ԼՂՀ ԱԺ խմբակցությունները հորդորել են ԵԽԽՎ-ին զերծ մնալ տարածաշրջանի խաղաղությունը վտանգող փաստաթղթերի ընդունումից

- in Պաշտոնական

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի «Հայրենիք», «Դաշնակցություն», «Ժողովրդավարություն», «Շարժում-88» և «Վերածնունդ» խմբակցություններ համատեղ հայտարարություն են տարածել ԵԽԽՎ-ում հակահայկական զեկույցների վերաբերյալ:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից: Ստորև ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ:

«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի օրակարգում Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» ու Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» զեկույցների հիման վրա պատրաստված երկու բանաձեւերի նախագծերի ընդգրկումը լուրջ անհանգստություն է առաջացրել Արցախի հանրային շրջանակներում եւ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի մոտ:

Ղարաբաղյան կողմը միշտ էլ պատրաստակամ է եղել միջազգային կառույցների հետ համագործակցության հարցերում, սակայն մենք անընդունելի ենք համարում միակողմանի եւ կանխակալ զեկույցներն ու դրանցում տեղ գտած ձեւակերպումները: Ակնհայտ է, որ նշված զեկույցները եւ նախագծերը՝ ԵԽԽՎ նորմերի եւ սկզբունքների խախտմամբ, կազմվել են միայն մեկ՝ ադրբեջանական կողմի տեսակետների հիման վրա՝ հաշվի չառնելով հայկական կողմերի առաջարկությունները եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ միջազգային միջնորդ կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դիրքորոշումը:

Ադրբեջանա-ղարաբաղյան զորքերի շփման գծում լարվածության աճի ֆոնին Ադրբեջանի ռազմատենչ կեցվածքը սատարող բանաձեւերի ընդունումը Բաքվի իշխանություններին ոչ միայն հնարավորություն կտա շարունակել լարվածության նվազեցման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների անտեսումը, այլեւ կարող է ընկալվել որպես հակամարտությունը ուժային մեթոդներով լուծելու քարտ-բլանշ։

Ցանկացած կողմնակալ, միջազգային միջնորդների հետ չհամաձայնեցված գործողություն կարող է խախտել այն փխրուն հավասարակշռությունը, որը ներկայիս լարված իրավիճակը բաժանում է լայնամասշտաբ պատերազմից։

Նկատի առնելով վերոնշյալը եւ ընդունելով Եվրոպայի խորհուրդը՝ որպես մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության, իրավական պետության եւ օրենքի գերակայության սկզբունքների տարածման առաջատար կառույց` մենք՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր պատգամավորական խմբակցությունների ներկայացուցիչներս կոչ ենք անում Խորհրդարանական վեհաժողովի մեր հարգարժան գործընկերներին հավատարիմ լինել Եվրոպայի խորհրդի նպատակներին ու առաքելությանը եւ զերծ մնալ տարածաշրջանի կայունությունն ու խաղաղությունը վտանգող փաստաթղթերի ընդունումից»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20