Հայաստանում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը կարգելվի օրենքով

Հայաստանում օրենքով կարգելվի հղիության՝ սեռով պայմանավորված արհեստական  ընդհատումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ կառավարությունն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է արգելել սեռով պայմանավորված հղիության ընդհատումը:

Որպես հիմնավորում նշվում է այն հանգամանքը, որ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տվյալներով ծնունդների բնականոն  սեռային հարաբերակցություն է համարվում 102-106 տղա յուրաքանչյուր 100 աղջիկ նորածինների հաշվով: Մինչդեռ «Նորածինների սեռերի անհամամասնությունը Հայաստանում. ժողովրդագրական տվյալներ եւ վերլուծություն» հետազոտության տվյալների համաձայն` Հայաստանում այս հարաբերակցությունը էականորեն խախտված է, ինչը ի հայտ է եկել դեռեւս 1990-ական թվականներին: Նման անհամամասնության ձեւավորումը պայմանավորված է ինչպես հայ հասարակության մեջ տղա ե֍ եխային նախապատվություն տալու, ընտանիքում եւ հասարակությունում տղայի դերի եւ նշանակության մասին ձեւավորված պատկերացումների հետ, այնպես էլ բժշկական տեխնոլոգիաների զարգացման արդյունքում ապագա երեխայի սեռը պարզելու հնարավորության ստեղծմամբ: Ծնունդների բնականոն համարվող սեռային հարաբերակցության շեղումները ներկայում ՀՀ-ում վտանգավոր սահմանագծի են հասել եւ դարձել լուրջ ժողովրդագրական սպառնալիք: 2011 թվականի դրությամբ այն կազմել է 114 տղա նորածին՝ յուրաքանչյուր 100 աղջիկ նորածինների հաշվով։ Այս ցուցանիշով Հայաստանը հայտնվել է սեռով պայ մանավորված հղիության ընդհատման վատագույն ցուցանիշներ ունեցող երկրների շարքում (Չինաստան, Հնդկաստան, Ադրբեջան, Ալբանիա): Ավելին, երրորդ եւ հաջորդ երեխաների դեպքում այդ ցուցանիշը շատ ավելի բարձր է (2008-2012թթ. միջին ցուցանիշը կազմել է` 164 տղա 100 աղջկա դիմաց): Խնդիրը հատկապես արտահայտված է մարզերում (Գեղարքունիք, Արագածոտն, Արմավիր): Ծնունդների նման սեռային հարաբերակցության հետագա շարունակման դեպքում կանխատեսվում է գենդերային խզում, որի արդյունքում  մինչեւ 2060 թվականը չեն ծնվի 92932 աղջիկներ, ինչն էլ իր հերթին կբերի ծնունդների թվի առավել կրճա տման,  եւ որպես հետեւանք բնակչության թվաքանակի նվազման:

Օրենսդրական փաթեթով առաջարկվում է օրենսդրորեն արգելել սեռով պայմանավորված հղիության ընդհատումները, սահմանել հղիության արհեստական ընդհատումների կրճատմանն ուղղված օրենսդրական  լրացուցիչ կարգավորումներ եւ մեխանիզմներ:

Ըստ ներկայացուցչական ազգային հետազոտության տվյալների, ՀՀ-ում 2010 թվականին գրանցված հղիությունների 29% ավարտվել են  հղիության արհեստական ընդհատումներով, որոնցից մոտ 4,2% եղել են պայմանավորված երեխայի սեռով: Ներկայացված նախագծով նախատեսվում է սեռով պայմանավորված հղիության ընդհատումների արգելքը օրենքով ամրագրելու, ինչպես նաեւ  այլ օրենսդրական լրացուցիչ կարգավորումների եւ մեխանիզմների սահմանմամբ եւ դրանց կիրառմամբ կանխարգելել հղիության չհիմնավորված արհեստական ընդհատումները, ինչի արդյունքում նախատեսվում է բարելավել ոլորտոuմ գրանցված ցուցանիշները:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20