ բռնագանձումները ոչ թե ուղղվում են պետական բյուջե, այլ ծառայում են ԴԱՀԿ կարիքներին: Ըստ Միհրան Պողոսյանի՝ բռնագանձումների 50 տոկոսը բաշխվում է անձնակազմին՝ որպես խրախուսանք:

Տևական ժամանակ է՝ քաղաքացիներն ու տնտեսվարողները դժգոհում են, որ ԴԱՀԿ-ն առանց դատարանի որոշման կալանքներ է դնում գումարների վրա՝ խնդիրներ ստեղծելով նրանց համար ու խախտելով նրանց իրավունքները: Լրագրողների դիտարկմանը, թե չէ՞ որ ԴԱՀԿ անվանումը դատական ակտերի հարկադիր կատարումն է, ուստի ինչպե՞ս է առանց դատարանի որոշման նման գործունեություն ծավալում, Պողոսյանն ասաց, թե դա Վարչական իրավախախտումների մասին օրենքով են անում:

Չնայած Հայաստանի տնտեսական խնդիրներին՝ ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի սեփական կարողություններն այս տարիների ընթացքում աճել են հսկայական թվերով: Այդ հարցին ի պատասխան ԴԱՀԿ պետն ասաց, որ «չի գտնում, որ իր անձնական միջոցներն ավելանում են»:

Միհրան Պողոսյանն անպատասխան թողեց հարցը, թե եթե բյուջեով աշխատավարձ է ստանում, ինչպե՞ս է դոլարային միլիոնատեր դարձել: Որոշ ժամանակ առաջ Միհրան Պողոսյանը դատի էր տվել «Բյուրակն»-ի տիրոջը և ավելի քան 5 մլն ԱՄՆ դոլարի գումար էր ուզում նրանից՝ հիմնավորելով, որ դա իր տարածքների դիմաց վարձակալության գումարն է, բայց հետո մեծ մասը ներեց գործարարին: Այսօր պետական պաշտոնյայից հետաքրքրվեցինք, թե որտեղից իրեն այդքան գումարի տարածք և այդքան հարո՞ւստ է, որ պատրաստ էր զիջել այդ 5 մլն դոլարը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20