Թուրքիայի վարչապետի նախկին խորհրդականը՝ ղարաբաղյան կարգավորման շուրջ է խոսել

- in Հասարակություն
Turkey

Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ ստեղծվել է իրավիճակ, որի վրա փորձում են ազդեցություն ունենալ բազմաթիվ խաղացողներ, «Ամերիկայի Ձայն»–ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի վարչապետի նախկին խորհրդական Էթյեն Մահչուփյանը, ով հրաժարական էր տվել 2015-ի ապրիլին, այն բանից հետո, երբ հայտարարել էր, որ 1915 թվականի հայերի կոտորածը ցեղասպանություն էր:

«Յուրաքանչյուրը ազդում է մյուսի վրա, եւ յուրաքանչյուրը նոր գործընկերներ է փնտրում, սակայն, յուրաքանչյուր նոր գործընկեր կարող է ձեռք բերվել այլ գործընկերների կորստի գնով», – ասում է Մահչուփյանը:

Մահչուփյանի խոսքով, տարածաշրջանում վերջին զարգացումներից հետո առնվազն մեկ-երկու տարի կպահանջվի իրավիճակը բալանսավորելու համար:

«Կարծում եմ, այս իրավիճակում կարեւոր է պատրաստ լինել միաժամանակ բազմակողմանի իրադարձությունների, եւ Հայաստանն անշուշտ դրան պատրաստ է», – ավելացրել է նա:

Էթյեն Մահչուփյանի խոսքով, մոտ ժամանակներում Ղարաբաղյան խնդրի շուրջ ստեղծված իրավիճակի վրա լուրջ ազդեցություն կարող են ունենալ Սիրիայում եւ Իրաքում իրավիճակի սրումը կամ Ադրբեջանում իշխանափոխությունը: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա Մահչուփյանի խոսքով, Անկարան այսօր փորձում է զերծ մնալ ցանկացած նոր ռազմական բախումներից:

Ավելի վաղ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի՝ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին զերծ մնալ քայլերից, որոնք կարող են բարդացնել Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղ բանակցությունները։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20