Խոզի գրիպից մահերի թիվը հասել է 11-ի

- in Առողջություն

Հայաստանում H1N1 վիրուսից (խոզի գրիպ) մահացել է արդեն 10 մարդ: Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանի տեղեկացմամբ՝ այսօր արձանագրվել է մահվան 2 դեպք։

«50-ամյա և 41-ամյա տղամարդիկ բուժօգնության են դիմել հիվանդությունն ի հայտ գալուց մեկ շաբաթ անց` ծանր վիճակում։ Մասնագետների տասնօրյա ջանքերն արդյունք չեն տվել»,- տեղեկացնում է նա։

Առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է բուժօգնության դիմել ժամանակին:

Հիշեցնենք, որ երեկ Առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ «սուր շնչառական վարակներով պայմանավորված` իրավիճակը ոչ միայն կայունանում է, այլև արձանագրվում է դեպքերի նվազում»:

Այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել է 57-ամյա Աստղիկ Մանվելյանը, ով  վարակված է եղել H1N1 վիրուսով, որը հայտնի է խոզի գրիպ անունով: Նշենք, որ խոզի գրիպից սա 11-րդ մահվան դեպքն է:

Արցախի բժշկական հաստատություններում հունվարի 13-ի դրությամբ վերին շնչուղիների սուր վարակներով ստացիոնար բուժում է ստանում 70 քաղաքացի, որից 2-ը հիվանդ է գրիպի H1N1 տեսակով, և նրանց վիճակը բավարար է գնահատվում: Այս մասին տեղեկացրել են ԼՂՀ առողջապահության նախարարությունից՝ նշելով, որ 70 հիվանդից 33-ը երեխա է: Հետազոտման համար 42 փորձանմուշ է ուղարկվել ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի վիրուսաբանական լաբորատորիա, որից 41 հիվանդի մոտ հաստատվել է թոքաբորբ, նրանցից 10-ը՝ երեխա են:

Նշվածներից 7-ի մոտ հաստատվել է սեզոնային գրիպի Ա տիպի H1N1 ենթատեսակի առկայությունը: Նրանցից 5-ը արդեն դուրս է գրվել հիվանդանոցներից և գտնվում է բժիշկների վերահսկողության տակ, իսկ 2-ի վիճակը գնահատվում է կայուն: Այս պահի դրությամբ ծանր և վերակենդանացման բաժանմունքներում հիվանդներ չկան:

Հաշվի առնելով գրիպի և սուր շնչառական վարակների փոխանցման օդակաթիլային մեխանիզմը՝ ԼՂՀ ԱՆ-ն հիշեցնում է, որ բուժհիմնարկներն ապահովված են անհրաժեշտ քանակի դեղամիջոցներով, ախտահանիչ նյութերով և լուծույթներով: ԼՂՀ ԱՆ-ն կոչ է անում խուճապի չմատնվել, քանի որ համաճարակաբանական իրավիճակը լարված չէ, իսկ սուր շնչառական վարակներից և դրանց հնարավոր բարդություններից խուսափելու նպատակով՝ գրիպանման երևույթների արձանագրման դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության և ոչ մի դեպքում ինքնաբուժությամբ չզբաղվել:

ՀՀ առողջապահության նախարարության մասնագիտական խումբը հունվարի 12-ին իրականացրել է դեղերի մանրածախ գների մշտադիտարկում: Վերլուծության արդյունքում պարզվել է, որ դեկտեմբերի համեմատությամբ 50 անվանում դեղ ներառող ցանկի դեղերի մանրածախ գները 2016 թվականի հունվարին մնացել են անփոփոխ: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20