Կառավարությունը շարունակելու է համայնքների խոշորացման ծրագիրը

- in Պաշտոնական

ՀՀ կառավարությունը 2016 թվականին նախատեսում է շարունակել համայնքների խոշորացման պիլոտային ծրագիրը` այն ընդգրկելով գործադիրի ընթացիկ տարվա գերակա ծրագրերի թվում: Կառավարության 2016 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատվել է գործադիրի հունվարի 14-ի նիստում:

Հիմնավորման համաձայն` յուրաքանչյուր ծրագրի իրականացման ընթացքում անհրաժեշտություն է առաջանալու մշակել խոշորացման գործընթացի կիրարկումն ապահովող անհրաժեշտ իրավական ակտեր, մասնավորապես, «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող իրավական ակտեր:

2015 թվականին մեկնարկեց համայնքների խոշորացման գործնական փուլը՝ մայիսի 17-ին ՀՀ Լոռու մարզի Թումանյան, ՀՀ Սյունիքի մարզի Տաթև, ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքային փնջերում անցկացվեցին տեղական հանրաքվեներ, որոնց արդյունքները թույլ տվեցին ենթադրել, որ անհրաժեշտ է ապահովել համայնքների խոշորացման գործընթացի շարունակականությունը, մասնավորապես, մշակել կիրարկումն ապահովող իրավական ակտերի նախագծեր:

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կողմից մշակվել և ՀՀ կառավարության աշխատակազմ է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծային փաթեթը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20