Իրանն անցնում է գրոհի. Վատ լուրեր Ռուսաստանի համար

- in Հրապարակ

Հունական խոշորագույն Hellenic Petroleum նավթային ընկերությունը երկարաժամկետ պայմանագիր է կնքել Իրանի Ազգային նավթային կոմիտեի հետ: Սա պատժամիջոցների վերացումից հետո Իրանի առաջին պայմանագիրն է եվրոպական երկրի հետ:

Իրան է ժամանել Չինաստանի նախագահ Սի Ծինպինը: Թեհրանում կնքվել են մի քանի տասնյակ խոշոր համաձայնագրեր տարբեր ոլորտներում, այդ թվում էներգետիկայի: Իրանի նախագահ Ռոհանին նշել է, որ Իրանի ու Չինաստանի առեւտրաշրջանառությունը նախատեսվում է հասցնել 600 միլիարդ դոլարի:

Այսպիսով, Իրանը «սկսում» է: Հատկանշական է, որ Ռուսաստանը պատժամիջոցներից հետո մեծ հույսեր էր կապում հենց Հունաստանի եւ Չինաստանի հետ: Առաջինի հետ կապվում էր Եվրամիությունը «պառակտելու» հույսը, Չինաստանի հետ՝ դաշինքը, որն Արեւմուտքին կստիպեր հաշվի նստել Մոսկվայի հետ, ինչի մասին խոսում էր ռուսական քարոզչությունը: Երկու «նախագիծն» էլ արագ տապալվեցին, Մոսկվայի համար հատկապես ցավոտ էր Չինաստանի հետ կապված հույսերի տապալումը:

Ի տարբերություն Ռուսաստանի, որի հետ հարաբերությունը մնաց-քարոզչական-հռչակագրային մակարդակում, Իրանի հետ Չինաստանը կնքել է գործնական համաձայնագրեր, որոնք ունեն ոչ միայն տնտեսական, այլեւ աշխարհքաղաքական ահռելի նշանակություն: Իր հերթին, թե արեւելյան, թե արեւմտյան ուղղությամբ տնտեսական համագործակցությունը զգալի բարձրացնում է Իրանի դերը եւ արժեքը տարածաշրջանում:

Ավելորդ է ասել, որ այս զարգացումները ձեռնտու են Հայաստանին, առաջին հերթին քաղաքական եւ անվտանգության տեսակետից. մեր հարավային բարեկամական երկիրը հզորանում է, ինչը կարող է փոխել տարածաշրջանի ռուս-թուրքական հարյուրամյա «ստատուս-քվոն», որը կառուցվել է այդ թվում հայկական շահերի հաշվին:

Մինչ այդ, Հայաստանի իշխանությունը դեռ հայտարարում է, թե Իրանի հետ չեն բանակցում: Ո՞վ թույլ չի տալիս:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20