Կամ էշը կմեռնի, կամ թագավորը, կամ բոլորը

- in Վերլուծական
Putin

Մոսկվայում Գայդարյան տնտեսական ֆորումի ժամանակ ՌԴ էկոնոմիկայի նախարար Ուլյուկաեւին հարցրել են, թե ինչպիսին է լինելու տնտեսության երկարաժամկետ հեռանկարով համարժեք պլանավորումը:

«Երկարաժամկետ հեռանկարում մենք բոլորս կմեռնենք», հայտնի տնտեսագետ Քեյնսի բառերով պատասխանել է նախարարը եւ ավելացրել. «Մեկ այլ հայտնի տնտեսագետ՝ Խոջա Նասրեդդինը, ասել է՝ 30 տարի հետո կամ թագավորը կմեռնի, կամ էշը, կամ ես»:

Նախարարին նաեւ հարցրել են, թե ինչպիսին է տեսնում Ռուսաստանը 2030 թվականին: Նա ի պատասխան հիշել է խորհրդային անեկդոտը. «Մենք բոլորս աշխատում ենք հանուն մարդու, եւ դուք բոլորդ գիտեք այդ մարդու անունը»: Նախարարը բոլորին մաղթել է ապրել այնպիսի երկրում, որտեղ կարեւոր չէ որքան արժեն նավթն ու դոլարը:

Ուլյուկաեւը ռուսական իշխանության հազվագյուտ ինտելեկտուալ ներկայացուցիչներից է եւ աչքի է ընկնում մյուսների գորշ, հոգնած կերպարների ֆոնին: Նա երբեմն բանաստեղծություններ է գրում, պատկերավոր արտահայտություններով փորձում աշխուժացնել ռուսական գորշ իրականությունը: Նրան անվանում են «ջրասուզակ», տնտեսության «հատակը» մշտապես որոնելու համար:

Նա որոնում-որոնում՝ այդպես էլ չի գտնում: Ընդ որում, դա անում է նուրբ հումորով, քանի որ նրան առաջադրանք են տվել գտնել այդ «հատակը», որից հետո ենթադրվում է, թե պետք է լինի տնտեսական աճ: Սակայն այն չկա ու չկա, եւ Ռուսաստանն ավելի խորն է ընկղմվում:

Նավթը շարունակում է անկումը, թեեւ ռուսական քարոզչությունը հակառակն էր պնդում: Ընդ որում, սա երկարաժամկետ գործընթաց է, եւ 30 դոլարի «հոգեբանական շեմը» հաղթահարելուց հետո, ըստ վերլուծաբանների, այդ անկումը կարող է շարունակվել մինչեւ 15-20 դոլար միջակայք: Ռուսաստանում սպասվում է հիպերինֆլյացիա եւ գործազրկության աճ: Երկրում արդեն բողոքի ցույցեր են սկսվել: Հեռանում է ամենաթանկ կապիտալը՝ երիտասարդ որակյալ կադրերն ու մասնագետները՝ մոտ մեկ միլիոն մարդ 2015 թ. ընթացքում:

Ռուսական տնտեսա-քաղաքական շրջանակները ներկայում ակտիվ քննարկում են, թե հնարավո՞ր է արդյոք կրկնվի 1998 թվականը: Այն ժամանակ նավթի գինը ընկավ մինչեւ 9 դոլար, փլուզվեց Ռուսաստանի տնտեսությունը: Երկրում տեղի ունեցավ «իշխանափոխություն»:

Սակայն, դա թերեւս կլիներ ներկայիս Ռուսաստանի համար ամենալավ սցենարը: Այն ժամանակ գործընթացներն այդպիսով արագացվեցին, եւ չնայած դա տեղի ունեցավ բնակչության ունեզրկման եւ «գցման» հաշվին, այնուամենայնիվ երկիրը հնարավորություն ստացավ սկսել զրոյից եւ արագորեն շտկեց իրավիճակը: Նախեւառաջ՝ արեւմտյան կապիտալի ահռելի ներարկումների շնորհիվ: Այն ժամանակ Արեւմուտքը փրկեց Ռուսաստանը:

Սակայն, ներկայում այս սցենարը բավական խնդրահարույց է: Բանն այն է, որ ներկայում Ռուսաստանը պատժամիջոցների տակ է, եւ Արեւմուտքը փող չի տա: Բացի այդ, Պուտինը եւ նրա թիմը չեն ցանկանա հեռանալ, քանի որ այս տարիներին դարձել են ահռելի կարողության տեր ու կանգնած են այն կորցնելու վտանգի առաջ: 1990-ականների վերջին լիբերալները հեռացան, Պուտինին բերելով իշխանության: Պուտինը դժվար թե նման կերպ վարվի:

Այդ պատճառով, Ռուսաստանում հնարավոր է այլ սցենար՝ դանդաղ «մահը», ինչի մասին ակնարկել է Էկոնոմիկայի նախարարը՝ կամ էշը կմեռնի, կամ թագավորը, կամ բոլորը: Այդպես է այն երկրներում, որտեղ պետությունը, տնտեսությունը եւ քաղաքականությունը ենթարկված են մեկ մարդու հավակնություններին, «ում անունը բոլորը գիտեն»:

Հիմա Ռուսաստանում երեւում է սպասում են, թե ով առաջինը «կմեռնի», ուշադիր հետեւելով նավթի գնանկմանն ու ռուբլու ռեկորդներին:

Հայաստանում նույնպես սպասում են եւ փորձում հասկանալ, թե ինչ է լինելու:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...