Կալանավորվածների թվում ազատամարտիկ Զիմն է, նա հացադուլ է հայտարարել. hraparak.am

- in Կեղտոտ լվացք

Հանցավոր խմբի վնասազերծման շրջանակներում մոտ մեկ ամիս է, կալանավորված է ազատամարտիկ Հարություն Կնյազի Սարիբեկյանը` Զիմ մականունով: Նա պահվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:

«Հրապարակ»ի տեղեկություններով, նրան մեղադրում են Արթուր Վարդանյանի խմբին զենք վաճառելու համար: Ասում են, թե, իբր, Զիմը «մուխա» տեսակի զենք է տվել «ահաբեկիչներին»: Ինքը` Զիմը, չի ընդունում մեղադրանքը և ի նշան բողոքի արդեն 28 օր է, հացադուլի մեջ է: Նրան պահում են պատժախցում: Ազատամարտիկի առողջական վիճակը վատ է: Նրան անհապաղ անհրաժեշտ է սրտի վիրահատություն, սակայն Հարություն Սարիբեկյանը հրաժարվում է բուժօգնությունից, պահանջելով իրեն ազատ արձակել, քանի որ ինքը ոչ մի կապ չունի Արթուր Վարդանյանի և նրա խմբի հետ և չի կատարել իրեն մեղսագրվող արարքը:

Այս մասին մեզ հայտնեցին Սարիբեկյանի մտերիմները: Զիմը «ամենահին» ազատամարտիկներից է, և ղարաբաղյան պատերազմի տարիներին մարտնչել է բոլոր ճակատներում, տասնյակ անգամ վիրավորվել է: Հարություն Սարիբեկյանին առաջարկել են օգտվել հանրային պաշտպանի ծառայություններից, սակայն նա հրաժարվել է: Նրա շահերը համապատասխան ձևակեպրումներից հետո կպաշտպանի փաստաբան Արա Զաքարյանը: Վերջինս «Հրապարակ»-ի հետ զրույցում հաստատեց հացադուլի մասին տեղեկությունը: «Ոչ միայն հացադուլի, այլև ջրադուլի մեջ է, – ասաց նա, – մեղադրանքը նույնն է` այն շաբլոն մեղադրանքը, որը առաջադրված է բոլորին, և Սարիբեկյանը այն չի ընդունում»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20