Դիլիջանում քաղաքապետի ընտրություններ են

- in Ընտրություններ
Yntrutyun

2016 թ. փետրվարի 14-ին Տավուշի մարզի Դիլիջան համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններ տեղի կունենան:

Դիլիջան համայնքը ներառում է Դիլիջան քաղաքը եւ Դիլիջանի տարածաշրջանի 6 գյուղեր. որոնք այժմ մեկ համայնք են կազմում: 2015 թ. մայիսի 17-ին Դիլիջան քաղաքում եւ այդ տարածաշրջանի Գոշ, Հաղարծին, Թեղուտ, Խաչարձան, Աղավնավանք, Հովք գյուղերում կայացան համայնքների խոշորացման վերաբերյալ տեղական հանրաքվեներ: Ընտրվելու է համայնքի ղեկավար եւ 15 հոգուց բաղկացած ավագանի: Թեկնածուների առաջադրումը սկսվել է հունվարի 20-ից:

Դիլիջանից մեր հավաստի աղբյուրները հայտնում են, որ քաղաքապետի առաջիկա ընտրություններին «սեփական» թեկնածուով հանդես կգա գործարար, Դիլիջանում միջազգային դպրոցի հիմնադիր Ռուբեն Վարդանյանը, ով կաջակցի Դիլիջանում ծնված, սակայն ներկայումս Երևանում բնակվող 29-ամյա մի երիտասարդ` Աշոտ Ուլիխանյանին:

Հունվարի 24-ին համայնքի ղեկավարի ինքնաառաջադրմամբ թեկնածու է առաջադրվել Դիլիջանի քաղաքապետի խորհրդական, ՀՀԿ անդամ, 1958 թ. ծնված Պապիկ Թամամյանը:

Դիլիջանի քաղաքապետ են ուզում դառնալ նաև ՀՀԿ Դիլիջանի շրջանային կազմակերպության ղեկավար, ՀՀԿ Տավուշի տարածքային խորհրդի կողմից  համայնքի ղեկավարի  թեկնածու առաջադրված, 2005 թվականից Դիլիջանի  քաղաքապետ, 1968 թ.  ծնված Արմեն Սանթրոսյանն ու անկուսակցական, Դիլիջան համայնքի ղեկավարի թեկնածու ինքնաառաջադրված. նախկին քաղաքապետ, 1946 թ. ծնված Ժորա  Սահաբալյանը:

Դիլիջան համայնքի ավագանու 15 տեղի համար ներկայումս առաջադրվել է 34  թեկնածու, որից 19-ն անկուսակցական է, 12-ը՝ ՀՀԿ անդամ, մեկական հոգի՝ ԲՀԿ,  ՕԵԿ, ՀՅԴ անդամ: Համայնքի ղեկավարի եւ  ավագանու թեկնածուների առաջադրումն   հունվարի 24-ի ժամը 18-ին ավարտվել է:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20